Այսօր հայտնի կդառնա Վեդի համայնքում ավագանու արտահերթ ընտրությունների օրը

Այս հոդվածը գրելու պահին Կենտրոնական ընտրական հանձնաժողովն արտահերթ նիստ էր անցկացնում, որի օրակարգի առաջին հարցը Արարատի մարզի Վեդի համայնքի ավագանու ընտրություններ անցկացնելն էր։ Նիստը մեկնարկել էր 16։00-ին։

Այսինքն՝ հենց այսօր ԿԸՀ-ն պետք է որոշի, թե Վեդի խոշորացվող համայնքում ավագանու նոր, այս անգամ արդեն՝ արտահերթ ընտրությունները երբ կանցկացվեն։

Հիշեցնենք, որ Կառավարության 2022 թվականի հունվարի 4-ին Արարատի մարզի Վեդի համայնքի ավագանու լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու և ավագանու արտահերթ ընտրություններ նշանակելու մասին որոշում էր կայացրել։

Ընդամենը 1 օր անց՝ հունվարի 5-ին, Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Արարատի նախկին մարզպետ, Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ, իսկ ահա դեկտեմբերի 5-ին անցկացված ՏԻՄ ընտրությունների ժամանակ Վեդի խոշորացվող համայնքում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համայնքապետի թեկնածու Գարիկ Սարգսյանը նշանակվեց Վեդի համայնքի ղեկավարի պաշտոնակատար։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Արարատի մարզի Վեդի խոշորացված համայնքում 2021 թվականի դեկտեմբերի 5-ին անցկացվել էին ՏԻՄ ընտրությունները։ Ընտրապայքարի էին դուրս եկել «Իմ հզոր համայնք», «Քաղաքացիական պայմանագիր» և «Հանրապետություն» կուսակցությունները։

Ամենաշատ ձայները ստացել էր «Իմ հզոր համայնք» կուսակցությունը, որի օգտին քվեարկել էր 8666 ընտրող։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, որը գլխավորում էր Արարատի նախկին մարզպետ, ընտրություններից հետո Վեդի համայնքի ղեկավարի պաշտոնակատար նշանակված Գարիկ Սարգսյանը, ստացել էր 7690 ձայն։

Իսկ «Հանրապետություն» կուսակցությունը, որի ղեկավարը հենց Արարատի մարզից է, ստացել էր 3299 ձայն։

Այսինքն՝ ընտրություններին մասնակցած որևէ քաղաքական ուժ չէր կարողացել հաղթահարել և հավաքել անցողիկ՝ 50+1% շեմը, ինչը նշանակում է, որ չէր կարող ինքնուրույն համայնքապետի թեկնածուին ընտրել առանց այլ ուժի հետ կոալիցիա կազմելու: Բայց կոալիցիա այդպես էլ չկազմվեց, փոխարենը՝ դեկտեմբերի 16-ին ավագանու «Հանրապետություն» և «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունների անդամները ինքնաբացարկ հայտնեցին և հրաժարվեցին մանդատներից, որից հետո էլ հայտարարեցին նոր ընտրություններ անցկացնելու մասին։

Տեսանյութեր

Լրահոս