«Եթե Վահագն Խաչատուրյանը քաղաքական թիմի անդամ է, ինչպե՞ս է ՀՀ շահով առաջնորդվելու, իր քաղաքական թիմին պետք է հավատարիմ չլինի՞». Արամ Վարդևանյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանի խոսքով՝ նախագահի թեկնածուի շուրջ քննարկումները սկսվելու են այսօրվանից, քանի որ դա առնվազն հարգանք է Սահմանադրության նկատմամբ։

«Մի քանի օր առաջ կարծես թե այս իշխանության ներկայացուցիչներն ասում էին՝ նախագահի թեկնածուի վերաբերյալ մեզ հարց մի տվեք, որովհետև Արմեն Սարգսյանը կարող է դիմումը հետ վերցնել։ Իրենք ասում են ու 3 օր անց իրենց ասածը խախտում են, ազնվորեն ես այդ մարդկանց չեմ հասկանում։ Հիմա ես այդ տրամաբանությունն ընկալելով՝ ասում եմ՝ միայն այսօր է Արմեն Սարգսյանի լիազորությունները դադարեցվել՝ որպես ՀՀ նախագահի»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Արամ Վարդևանյանը։

Նա նշեց, որ թեկնածու առաջադրելու կամ չառաջադրելու համար 5-օրյա ժամկետ է սահմանված։ Սահմանադրությունը նախատեսում է, որ ընդդիմությունը ևս կարող է թեկնածու առաջադրել, սակայն հարցը պետք է դառնա քննարկման առարկա՝ առհասարակ թեկնածու առաջադրե՞լ, թե՞ ոչ։

«Այս իշխանությունները նույնիսկ հայտարարել են, Նիկոլ Փաշինյանն է ասել, որ իրենք չեն էլ ակնկալում, որ իրենց թեկնածուն պետք է ունենա ԱԺ-ի 3/4-ի ձայնը, այսինքն՝ իրենք արդեն երկրորդ փուլի մասին են մտածում։ Դուք պատկերացնո՞ւմ եք, թե սա ինչ վերաբերմունք է Սահմանադրության, նախագահի ինստիտուտի  նկատմամբ։

Ի վերջո, այդ 3/4-ն ինչո՞ւ են գրել Սահմանադրության մեջ, գրել են, որ այդ բոլոր քաղաքական ուժերը մտածեն՝ այնպիսի թեկնածու առաջադրեն, որը կարողանա այնպիսի լեգիտիմություն ու անկախություն ունենա, որպեսզի կարողանա իր գործունեությունն իրականացնի։ Նույն խնդիրը կար ՄԻՊ-ի դեպքում, իրենք ոգևորությամբ խոսում են, որ մեկ ուժով ընտրել են ՄԻՊ-ի։ Սա շատ վատ բան է, որևէ ՄԻՊ նման կերպ չի ընդունվել։ Հիշեցման կարգով՝ Արման Թաթոյանին նույնիսկ կողմ էր քվեարկել Նիկոլ Փաշինյանը»,- հավելեց Արման Թաթոյանը։

Ըստ նրա, այս ամենին զուգահեռ՝ իշխանությունը հայտարարում է, որ պետք է սահմանադրական բարեփոխումներ իրականացնեն.

«Սա նույնն է, որ ես խոսեմ այն մասին, որ գնալու եմ ու մի ավտոմեքենա ջարդեմ, հետո խոսեմ, որ մեքենաների անվտանգությունը չափազանց կարևոր է, և պետք է դրանց անվտանգությունը բարելավվի փողոցներում»։

Ինչ վերաբերում է ՔՊ-ի նախագահի թեկնածու Վահագն Խաչատուրյանին, Արամ Վարդևանյանն ասաց, որ նա քաղաքական թիմի անդամ է, մինչդեռ Սահմանադրությունն ասում է, որ ՀՀ նախագահը պետք է առաջնորդվի համազգային ու համապետական շահերով։

«Եթե նա արդեն քաղաքական թիմի անդամ է, ինչպե՞ս է ՀՀ շահով առաջնորդվելու, այսինքն՝ ստացվում է, որ նա իր քաղաքական թիմին պետք է հավատարիմ չլինի՞։ Արմեն Սարգսյանն իր թերություններով հանդերձ՝ Սահմանադրության պահանջներին համապատասխանում էր, ավելին՝ նա ընտրվել էր ¾-ով, սա էլ է շատ կարևոր։

Ինչո՞ւ նախկին իշխանությունների ժամանակ չէին կարող Արմեն Սարգսյանին ընտրել 2-րդ փուլով, իհարկե կարող էին։ Սա կարևոր բաղադրիչ է, Սահմանադրության նկատմամբ հարգանքի դրսևորում է»,- ընդգծեց նա։

Տեսանյութեր

Լրահոս