«Թուրքիան պահանջատիրական ձևով ասելու է՝ ուզում ես հարաբերություններ, վարքագիծդ ցույց տուր. Ապրիլի 24-ին պետական միջոցառումներ կարող են չլինել». Պողոսյան
Մայիսի 12-ին Ադրբեջանը ներխուժել է ՀՀ ինքնիշխան տարածք և օկուպացրել մեր երկրի տարածքները, այսինքն, որտեղ մտել է, այնտեղ էլ կանգնել և ոչ մի տեղ չի տեղաշարժվել: Լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» նախագահ Թևան Պողոսյանը՝ հավելելով, որ եթե հայ գերիներից վերադարձվում էլ են, ապա զուգահեռ գերեվարման նոր դեպքեր են լինում:
«Ցավոք սրտի, մենք այդպես էլ չընկալեցինք, որ Ադրբեջանը վարում է առևտրի քաղաքականություն, և գերին պարզապես օգտագործվում է՝ ՀՀ-ից կորզելու ամեն ինչ, ինչ կկարողանա: Այո, միջնորդությունները գալիս են ՌԴ-ից, ԱՄՆ-ից, Վրաստանի վարչապետին էինք ասում, հիմա՝ ԵՄ ղեկավարությանը, բայց պետք է հասկանանք, որ ցանկացած գերու համար մենք վճարում ենք»,- նշեց Պողոսյանը:
Ըստ Պողոսյանի, մենք կամ պետք է միջազգային ինստիտուտներում և հանրությունում կարողանանք ձևավորել այնպիսի իրավիճակ, որ Ադրբեջանի դեմ լինեն այն աստիճանի ցավեցնող պատժամիջոցներ, որ Ադրբեջանում պահվող հայ գերիներին նա ինքնակամ վերադարձնի, կամ նույն քանակի ադրբեջանցի գերիներ վերցնել, որպեսզի բոլորը բոլորի դիմաց փոխանակենք:
Ադրբեջանը հնարավոր է առաջարկի՝ եկեք հանրաքվե անենք
Անդրադառնալով Արցախի խնդրին, Արցախի կարգավիճակի ապագային, Թևան Պողոսյանը նշեց, որ Ադրբեջանը պատրաստվում է բոլոր հնարավոր սցենարներին:
«Իր ծրագիրը լինելու է հետևյալը. Արցախի օկուպացված բոլոր տարածքներում այնքան ադրբեջանական բնակչություն է ապահովելու, որ եթե պետք լինի, հենց ինքը՝ Ադրբեջանը, կարողանա դառնալ նախաձեռնող և ասել՝ եկեք, հանրաքվե ենք անում: Ասել եք՝ առանց սահմանափակումների ցանկացած հարց պետք է լինի սեղանին, համաձայն ենք, դե դրեք՝ անկախություն, միջանկյալ կարգավիճակ, մշակութային…, և ունենալով ավելի մեծ բնակչություն այնտեղ, նույնիսկ Հադրութի, Շուշիի, Մատաղիսի, Մարտունու, Թալիշի շրջաններում է անելու, մնացած տարածքների մասին էլ չեմ խոսում»,- շարունակեց բանախոսը՝ նկատելով, որ ՀՀ-ում օր օրի ավելի ենք մոռանում Արցախի մասին, և ինչ-որ խոսք ենք ասում դրսում Հայաստան-Ադրբեջան որևէ հանդիպման համատեքստում:
Գալիք Ապրիլի 24-ին, հնարավոր է՝ պետական մակարդակով որևէ միջոցառում չլինի
Ինչ վերաբերում է հայ-թուրքական հարաբերություններին, ապա, ըստ Թևան Պողոսյանի, մտնում ենք մի գործընթացի մեջ, որտեղ կան բացեր, այո, ՀՀ-ն պետք է չվախենա բանակցելուց աշխարհում որևէ երկրի հետ, բայց վախից դրդվելով բանակցելը բերելու է պարտության, և այս դեպքում էական չէ՝ ով է գործող իշխանությունների կողմից նշանակված բանագնացը լինելու:
«Դեկտեմբերի 9-ին կամ 10-ին մի ինչ-որ հայտարարություն կլինի ձևական Ցեղասպանության դեմ պայքարի, որտեղ նույնիսկ մենք Հայոց ցեղասպանության մասով շեշտադրում չենք անի: Չզարմանաք, որ գալիք Ապրիլի 24-ին հասնենք այն վիճակին, որ ճնշում լինի, և պետական մակարդակով որևէ միջոցառում չլինի: Եթե Թուրքիային է մնալու դա, գիտեք՝ Թուրքիան դա չի՞ անելու: Պահանջատիրական ձևով ասելու է՝ ուզում ես հարաբերություններ, դե վարքագիծդ ցույց տուր»,- ամփոփեց Թևան Պողոսյանը:
Նշենք, որ 1948թ. դեկտեմբերի 9-ին Միավորված ազգերի կազմակերպությունն ընդունեց «Ցեղասպանության հանցագործության կանխման և դրա համար պատժի մասին» կոնվենցիան, ըստ որի՝ ցեղասպանությունը սահմանվում է՝ որպես միջազգային հանցագործություն, և ստորագրող պետությունները պարտավորվում են կանխել, ինչպես նաև պատժել ցեղասպանություն իրականացնողներին:
Հիշեցնենք նաև, որ 2015-ին Հայաստանի Հանրապետության նախաձեռնությամբ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան դեկտեմբերի 9-ը հռչակեց «Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի և արժանապատվության ու այս հանցագործության կանխարգելման միջազգային օր»: