«Կկախվեմ…». մի քանի օր գոռացել, օգնություն է հայցել… ինքնասպանություն՝ խուլ անտարբերության ֆոնին
Այսօր ՀՀ ԱՆ Քրեակատարողական ծառայությունը հաղորդագրություն էր տարածել, ըստ որի՝ 2022 թվականի փետրվարի 21-ին՝ ժամը 21:20-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության Արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում հայտնաբերվել է դատապարտյալ, 1981թ. ծնված, 2015թ. ՀՀ ՔՕ 104հ. 1մ. դատապարտված Կ. Ա.-ի դին՝ խցի պատուհանի ճաղավանդակից սավանով կախված վիճակում:
«Կ. Ա.-ն ունեցել է մի շարք հիվանդություններ, տարբեր ժամանակահատվածներում բուժում է ստացել «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում, մշտապես գտնվել է հոգեբույժի դինամիկ հսկողության տակ: Հիմնարկի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի մասնագետներն անհատական ընդունելության ընթացքում դատապարտյալի հետ իրականացրել են հուզական վիճակի կայունացման, ինչպես նաև համապատասխան բացատրական և խորհրդատվական աշխատանքներ հացադուլի, ինքնավնասումների բացասական հետևանքների, իր իրավունքների, ինչպես նաև իր կողմից ներկայացված խնդիրները և խնդրանքները համապատասխան իրավական ընթացակարգով լուծելու վերաբերյալ»,- նշված էր ՔԿԾ հաղորդագրության մեջ:
168.am-ին ուշագրավ մանրամասներ են հայտնի դարձել ինքնասպանության այս դեպքից:
Պարզվում է, նշված դատապարտյալն ազատազրկված է արդեն մոտ 8 տարի, պատիժը կրել է տարբեր քրեակատարողական հիմնարկներում: Մի քանի օր առաջ է «Արմավիր» ՔԿՀ-ից տեղափոխվել «Նուբարաշեն» ու գտնվել է, այսպես կոչված, «զրոներում»:
Իսկ հիմա՝ ամենասահմռկեցուցիչը. ըստ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի մեր աղբյուրի՝ մարդը մի քանի օր գոռացել, օգնություն է հայցել, ասել է, որ խնդիրներ կան, և որևէ մեկը դրան ուշադրություն չի դարձրել՝ ինչպես հարկն է: Մեզ ասացին՝ դատապարտյալն անընդհատ կրկնել է՝ կկախվեմ, բայց ապարդյուն: Պարզապես անտեսել են, բանի տեղ չեն դրել:
Սա ուշագրավ է հատկապես այն համատեքստում, որ դատապարտյալը, ում անունը հասկանալի պատճառներով չենք հրապարակում, ըստ ՔԿԾ հաղորդագրության՝ նախկինում ևս ինքնասպանության փորձ կատարել է:
Հետաքրքիր է նաև ՔԿԾ հաղորդագրության բովանդակային այլ կարևոր արձանագրում. հրապարակվել են մարդու անձնական տվյալներ, մասնավորապես՝ տեղեկություն մի քանի հիվանդություններ ունենալու, հոգեբույժի հսկողության տակ գտնվելու մասին: Մարդը հարազատներ ունի, հավանաբար՝ ծնողներ, ընտանիք. Ո՞ւմ է հաճելի նման մանրամասներ կարդալ, հատկապես որ, դրանք կարող են տարածվել ու հետևանքներ առաջացնել: Իսկ մտածե՞լ են այդ մարդու երեխաների մասին:
Հետաքրքիր է, ինչո՞ւ այլ դեպքերում անձնական տվյալներ չեն հրապարակվում, իսկ այս դեպքում դա խիստ անհրաժեշտ էր:
Քրեակատարողական ծառայության ղեկավարությունը հաշվո՞ւմ է արդյոք, թե ամիսը քանի մահ է գրանցվում ՔԿՀ-ներում, կամ սա Նոր տարուց հետո թվով որերորդ մահն է: Գիտե՞ն արդյոք Արդարադատության նախարարությունում, թե, ի վերջո, ինչից մահացավ, ավելի ճիշտ՝ քնեց, չարթնացավ «Արթիկ» ՔԿՀ-ի 22-ամյա դատապարտյալը, կամ ինչո՞ւ շաբաթներ առաջ կախվեց «Սևան» ՔԿՀ-ի՝ վերջինիս գրեթե հասակակիցը:
Ինչո՞վ է զբաղված «Նուբարաշեն» ՔԿՀ-ի պետ Աղասի Խաչատրյանը, բացի սեփական ծննդյան տարեդարձը հիմնարկում բարձրաստիճան հյուրերի ներկայությամբ նշելուց, որ հիմնարկային պայմաններում ոչ ուշ ժամի՝ 21:20-ին մարդը կախվում է՝ օգնության ճիչերից հետո, իսկ արձագանքող չկա:
Միգուցե արդեն ժամանակն է, որ Քրեակատարողական ծառայությունն արդեն կադրային նշանակումների առաջնահերթությունից անցնի բուն ծառայողական պարտականություններին, որ նման ողբերգությունները սովորական չդառնան: