Դիտավորությո՞ւն, թե՞ չիմացություն. Քրիստինե Գրիգորյանի «անմեղ» ձևակերպման ստորջրյա խութերը

ՀՀ Մարդու իրավունքների նորընտիր պաշտպան Քրիստինե Գրիգորյանը, ինչպես իր նախորդը, իր պաշտոնավարման առաջին այցը կատարեց Արցախ, տարբեր հանդիպումներ ունեցավ Արցախի Հանրապետությունում, եղան հաղորդագրություններ:

«Մարտի 4-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում առաջին աշխատանքային այցս ՀՀ սահմաններից դուրս կատարեցի դեպի Արցախ»,- այսպես էր սկսվում Արցախ այցի կապակցությամբ ՄԻՊ գրասենյակի տարածած հաղորդագրությունը:

Մինչ ձևակերպման խնդրահարույց բովանդակությանն անդրադառնալը հիշեցնենք, որ Քրիստինե Գրիգորյանը մինչ Պաշտպանի պաշտոնը ստանձնելը զբաղեցնում էր արդարադատության փոխնախարարի պաշտոնը, քաղաքական ու բարոյական պատասխանատվություն էր կրում իր քաղաքական թիմի ու դրա առաջնորդի կատարած բոլոր գործողությունների ու հայտարարությունների համար:

Եվ փաստացի այսօր «Արցախը Հայաստան է, և վերջ» գոռացող առաջնորդի քաղաքական թիմի անդամի համար Արցախը ՀՀ սահմաններից դուրս է:

Բայց բարոյական-հուզական դաշտից դուրս գալով՝ փորձենք անդրադառնալ այդ ձևակերպման իրավական-քաղաքական հետևանքներին:

Այս ձևակերպման մեջ խնդիր կա օմբուդսմանի իրավասության տեսանկյունից, որովհետև մշտապես ադրբեջանցիները բողոքներ են հղել Հայաստանի օմբուդսմանների կողմից Արցախի վերաբերյալ հայտարարություններ կատարելու առնչությամբ առ այն, որ վերջիններս իբր իրենց իրավասություններից դուրս են եկել ու զբաղվում են այլ երկրի իրավազորության տիրույթում գտնվող խնդիրներով:

Թե 2-րդ Պաշտպան Արմեն Հարությունյանը, և թե հատկապես 4-րդ Պաշտպան Արման Թաթոյանն իրենց հիմնավորումներում նշում էին, որ իրենց հետաքրքրության առարկան էթնիկ հայերի պաշտպանությունն է, բացի դրանից, Արցախը չճանաչված պետություն է, հետևաբար՝ իրենք չեն միջամտում այլ երկրի ներքին գործերին, ու այստեղ Ադրբեջանի տարածքային իրավազորության մասին խոսք անգամ լինել չի կարող: Նշվել է, որ Հայաստանը միակ երկիրն է, որ արցախցիներին ցամաքային կապի հնարավորություն է ընձեռել դեպի արտաքին աշխարհ:

5-րդ պաշտպան Քրիստինե Գրիգորյանի հայտարարությունը նշանակում է՝ օմբուդսմանն ընդունում է, որ Արցախն իր երկրի սահմանը չէ, և չի բացառվում, որ Ադրբեջանը նորընտիր ՄԻՊ-ի առաջ էլ դնի նույն այն պահանջները Արցախ չայցելելու, ինչ այլոց դեպքում, այն է՝ իրենից թույլտվություն հարցնելը:

Առաջին անգամ ըստ էության սահմանադրական հաստատությունը պետական մակարդակով, պաշտոնապես ընդունում է, որ Հայաստանից դուրս իր առաջին այցը եղել է Արցախ:

Սա կազուսային է այն համատեքստում, որ Հայաստանի կառավարությունը հայտարարում է, որ Արցախի կարգավիճակը որոշված չէ: Այդ դեպքում ո՞ւր է գնացել ՀՀ ՄԻՊ-ը՝ Ադրբեջա՞ն….

Մյուս կողմից՝ Մարդու իրավունքների պաշտպանի մանդատից դուրս է տարածքային թեմաներ շոշափելը, և տարածքային թեմաներ առաջ բերելը լուրջ խնդիրներ կարող է առաջացնել. Ադրբեջանը կարող է տարածքային իրավազորության հարց առաջ քաշել:

ՄԻՊ մանդատն իրականում լայն հնարավորություններ է տալիս, երբ շեշտը դնում ես ազգերի ինքնորոշման իրավունքի վրա: Երբ Պաշտպանը մտնում է տարածքային թեմաների մեջ, նրա դիրքերն ու հնարավորություններն են թուլանում ու սահմանափակվում, քանի որ դրանով ուժեղանում է քաղաքական կոմպոնենտը:

Բացի դրանից, Պաշտպանն ինչպե՞ս է որոշել՝ որտեղ են ավարտվում Հայաստանի սահմանները, եթե չկա սահմանագծում և սահմանազատում: Օրինակ, Աղավնոն, եթե, իհարկե, Քրիստինե Գրիգորյանը եղել է այնտեղ, որտե՞ղ է գտնվում՝ Հայաստանո՞ւմ, Արցախո՞ւմ, թե՞ Ադրբեջանում:

Ուզում ենք հավատալ, որ ՀՀ Մարդու իրավունքների գործող պաշտպանի կողմից «ՀՀ սահմաններից դուրս» այցի վերաբերյալ հիշյալ ձևակերպումը չիմացության կամ անփորձության արդյունք է, թեպետ կարելի է հարցնել, իմանալ: Սակայն չի բացառվում նաև, որ Նիկոլ Փաշինյանը հերթական Օվերտոնի պատուհանն է բացել, ու դա անում է արդեն իսկ իրենց թիմի սիրելի ու միայն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմ ձայներով ՄԻՊ դարձած Քրիստինե Գրիգորյանի միջոցով, ում սիրով, ի դեպ, արդեն հրավիրում է Կառավարության նիստերին:

Տեսանյութեր

Լրահոս