Պուտին-Փաշինյան հեռախոսազրույցի վերաբերյալ պաշտոնական հաղորդագրությունների տարբերությունը

Հանդիպումների, հեռախոսազրույցների վերաբերյալ կողմերի պաշտոնական հաղորդագրություններում սովորաբար տարբերություններ լինում են։ Այդպես է նաեւ այսօր Պուտին-Փաշինյան հեռախոսազրույցի պարագային։ Կրեմլի հաղորդագրությունում երկու պարբերություն ավել է, որոնցից մեկը վերաբերում է Արեւմուտքի հետ անվտանգության երաշխիքների շուրջ բանակցություններին։

Երկրորդ տարբերությունը Մինսկի խմբի մասին է․ «Ընդծվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների (Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա) աշխատանքը շարունակելու նպատակահարմարությունը»։ Այս պարբերությունը վարչապետի կայքի հաղորդագրությունում բացակայում է։

Այստեղ պետք է նշել երկու էական պահ․ նախկինում եղել են դեպքեր, երբ հայկական կողմի հաղորդագրությունում էր նշվում ՄԽ շրջանակում բանակցությունների մասին, իսկ Կրեմլի կայքում չէին նշում։

Մյուս կարեւոր պահն այն է, որ Ղազախստանում «Թուրանին հարված հասցնելուց» եւ Չինաստանի ու Թուրքիայի պահանջով զորքը հանելուց հետո Կրեմլը եւ ՌԴ ԱԳՆ-ն աենօրյա ռեժիմով վերահաստատում են եռակողմ հայտարարությունը կատարելու եւ սահմանազատման պարտադրանքը Հայաստանին, ինչպես պարզվեց՝ հիմք ընդունելով 1975 թ․ քարտեզներ, որոնցով խորհրդային շրջանում «օրինականացրել» էին Հայկական ԽՍՀ-ից տարածքների բռնագրավումը հօգուտ Բաքվի։ Սակայն դրանով խնդիրը չի ավարտվում․ Պուտինը վերջին եռակողմ հանդիպմանն ակնարկել էր «անկլավները կտրելու, տեղ-տեղ հավասարեցնելու» մասին, որը բնականաբար վերաբերում է Հայաստանի նոր կորուստներին։

Ինչ վերաբերում է Մինսկի խմբին, նույնպես ամենօրյա ռեժիմում Կրեմլը եւ ՌԴ ԱԳՆ-ն պնդում են, որ այն պետք է հաշվի առնի պատերազմից հետո ստեղծված իրողությունները, զբաղվի բացառապես հոիմանիտար հարցերով, եւ ոչ թե քաղաքական կարգավորմամբ։ Ավելին, Մոսկվան պնդում է, թե մյուս համանախագահները համաձայնել են այդ օրակարգին։

Մոսկվան հենց «հումանիտար օրակարգն» է համարում նպատակահարմարը։ Դա Հայաստանի քաղաքական իրավունքների բացառման օրակարգն է։ ՀՀ վարչապետի աշխատակազմն «անտեսել է» սա, որովհետեւ համաձա՞յն է, որ ՄԽ-ն պետք է զբաղվի հումանիտար հարցերով, թե՞ նպատակահարմար չի համարվել ՄԽ մասին հիշատակելը։

Տեսանյութեր

Լրահոս