Վրաստանի ընդդիմադիր Դավիթ Կիրթաձեն ներկ է լցրել ԿԸՀ նախագահ Գիորգի Կալանդարիշվիլիի վրա

Վրաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքների ամփոփումը սկսվել է հանձնաժողովի ընդդիմադիր անդամների և երկրի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ղեկավար Գիորգի Կալանդարիշվիլիի և նրա տեղակալների միջև ծեծկռտուքով։ Այս մասին հայտնում է Sputnik գործակալության վրացական հարթակը։

«Ընդդիմության առաջին խոսնակ, «Միացյալ ազգային շարժման» ներկայացուցիչ Դավիթ Կիրթաձեն այն բանից հետո, երբ ԿԸՀ նախագահը թույլ չտվեց շարունակել ելույթը, ոտքի կանգնեց և բաժակից սև ներկ շպրտեց ԿԸՀ նախագահի դեմքին, որից հետո ծեծկռտուք սկսվեց», – հայտնում է գործակալությունը։

Վերջինիս հաղորդմամբ՝ միջադեպն այս պահին հարթվել է, սակայն հանդիպումն ընդհատվել է։Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը շաբաթ օրը ժամը 11:00-ին նիստ է նշանակել՝ հոկտեմբերի 26-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքների ամփոփման նպատակով։ Միևնույն ժամանակ, հանդիպմանը զուգահեռ, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի շենքի մոտ տեղի է ունենում ընդդիմության կողմնակիցների՝ ընտրակեղծիքների դեմ բողոքի ցույցը։ Նախնական տվյալներով՝ խորհրդարան է անցել հինգ քաղաքական ուժ։

«Վրացական երազանքը» հավաքել է ձայների 53,93 տոկոսը, մասնավորապես՝ խորհրդարանի 150 մանդատներից 89-ը, և դրանով պահպանել իշխանությունը։ «Փոփոխությունների կոալիցիան» («Ախալի», «Գիրչի՝ ավելի շատ ազատություն», «Դրոա») ստացել է 18 մանդատ, «Միասնություն՝ ազգային շարժում» («Միացյալ ազգային շարժում», «Ագմաշենեբելի ռազմավարություն», «Եվրոպական Վրաստան»)՝ 17 մանդատ, «Ուժեղ Վրաստան» («Լելոն Վրաստանի համար», «Ժողովրդի համար», «Ազատության հրապարակ», «Քաղաքացիներ») – 14, և «Վրաստանի համար»՝ 12 մանդատ։

Ընդդիմության ներկայացուցիչները հրաժարվում են ճանաչել «Վրացական երազանք»-ի հաղթանակը՝ հայտարարելով, որ տեղի է ունեցել տոտալ ընտրակեղծիք։

Տեսանյութեր

Լրահոս