Իշխանամերձ շրջանակները «չեն մարսում» Սերժ Սարգսյանի երեկվա հարցազրույցը

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի երեկվա հարցազրույցը՝ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի բանակցային գործընթացների վերաբերյալ, ցնցումների մեջ է գցել մերձնիկոլփաշինյանական շրջանակներին:

Համընդգրկուն այդ հարցազրույցում ՀՀ երրորդ նախագահը, թերևս, տվեց հանրությանն այս թեմայով հուզող բոլոր հարցերի պատասխանները, թիրախային կերպով մատնանշեց Նիկոլ Փաշինյանի մանիպուլյացիաների նպատակները:

Առավել բովանդակային հակադարձումներ չգտնելով՝ իշխանական շրջանակները սկսել են պեղել Սերժ Սարգսյանի՝ երբևէ տված հարցազրույցների պատառիկները ու հայտնաբերել, որ «Ալիևի աչքերով իրականության նայող Սերժ Սարգսյանը մեղադրում է Փաշինյանին Ալիևին կառուցողական բնորոշում տալու համար»:

Տարատեսակ սունկ կայքերով տարածում են, թե Սերժ Սարգսյանը 2009թ. Ալիևի մասին ասել է՝ «Վստահ եմ, որ նա էլ, որպես նորմալ մարդ, ցանկություն չունի պատերազմելու, որի հետևանքները բոլորիս համար ակնհայտ են: Եվ մշտապես նայելով իրականությանը Իլհամ Ալիևի աչքերով` հոռետես չեմ, լավատես եմ, ես տեսնում եմ, որ խնդիրը կարող է լուծվել: Գուցե ձեզ համար տարօրինակ է իմ գործընկերոջ նկատմամբ այսպիսի վերաբերմունքը, այն դեպքում, երբ ամեն օր ադրբեջանական լրատվամիջոցները ինչ ասես գրում են իմ մասին, բայց ես չեմ կարծում, որ ճիշտ են վարվում, ճիշտը իմ մոտեցումն է»:

Ու սա տարածում է նաև Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանին պատկանող կայքը:

Մի կողմ թողնելով բառային մանիպուլյացիաները՝ խոսենք փաստերով: 2009թ. Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, որ ցանկացած նորմալ մարդ գիտի պատերազմի հետևանքները, և հույս է հայտնել, որ եթե Ադրբեջանի նախագահը նորմալ մարդ է, պետք է որ ինքն էլ չունենա պատերազմելու ցանկություն:

Ինչևէ, Նիկոլ Փաշինյանի սատելիտները մոռանում են, որ 2009 թվականին ու դրանից հետո 7 տարի պատերազմ չի եղել, մինչև ապրիլյան ռազմական գործողություններ, իսկ եթե շատ ավելի խիստ գնահատենք, 5 տարի նույնիսկ սահմանի վրա ռազմական էսկալացիաներ ու դիվերսիաներ չեն եղել:

Նիկոլ Փաշինյանի՝ Ալիևին կառուցողական անվանելուց առաջ արդեն տեղի էր ունեցել Ապրիլյան պատերազմը, ավելին, դրանից երկու տարի հետո «կիրթ ու կառուցողական» Ալիևը լայնածավալ պատերազմ սկսեց Հայաստանի ու Արցախի դեմ՝ բոլորիս հայտնի աղետալի հետևանքներով:

Այնպես որ, պետք չէ ծիծաղելի լինել, պարոնայք:

ՎԱՐԴԱՆ ԴԵՄԻՐՃՅԱՆ

 

Տեսանյութեր

Լրահոս