«Սա ևս մեկ անգամ ցույց տվեց, թե փաշինյանական արտաքին քաղաքականությունը որքան տկար է». Հայկ Մամիջանյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանն այսօր հրավիրված ճեպազրույցի ժամանակ անդրադարձավ Պուտին-Ալիև հանդիպմանը և ՀՀ ԱԳՆ-ի տարածած հայտարարությանը, որ իրենց օրակարգում չկա Դոնեցկի և Լուգանսկի անկախության ճանաչման հարց։
«Սա ևս մեկ անգամ ցույց տվեց, թե փաշինյանական արտաքին քաղաքականությունը որքան տկար է և հակապետական սխալներով լեցուն։ Վերջին երկու օրերի ընթացքում ՌԴ-ն հայտարարությունների և Պետդումայի գործողություններով ցույց տվեց, թե ինչ էր պարտավոր անել Հայաստանը 44-օրյա պատերազմի ընթացքում, այն է՝ ճանաչեր Արցախի անկախությունը»,- նշեց Հայկ Մամիջանյանը։
«Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղարը հիշեցրեց, որ 2016 թվականի ապրիլյան պատերազմի օրերին, երբ Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հրավիրել էր ԵԱՀԿ երկրների դեսպաններին, այդ ժամանակ հստակորեն հայտարարել էր՝ եթե պատերազմը շարունակվի ևս մի քանի օր, ապա Հայաստանը ճանաչելու է Արցախի Հանրապետությունը։
«Հիշեցնեմ, որ ՌԴ նախագահն իր ասուլիսների ընթացքում մեզ երեսով էր տալիս, որ անգամ Արցախի անկախությունը Հայաստանը չի ճանաչել։ Իսկ դա տրամաբանությունից դուրս է, թե 44-օրյա պատերազմի ժամանակ ինչու ճանաչում տեղի չի ունեցել։ Այնպես որ, այդ գործընթացը ես դիտարկում եմ երկու համատեքստում՝ ազգերի ինքնորոշման իրավունքի ևս մեկ հաստատում միջազգային քաղաքականության մեջ։ Երկրորդը՝ սա ևս մեկ անգամ փաստում է, որ ՀՀ կապիտուլյանտ իշխանությունները պատերազմի ընթացքում, ի թիվս այլ հակապետական սխալների, գործել է ևս մեկ կոպտագույն սխալ՝ չճանաչելով Արցախի Հանրապետությունը»,- շեշտեց Հայկ Մամիջանյանը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում