Վերադառնում ենք կառավարման կենտրոնացված մոդելին
Առաջիկա շաբաթներին «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի՝ տնօրեններին վերաբերող հատվածում առաջարկվող փոփոխությունները լինելու են ուշադրության կենտրոնում։ Սա բավականին արմատական փոփոխություն է և ուղղակիորեն առնչվում է դպրոցների տնօրենների լիազորությունների սահմանափակմանը, նշանակման կարգին։
90-ականների վերջին Հայաստանում որոշվեց ներդնել դպրոցական խորհուրդների մոդելը, որի շրջանակներում դպրոցի տնօրենները պետք է ընտրվեին խորհուրդների կողմից։ Սա դպրոցի կառավարման մասնակցային մոդել է, որի նպատակն է ծնողների, ուսուցիչների, համայնքի, իշխանության ներկայացուցիչների մասնակցությամբ ընտրել դպրոցի տնօրեն։ Այդ փուլում ընտրվեց կրթության կառավարման ապակենտրոնացված մոդելը, որի շրջանակներում դպրոցների ընթացիկ կառավարումը հանձնվեց մարզպետարաններին, դպրոցների խորհուրդներին։ Կրթության և գիտության հիմնական դերը քաղաքականության մշակումն էր։ Այս մոդելը նախատեսում էր ընդլայնել դպրոցների տնօրենների, խորհուրդների լիազորությունները։ Դպրոցները հնարավորության ստացան լրացուցիչ գումարներ ստանալու, ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու։ Այդ նպատակով մշակվեց և իրականացվեց տնօրենների վերապատրաստման մոդուլ, որը բաղկացած էր 2 ենթամոդուլից. Տնօրենը՝ որպես ուսուցչապետ, և տնօրենը՝ որպես մենեջեր։ Զուգահեռաբար ներդրվեց նաև ըստ աշակերտի ֆինանսավորման մեխանիզմը, որը հնարավորություն էր տալիս դպրոցներին լավ աշխատելու դեպքում ունենալ ավելի շատ աշակերտներ, հետևաբար` ավելի շատ գումար։
Այս համակարգը հաջողությամբ ներդնելու համար պահանջվում էր հսկայական աշխատանք. մարզպետարանների, դպրոցների, ծնողական համայնքների կարողությունների հզորացում։ Սակայն այդ ամենը պատշաճ ձևով չարվեց։ Նախարարությունը մի կողմ քաշվեց՝ հայտարարելով, որ ինքն այլևս լիազորություններ չունի դպրոցների կառավարման գործում։ Տարվա զգալի մասը նախարարությունը զբաղվում էր ընդունելության քննությունների նախապատրաստման, անցկացման, հաջորդող բողոքի ալիքների մարման աշխատանքներով։
Մինչ նախարարությունը զբաղվում էր ընդունելության քննություններով, դպրոցների տնօրենների ընտրության համակարգն աղճատվեց։ Ունեցանք ոչ թե ընտրության մասնակցային գործընթաց, այլ իշխանության չարաշահում։ Նախօրոք որոշվում էր, թե ով պետք է դառնա դպրոցի տնօրեն, որից հետո խորհուրդը վավերացնում էր այդ որոշումը։
Ավագ դպրոցների ստեղծումից հետո նախարարությունը մարզպետարաններից հետ վերցրեց ավագ դպրոցների կառավարումը։ Իհարկե, նախարարությունը շատ ավելի ժողովրդավար էր կառավարում դպրոցները, քանի որ տարածքով հեռու լինելով դպրոցներից, ավելի չափավոր էր միջամտում, քան մարզպետարանները։ Այդուհանդերձ, այս ամենը շատ տխուր վերջաբան ունեցավ, քանի որ դպրոցները ներքաշվեցին ընտրական գործընթացների մեջ, որին հաջորդեց տնօրենների և ուսուցիչների զգալի մասի կուսակցականացումը։
Այսպիսով, 20 տարվա ընթացքում ամբողջությամբ աղճատեցինք այն նպատակը, որն ի սկզբանե դրված էր։
2018թ.-ի ներքաղաքական իրադարձություններից հետո նախարարությունը քննարկում էր ընտրության գործընթացն ավելի ժողովրդավար դարձնելու տարբերակը։ Մի պահ կար տարբերակ, որի համաձայն, դպրոցի խորհրդում ծնողներն ու ուսուցիչներն ունենում են մեծամասնություն, որի արդյունքում իշխանության ներկայացուցիչների դերը նվազում է։
Մեր ամենամեծ խնդիրներից մեկն այն է, որ երբ իշխանությունը մի կողմ է քաշվում, որպեսզի խորհուրդն ինքնուրույն որոշի, թե ով դառնա դպրոցի տնօրեն, ի հայտ է գալիս մարդկանց մի խումբ, որը սկսում է ազդել ընտրության գործընթացի վրա։ Օրինակ՝ միջին մի պաշտոնյա որոշում է, որ իր քույրը կարող է դառնալ դպրոցի տնօրեն, և սկսում է ազդեցության լծակներ գործադրել խորհրդի անդամների վրա։ Վերջերս տեղեկացա, որ դպրոցներից մեկում տնօրենի ընտրությանը հաջորդած կոնֆլիկտն իրականում 2 պաշտոնյաների միջև պայքար է եղել, որոնցից յուրաքանչյուրը փորձում էր իր թեկնածուին դարձնել տնօրեն։
Ցավոք, Հայաստանում դեռևս չկա ազատ ընտրության մեխանիզմ։ Կան ճնշումներ, յուրայիններին առաջ մղելու, ամեն գնով մտերիմ մարդուն տնօրեն դարձնելու մոլուցք։
Այս ամենն ի նկատի ունենալով՝ նախարարությունը որոշեց վերացնել դպրոցի տնօրենի ընտրության մեխանիզմը՝ այն դարձնելով նշանակովի։ Իսկ ուսուցչապետ-մենեջեր տնօրենի փոխարեն՝ առաջարկվում է ունենալ առանձին ուսուցչապետ և մենեջեր։ Ահա ինչ է առաջարկվում օրենքի նոր տարբերակում. «Ուսումնական հաստատության ընթացիկ գործունեության ղեկավարումն իրականացնում է ուսումնական հաստատության գործադիր մարմինը. ուսումնադաստիարակչական մասով՝ ուսումնական մասի տնօրենը, և վարչատնտեսական մասով` վարչատնտեսական մասի ղեկավարը, որոնք նշանակվում և ազատվում են օրենսդրությամբ և ուսումնական հաստատության կանոնադրությամբ սահմանված դեպքերում և կարգով»:
Այսպիսով, ձախողեցինք 20 տարի առաջ ներդրված համակարգը։ Ճոճանակի սկզբունքով վերադառնում ենք կառավարման ավելի կենտրոնացված, ավտորիտար համակարգի, որը կարող է նույնպես չարդարացնել իրեն։ Առանց այն էլ գերծանրաբեռնված նախարարության միջանցքներում շուտով կհայտնվեն մարդիկ, որոնք կփորձեն տարբեր կապեր, ազդեցության լծակներ օգտագործելով՝ տնօրեն դարձնել իրենց մտերմին։ Սա Հայաստանն է։ Իհարկե, նախարարության ներկա ղեկավարները կարող են ասել, որ իրենք ազնիվ են և ոչ մի գործարքի չեն գնա։ Բայց ո՞վ է ասել, որ նախարարության ղեկավարները հավերժ մնալու են իրենց պաշտոնին։ Օրենքի ընդունումից հետո բազմաթիվ ճարպիկ մարդիկ ձգտելու են դառնալ նախարար, փոխնախարար, քանի որ ուսումնական մասի տնօրեններ և վարչատնտեսական ղեկավարներ նշանակելու լծակը բավականին գայթակղիչ է լինելու։
Հուսանք, նախարարությունը չի շտապի այս փոփոխություններն իրականացնելու հարցում։ Հայաստանի կրթական համակարգին օդի պես անհրաժեշտ են տևական, խորքային, մասնակցային քննարկումներ։ Չի կարելի շտապողականություն դրսևորել կրթության հարցում։ Մեծ վնաս ենք տվել մեր երեխաների կրթությանը՝ անխոհեմ բարեփոխումներ իրականացնելով։ Գոնե հիմա հասկանանք դա։