«Երկիրն այս իրավիճակից դուրս բերելու համար կա մեկ ճանապարհ». Իշխան Սաղաթելյան
«Ալիևն ուղիղ ասել է, որ հայկական զորքը պետք է դուրս գա Արցախից և պետք է ապահովի կապ Ադրբեջանի և Նախիջևանի ինքնավար հանրապետությունների միջև։ Սա շատ ուղիղ հայտարարել է նաև Մոսկվայում»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՅԴ ԳՄ անդամ Իշխան Սաղաթելյանը՝ անդրադառնալով Պուտին-Ալիև հանդիպման ժամանակ Ադրբեջանի նախագահի հայտարարությանը։
Իշխան Սաղաթելյանը նկատեց, որ Ադրբեջանն իր պահանջներից երբեք չի հրաժարվել, և եթե Հայաստանն առաջնորդվի Ադրբեջանի ու Թուրքիայի ցանկություններով, ինչով այսօր ՀՀ իշխանությունն առաջնորդվում է, դա հայկական երկու պետականությունների ոչնչացմանը կբերի։
«Այլ տարբերակ չկա, այս իշխանություններին պետք է հեռացնել։ Բոլոր նրանք, ովքեր ասում են՝ արտաքին քաղաքական հարցերում ընդդիմությունը և իշխանությունը պետք է գործեն միասնական, և մենք այդ տեսակետին ենք, որ գտնվում ենք մեկ նավի մեջ՝ ներքաղաքական հարցերը մի բան են, իսկ երկրի արտաքին քաղաքական շահերը՝ մեկ այլ բան։ Այո, շատ հաճախ պետք է միասին դիմադրենք ու պայքարենք դրա համար, սակայն սա ևս մեկ փաստ է, որ խորհրդարանում հարցերը չեն լուծվելու, իշխանությունը պատրաստ չէ, իրենք շարունակում են սպասարկել թշնամու շահերը, և երկիրն այս իրավիճակից դուրս բերելու համար կա մեկ ճանապարհ՝ հեռացնել օրվա իշխանությանը։ Հաջորդ ընտրությունների ժամանակ Հայաստան չի լինի, որ այդ ժամանակ իշխանություն հեռացնենք»,- հավելեց Իշխան Սաղաթելյան։
Թե ինչպե՞ս պետք է իշխանություններին հեռացնեն, Իշխան Սաղաթելյանը պատասխանեց, որ պետք է կազմակերպել հասարակությանը, օրվա իշխանություների օրակարգի դեմ սկսել համաժողովրդական շարժում և հեռացնել։
«Ընդունում եմ, որ այս իմաստով մեր քայլերն ու գործողությունները դանդաղում են։ Շատերն այս ժամանակահատվածում նաև մտածում էին՝ գուցե այդպես չէ, ինչպես ասում ենք մենք։ Այս փաստերը, այս պրոցեսները դրա ապացույցն են։ Կարծում եմ՝ Հայաստանում մթնոլորտն արդեն փոխվում է։ Մենք վիժեցնելու ենք հայ-թուրքական այս սիրախաղը, այս ուղղությամբ ինչ հնարավոր է՝ անելու ենք։ Մենք գործընթացն այնպես պետք է տանենք, որ ոչ թե հետևանքների դեմ պայքարենք, այլ այնպես անենք, որ բանը դրան չհասնի։ Առաջիկայում պետք է գտնենք հասարակությանը կազմակերպելու ճիշտ ձևերն ու մեթոդները և դուրս գանք գործնական ու լայն պայքարի»,- շեշտեց ԱԺ ընդդիմադիր փոխնախագահը։
Նա նաև ընդգծեց, որ սփյուռքի կառույցների և ՀՅԴ-ի միջև որևէ խզում չկա, այդ կառույցներն այս ընթացքում և առաջիկայում էլ կիրականացնեն տարբեր ակցիաներ, քանի որ սփյուռքի համար այս ամենը կարևոր օրակարգ է։