«Էս ժողովուրդը նորմալ քնել չի կարողանում, գիշերը դուրս է գալիս, թուրքի պոստի վառած լույսերն է տեսնում». Նորաբակի գյուղապետ
Բազմաթիվ ոչ պաշտոնական տեղեկությունների համաձայն՝ թշնամին շարունակում է զինտեխնիկա կուտակել Գեղարքունիքի մարզի Նորաբակ գյուղի ուղղությամբ տեղակայված դիրքերում։
168.am–ի հետ զրույցում Նորաբակի գյուղապետ Վազգեն Ասատրյանն ասաց, որ գյուղից անզեն աչքով չեն երևում թշնամու զինտեխնիկայի կուտակումները, քանի որ դիմացը սար է, բայց որ թշնամին մշտապես սադրանքների է դիմում՝ փաստ է։
«Թշնամու ամենամոտիկ դիրքը գյուղից 2-2,5 կմ հեռավորության վրա է։ Ինչ տեղի է ունենում՝ տեղի է ունենում սարի հետևում, մենք պետք է շատ վերև բարձրանանք, որ տեսնենք։ Կրակոցներ լինում են, բայց, օրինակ, անցած գիշեր կրակոցներ չեն եղել։ Սարերում տարբեր դիրքեր են զբաղեցնում, ամբողջ երկայնքով շարված են, էլի։ Ես չգիտեմ՝ ինչ է լինելու այս ամենի վերջը»,- նշեց Նորաբակի գյուղապետը։
Նրա փոխանցմամբ՝ պատերազմից հետո գյուղից երկու ընտանիք արդեն հեռացել է, մեկ ընտանիք էլ պատրաստվում է հեռանալ։
«Մարդիկ ամեն օր աչքերը բացում ու թշնամուն են տեսնում, ավելի շատ անվտանգային խնդիրներից են նեղվում, քան սոցիալական։ Այս շարժը որ սկսվել է, ես չգիտեմ՝ ինչ կլինի։ Էս ժողովուրդը գիշերը նորմալ քնել չի կարողանում, գիշերը դուրս է գալիս, թուրքի պոստի վառած լույսերն է տեսնում»,- եզրափակեց գյուղապետը։