«Երեխաներին շատ արագ մանկապարտեզից տարհանել են, ասացին, որ երեխաները շատ են վախեցել». Մետաքսե Հակոբյանը՝ թշնամու կրակոցների մասին

Ադրբեջանական կողմը հերթական անգամ կրակ է բացել Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Կարմիր Շուկայի ուղղությամբ, որի հետևանքով այրվել է քաղաքացիական ավտոմեքենա։

Կրակի ուղղությամբ տեղակայված է եղել նաև Կարմիր Շուկայի մանկապարտեզը, այնտեղից երեխաներին տարհանել են։

168.am-ի հետ զրույցում Արցախի Հանրապետության ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանն ասաց, որ կրակել են մանկապարտեզի մոտ կայանած մեքենայի ուղղությամբ, մեքենայում գազի բալոն է տեղադրված եղել և պայթել է։

«Երեխաներին շատ արագ մանկապարտեզից տարհանել են, ասացին, որ երեխաները շատ են վախեցել։ Փառք Աստծո, որևէ մարդկային կորուստ չկա։ Դե, Կարմիր Շուկայի բնակիչները տարբեր կարծիքներ են հայտնում, մեկն ասում է՝ պատահական են կրակել մանկապարտեզի ուղղությամբ, մյուսներն ասում են՝ չէ, թիրախավորված են կրակել։ Կարմիր Շուկայից թշնամին մի քանի հարյուր մետր հեռավորության վրա է»,- նշեց Մետաքսե Հակոբյանը։

Ըստ Մետաքսե Հակոբյանի, ստեղծված իրավիճակի լավագույն լուծումը Արցախի կարգավիճակի ճանաչումն է, իսկ այս պահին թշնամուն զսպող մեխանիզմը ռուս խաղաղապահների միջամտությունն է, և եթե այդ միջամտությունը չլիներ, ապա այնտեղ որևէ մեկը չէր կարողանա ապրել։

«Ադրբեջանական կողմը չի հարգում այն հանգամանքը, որ այնտեղ կան ռուս խաղաղապահներ։ 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո թշնամու կողմից հնչող կրակոցները կանգ չեն առել ոչ միայն Կարմիր Շուկայի ուղղությամբ, այլև ամբողջ շփման գծում։ Բացի այն, որ այս կրակոցներով թշնամին ուզում է խուճապ ու վախ առաջացնել արցախցիների շրջանում, չնայած մարդկանց հետ խոսելիս փաստում են, որ որևէ բանից չեն վախենում ու խուճապի չեն մատնվում, բայց ամեն դեպքում այդ քոչվոր ցեղը գնալով իր դեմքը բացում է։ Կրակելուց բացի, նրանք զբաղված են թալանով, ամեն անգամ առիթն օգտագործում են և, օրինակ, գողանում են խոշոր եղջերավոր անասուններ։ Ռուս խաղաղապահների միջամտությամբ հաջողվել է անասունների մի մասին վերադարձնել։

Մինչև Արցախի կարգավիճակը հարցը չկարգավորվի, և հայկական կողմը կոշտ քաղաքականություն չվարի, թեև հասկանալի է, որ ներկայիս իշխանությունների դեպքում նման բան չի էլ կարող լինել, որևէ բան դեպի լավը չի փոխվելու։ Միայն պետք է աղոթենք, որ գոնե դեպի ավելի վատը չփոխվի, և այն, ինչ կա, գոնե այդպես մնա։ Պետք է պարզապես բացել ու կարդալ պատմության այն տողերը, որ առհասարակ Արցախում չի եղել այնպիսի ժամանակաշրջան, որ ադրբեջանցիներն իրենց թվով գերակայեն, նրանք եղել են 20-25 տոկոս»,- եզրափակեց Մետաքսե Հակոբյանը։

Տեսանյութեր

Լրահոս