Նալբանդյան փողոցը փակելու համար բերման է ենթարկվել Ազատագրական շարժման 6 անդամ․ ոստիկանություն
Ազատագրական շարժման անդամներն այսօր առավոտյան հերթական բողոքի ակցիան էին իրականացրել՝ փակելով Նալբանդյան փողոցը։ Շարժման անդամներից փաստաբանների պալատի նախկին նախագահ Արա Զոհրաբյանը կոչով դիմել էր խցանման մեջ գտնվող վարորդներին՝ միանալ իրենց, շեշտելով, որ Հայաստանն այսօր լուրջ վտանգների առաջ է կանգնած, և ժողովուրդը պետք է դուրս գա պայքարի․
«Մենք մեր անհամաձայնությունն ենք հայտնում Նիկոլ Փաշինյանի հակահայկական ծրագրին»։
Ակցիայի մասնակիցներից մեկն էլ ասաց, որ այս ակցիան ուղղված է թուրքի դեմ։
Ճանապարհը փակելուց 1 րոպե էլ չէր անցել, երբ կարմիրբերետավորները սկսեցին բերման ենթարկել ակցիայի մասնակիցներին։
Ոստիկանության լրատվական ծառայությունից 168.am-ին հայտնեցին, որ փողոցը փակելու համար բերման է ենթարկվել 6 անձ։
«Բերման են ենթարկվել վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182 հոդվածով նախատեսված արարքի՝ Ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելու համար»։
Քիչ առաջ Սոֆյա Հովսեփյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրեց, որ Արա Զոհրաբյանը, Մենուա Սողոմոնյանը, Սևակ Հակոբյանը, Վազգեն Պետրոսյանը բերման են ենթարկել Կենտրոն և Էրեբունի բաժիններ։
Հիշեցնենք, որ Ազատագրական շարժումը վերջերս է ձևավորվել, և ինչպես շարժման անդամներն էին նշում՝ իրենց պահանջն է Նիկոլ Փաշինյանից՝ հրապարակել սեղանին դրված փաստաթուղթը, որը պատրաստվում է ստորագրել, և որը վերաբերում է Հայաստանի և Ադրբեջանի տարածքների միջև սահմանազատման և սահմանագծման գործընթացին։
Նշենք նաև, որ այսօր Ռուսաստանի Դաշնության Սոչի քաղաքում եռակողմ հանդիպում տեղի կունենա Նիկոլ Փաշինյանի, Իլհամ Ալիևի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մասնակցությամբ, և շարժման մասնակիցները մտավախություն ունեն, որ հերթական հակահայ փաստաթուղթը կստորագրվի, ուր հայկական կողմը կզիջի նոր տարածքներ: