Հաջորդ շաբաթ կրկին եռակողմ հանդիպում կլինի. Պուտինը հայտնեց օրակարգը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հաջորդ շաբաթ դարձյալ կհանդիպեն, այս անգամ` Մոսկվայում։ Այս մասին այսօր Սոչիում կայացած եռակողմ հանդիպումից հետո հայտարարեց ՌԴ նախագահը։
Նա նշեց, որ Մոսկվայում կայանալիք հանդիպմանը կներկայացվեն այսօրվա քննարկման որոշ արդյունքներ, հայտարարություն կարվի այսօր կայացրած որոշումների մասին։
Պուտինը շնորհակալություն հայտնեց իր հայ ու ադրբեջանցի գործընկներին կառուցողական քննարկման համար։
Հիշեցնենք` Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը կայացել է Սոչիում։ Եռակողմ հանդիպումից առաջ Պուտինն առանձնազրույց է ունեցել Ալիևի հետ։ Բանակցությունները տևել են երեք ժամ։ Եռակողմ հանդիպմանը հաջորդել է Պուտին–Փաշինյան առանձնազրույցը։
Նշենք, որ Փաշինյանն ու Ալիևը համաձայնել են հանդիպել նաև դեկտեմբերի 15-ին Բրյուսելում ԵՄ Արևելյան գործընկերության գագաթնաժողովի շրջանակում։
Փաշինյանի ու Ալիևի նախորդ հանդիպումը (Պուտինի մասնակցությամբ) կայացել էր Մոսկվայում այս տարվա հունվարի 11-ին։ Գրեթե 4 ժամ տևած բանակցությունների արդյունքում ընդունվել էր երկրորդ եռակողմ հայտարարությունը, որը հիմնականում վերաբերում էր 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ՝ տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակելու վերաբերյալ կետի իրագործմանը։