Ինչու և ինչի հաշվին է Հայաստանը տարեկան 31 միլիոն դոլար փոխանցելու «Գազպրոմ Արմենիային»

Հայաստանի Կառավարությունը 2022 թվականի փետրվարի 1-ից 10 տարի շարունակ տարեկան 31,79 մլն ԱՄՆ դոլար է վճարելու «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ին՝ որպես վերջինիս պատկանող Հրազդանի 5-րդ էներգաբլոկի տարեկան հզորության վճար: Պատճառն այն է, որ Հրազդանի 5-րդ էներգաբլոկը թերբեռնված է աշխատել, ինչը մեծապես պայմանավորված է եղել առևտրային պայմանագրերի բացակայությամբ, ինչպես նաև՝ Իրան-Հայաստան 400 կՎտ էլեկտրահաղորդման գծի կառուցման ժամկետների ուշացմամբ։

Էներգաբլոկի ոչ լրիվ հզորությամբ աշխատելու հետևանքով «Գազպրոմ» ՀԲԸ-ի կատարած ներդրումները ոչ միայն ետ չեն գնվել, այլև վարկային պարտավորություններն ավելացել են՝ հասնելով շուրջ 100 մլն դոլարի։

ՀՀ կառավարության ընդունած այս որոշման վերաբերյալ, սակայն, Ֆինանսների նախարարությունը ներկայացրել է մի շարք առարկություններ, մատնանշել մի շարք վտանգներ, ինչպես նաև բարձրացրել է հարցեր, որոնց պատասխաները տրված չեն Կառավարության ընդունած որոշման մեջ։

 Հարց առաջին

Ինչի՞ հաշվին է «Գազպրոմ Արմենիային» 2022 թվականի փետրվարի 1-ից ամեն տարի փոխանցվելու 31.79 միլիոն դրամ՝ արդյո՞ք դա չի բերելու սակագնի բարձրացումների։

Հարց երկրորդ

Կառավարության առաջարկած փոփոխությամբ՝ «Իրանի Իսլամական Հանրապետությունից «Հրազդան-5» կայանի համար «գազ էլեկտրաէներգիայի դիմաց» սխեմայով առաքվող գազի ծավալների գերազանցումները համարվելու են «Գազպրոմ Արմենիա» լրացուցիչ եկամուտ և չեն կարող դիտարկվել՝ որպես «Հրազդան-5» կայանի հզորության դիմաց վճարի փոխհատուցման աղբյուր:

Հարց է առաջանում՝ իսկ ինչո՞ւ պետք է առաքվող գազի ծավալների ավելացումը չդիտարկվի՝ որպես պարտքի մարման տարբերակ, ու գումարը չնվազեցվի 31,79 մլն ԱՄՆ դոլարից։

 Հարց երրորդ

«Եթե ՀՀ Կառավարությունը համաձայնել է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի հանդեպ «Երևանի ՋԷԿ» ՓԲԸ-ի 12,938,518,283.1 դրամի չափով և «Տրանսգազ» ՍՊԸ-ի հանդեպ 2021 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ, ինչպես գրված է նախագծում, 26,659,767.37 ԱՄՆ դոլարին համարժեք չափով պարտքի մարումը իրականացնել 2021-2023թթ., այդ դեպքում հարց է առաջանում՝ այդ մարումներն ինչպե՞ս են կատարվելու, եթե ՀՀ կառավարության պարտք/ՀՆԱ հարաբերակցությունը 2020թ.-ին գերազանցել է «Պետական պարտքի մասին» ՀՀ օրենքով նախատեսված 60% սահմանային շեմը՝ կազմելով 63.5%, իսկ նման ծավալով պարտավորությունների մարումը բյուջեի համար խնդրահարույց կարող է լինել»։

 Հարց չորրորդ

Եթե ՀՀ Կառավարությունը համաձայնում է, որ ՀՀ բնական գազի առաքման ժամանակ գների ձևավորման կարգը 2019 թվականի հունվարի 1-ից սկսած սահմանվում է ՀՀ կառավարության և «Գազպրոմ» ՀԲԸ-ն միջև արձանագրություններով, այդ դեպքում հարց է առաջանում, թե էլի ինչ պայմանների ի հայտ գալու մասին է խոսքը, կամ ինչ պարբերականությամբ կարող են սահմանվել ՀՀ բնական գազի առաքման ժամանակ գների ձևավորման կարգի փոփոխությունները՝ արձանագրություններով։

Տեսանյութեր

Լրահոս