Ես համաձայն չեմ՝ լինել ավանակի դերում. Վարորդը՝ ԱՊՊԱ-ի թանկացման մասին
Վարորդները փետրվարի 18-ին բողոքի ակցիա իրականացրեցին «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո»-ի դիմաց՝ պահանջելով կասեցնել ԱՊՊԱ-ի թանկացման որոշումը:
«Իրականում խոսքը 3000 դրամի մասին չէ: Դրանից հետո անվերջություն է: Հստակեցված թվեր գոյություն չունեն, որ ասես՝ լավ, իմ ԱՊՊԱ-ն այսքան է թանկացել: Մեկի մոտ՝ 4000, մյուսի մոտ՝ 10.000 դրամով է թանկացել, ու այդպես շարունակ: Օրինակ, իմը թանկացել է 140 տոկոսով: 16 ԲՄ դաս է, գումարը մոտ 17000 դրամ է կազմելու: ԱՊՊԱ բյուրոն ասում է՝ ֆինանսական ճեղքվածք ունի, չի հասցնում, իսկ կներեք, ինձ հարցրե՞լ եք՝ ֆինանսական ճեղքվածք ունե՞մ, թե՞ չէ: Ես համաձայն չեմ՝ լինել ավանակի դերում»,- լրագրողների հետ զրույցում ասաց ակցիայի մասնակիցներից Նարինե Մուրադյանը՝ շեշտելով, որ ապահովագրական ընկերությունների կողմից տրվող փոխհատուցումներով ոչ մի անգամ մեքենայի մաս չի կարողանում սարքել:
Վարորդների իրավունքների պաշտպան, փաստաբան Արտակ Խաչատրյանն էլ հայտնեց՝ ակցիաները շարունակելու են ու լինելու են ավելի ընդգրկուն:
«Մարդիկ, եթե նախորդ տարի սեզոնային տաքսի են վարել, պայմանագրի ժամկետը լրացել է, փորձում են սովորական պայմանագիր կնքել՝ այսինքն, ոչ տաքսու՝ չի ստացվում: Ստիպված են շարունակել տաքսու ԱՊՊԱ անել: Բազմաթիվ դժգոհություններ ենք ստացել, որ տաքսիների դեպքում ԱՊՊԱ-ն ոչ միայն նույնն է մնացել, այլև թանկացել է: Հետո, նվազ վնաս պատճառելու դեպքում 3 միավոր էր բարձրանում, կարգին «շուստրիություն» են արել, այդ երեք միավորը նախկին 4 միավորի տոկոսներից ավելի բարձր է, բայց գումարային առումով էլ ավելի թանկ է իրականացվում: Էլի «հաճելի» անակնկալ վարորդներին՝ պայմանագիրն օնլայն կնքելու զեղչն էլ են վերացրել:
Պատճառաբանում են, թե 3000 դրամ թանկացնում ենք, որ սպասարկման որակը լավանա, ասում ենք՝ մատնացույց արեք, թե ո՞ր սպասարկման որակը. Օրինակ՝ վնասված կտորի արժե՞քն է բարձրանալու, թե՞ այլ բան: Կամ զանգելուց նախկին 2 րոպեի փոխարեն՝ կես րոպե են պատասխանելո՞ւ: Ոչ մի ադեկվատ ու պարզորոշ բացատրություն դրան չի եղել»,- նշեց վարորդների իրավունքների պաշտպանը:
Հիշեցնենք, որ փետրվարի 7-ից ԱՊՊԱ-ն թանկացավ 3000 դրամով: Այս մասին հունվարի 27-ին հաղորդագրություն էր տարածել Հայաստանի ավտոապահովագրական բյուրոն: Բոնուս-Մալուս համակարգի փոփոխություններն էլ կլինեն մարտի 1-ից: Այս որոշումն առաջացրել է վարորդների դժգոհությունը, քանի որ, ըստ նրանց, թանկացումն անհիմն է:
Հայտնենք, որ փետրվարի 14-ին Ազգային ժողովում կայացած հանդիպման ժամանակ ԱՊՊԱ բյուրոյի գործադիր տնօրեն Վաղինակ Եղիազարյանը տեղեկացրեց, որ բազային ապահովագրավճարի վերին շեմն ավելացվել է 3000 դրամով․ «Մինչև այս կար վերին և ներքևի շեմ։ Հրաժարվել ենք ներքևի շեմից։ Ապահովագրավճարների վերին շեմը սահմանված էր ապահովագրական ընկերությունների ախորժակը զսպելու համար, իսկ ներքևի շեմը՝ ֆինանսական կայունության համար։ Ներքևի շեմից հրաժարվել ենք՝ հաշվի առնելով այս ֆինանսական փոփոխություններից ակնկալվող մրցակցության արդյունքում հնարավոր կատարումները։ Կայունության տեսանկյունից էլ համարվել է, որ բավարար գործիքներ կան դրա ապահովման համար»։
ՀՀ Կենտրոնական բանկի ֆինանսական վերահսկողության վարչության պետ Վահան Ավետիսյանն էլ ասաց.
«Լավ առիթ է՝ ասելու, թե ինչու է ԱՊՊԱ-ն հաջողել։ Դրա նպատակն առաջին հերթին՝ ՃՏՊ-ների հետևանքով տուժածների շահերի պաշտպանությունն է։ Մարդիկ վնասներ էին կրում և ընկնում դատական քաշքշուկների մեջ։ Սա է առաջնային նպատակը: Մեր գնահատմամբ՝ ազդեցությունը ճանապարհային երթևեկության կարգապահության վրա բարձր չի։ Որակական փոփոխությունները, որոնք պետք է լինեն փորձաքննություններում, կարիք ունեն նոր չափանիշների։ Վնասների փորձաքննության ոլորտում հին ավտոպարկի հետ կապված խնդիրներ կան, որոնք արտացոլում են գտնում ԱՊՊԱ համակարգի գնագոյացման մեջ»։
Վահան Ավետիսյանի խոսքով՝ ԿԲ-ին մտահոգում է այն, որ ապահովագրավճարների գործող մոդելը բավականին հնացած է․ «Սկզբում այն ներդրվել էր այն պայմաններում, երբ վթարների իրական վիճակագրություն չկար, պարզ չէր, թե ԱՊՊԱ ընկերություններն ինչ միջավայրում և ինչ հնարավոր վնասներ կկրեն։ Հիմա ենթակառուցվածքները կան, և այլևս վտանգավոր է միասնական սակագինը պահպանելը։ ԱՊՊԱ ընկերությունները պետք է մրցեն՝ ապահովագրական սակագին սահմանելու գործընթացում։ Սա թույլ կտա ի շահ սպառողների՝ շատ ճշգրտումներ անել։ Սա, իհարկե, չի նշանակում, թե ապահովագրական ընկերություններն ինչ գին ուզեն՝ կորոշեն»։