Ինչ կատարվեց նոյեմբերի 16-ին

Այդ օրը պատերազմ էր, ամենաիսկական պատերազմ։ Մեր պատերազմների ցանկին՝ քառօրյա, 44-օրյա, ավելացավ նորը՝ մեկօրյա։ Տևողությունը որևէ կերպ չի փոխում խնդրի լրջությունը։ Պատերազմը պատերազմ է՝ զոհեր, վիրավորներ, անհայտ կորածներ, գերիներ…

Եթե նույնիսկ պատերազմը տևի 10 րոպե, միևնույն է պետք է հասկանալ դրա պատճառները, որպեսզի նույնը հաջորդ օրերին չկրկնվի։

Արդյո՞ք մենք փորձ արել ենք հասկանալ, թե ինչ կատարվեց նոյեմբերի 16-ին, արդյո՞ք իշխանությունը, ընդդիմությունը և փորձագիտական հանրությունը հասկացել են, թե ինչ կատարվեց, ու դրանից հետո  փորձել՝ հանրությանը բացատրել, ներկայացնել էությունը։

Նոյեմբերի 16-ի էությունը պետք է լավ հասկանալ, որ կանխենք հաջորդ նման պատերազմները։ Ի՞նչ են հուշում փաստերը.

  • 2-3 շաբաթ առաջ իշխանությունը արտահոսք է ապահովում, թե իբր նոյեմբերի 9-ին ստորագրվելու է «նոր կապիտուլիացիոն» փաստաթուղթ։
  • Ընդդիմության շատ ներկայացուցիչներ տալիս են հապճեպ ռեակցիա, և այդպես ձևավորվում է մթնոլորտ՝ թույլ չտալ նոյեմբերի 9-ի «ազգակործան փաստաթղթի» ստորագրումը։ Սա այն էր, ինչը Նիկոլին պետք էր՝ դրսում շահարկել, թե ներսում ունի արմատական ընդդիմություն, որը կխափանի ամեն ռացիոնալ ընթացք։
  • Նոյեմբերի 9-ից օրեր առաջ ռուսական աղբյուրները տալիս են արտահոսք, թե սպասվում է երեք ղեկավարների՝ Պուտին, Փաշինյան, Ալիև տեսակապով հանդիպում։ Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում Նիկոլն ասում է, թե որևէ հանդիպում նախատեսված չէ։
  • Պեսկովը տալիս է ձևակերպում, թե հանդիպման համար հարկավոր է երեքի համաձայնությունը, և ադրբեջանական մամուլն անթաքույց հարցնում է՝ այդ ո՞վ չի համաձայնում հանդիպմանը։ Ակնհայտ է, որ սլաքներն ուղղվում են դեպի Հայաստան։
  • Հայաստանի քաղաքական վերնախավը, ԱԺ-ն, ընդդիմությունը չեն բարձրացնում աղմուկ՝ ինչո՞ւ է Հայաստանը մերժում հանդիպումը։ Ընդդիմությունը դա չի անում նաև այն պատճառով, որ ինքն իրեն դրել էր ծուղակի մեջ՝ թույլ չտալ «նոյեմբերի 9-ի կապիտուլիացիոն փաստաթղթի ստորագրումը»։ Իսկ մենք վստա՞հ էինք, որ ստորագրվող փաստաթուղթը լինելու էր ազգակործան, իսկ գուցե դա լինելու էր բանակցային պրոցեսը շարունակելու և զարգացնելու մասին փաստաթո՞ւղթ։
  • Ամենայն հավանականությամբ՝ Նիկոլը խուսափել է հանդիպումից և որևէ փաստաթղթից՝ ներքին լարվածություն չստանալու համար։ Եվ չի բացառվում, որ հենց այդ խուսափելու հետևանքն էր Ադբեջանի կողմից մաքսակետերի սրընթաց տեղակայումը, իսկ այնուհետև՝ հարձակումը։ Եվ մեկօրյա պատերազմի՝ Ադրբեջանի բանաձևը մոտավորապես այսպիսին էր. եթե սահմանազատում և սահմանագծում չենք անում միասին, ապա ես դա կանեմ միայնակ՝ ռազմական գործողություններով։ Ի դեպ, ադրբեջանական կողմը նոյեմբերի 16-ի իրադարձությունները բնութագրում էր որպես «լայնամասշտաբ բանակային օպերացիա»։
  • Ռազմական գործողությունները սկսվելուն պես, զոհերի և գերիների վիճակագրությունը սկսվելուն պես՝ Նիկոլը կազմակերպում է ԱԺ-ում ՔՊ-ի հակառուսական ցերեկույթը։ Ու տարիք, հասունություն, անցած ճանապարհ մոռացած՝ տասնյակներով լծվում են պուլտի կոճակի հրահանգին։ Բայց այստեղ կարևորը այս մարդկանց որակը չէ, այլ՝ այն վտանգի մակարդակը, դեպի ուր գործող իշխանությունը դարձյալ հրում է Հայաստանը։ Սա նույն գործելաոճն է, որը կար 2018-2020 թվականներին և որը հանգուցալուծվեց սեպտեմբերի 27-ին սկիզբ առած պատերազմով։ Պատերազմ, որը չպետք է լիներ։
  • Հայաստանում կա շատ սուր խնդիր՝ մեր բոլորի ճակատագիրը որոշում է մեկ հոգի՝ Նիկոլը։ Պետության, ժողովրդի, ներկա և գալիք սերունդների ճակատագիրը նա որոշում է միանձնյա։ Նրա ցանկությունից, նրա հաշվարկներից, նրա առաջնահերթություններից, նրա գիտելիքից, նրա պատկերացումներից և նրա տրամադրությունից է կախված ամեն ինչ։ Եվ հենց այստեղ է, որ ընդդիմությունը ստանում է ժողովրդին դիմելու և հասկացված լինելու մեծ շանս. չի´ կարելի թույլ տալ, որ ՄԵԿ հոգին ինքնակամ ու միայնակ վճռի պետության և յուրաքանչյուրիս ճակատագիրը։ Այս կոչով պետք է ընդդիմությունը դիմի ժողովրդին։ Ու երկրում պետք է վերջապես ձևավորվի համապատասխան տոտալ պահանջ՝ վերջ դնել այս աբսուրդ միապետությանը։
  • Նոյեմբերի 16-ի պատերազմը՝ Ադրբեջանի հարձակումը, ոչ մի պետություն հստակ չդատապարտեց. կոչերն ընդհանրական էին։ Սա վերահաստատեց մեր ստրատեգիական մենակությունը, ինչը շատ վտանգավոր վիճակ է։ Այս իշխանության պարագայում Հայաստանը չի կարողանում այսօր ակնկալել միջազգային որևէ գործուն աջակցություն։ Սա ընդդիմության հաջորդ խնդիրն է՝ այս իրավիճակը և դրա վտանգավորությունը պարզ բացատրել ժողովրդին։
  • Նոյեմբերի 16-ի երեկոյան պատերազմը կանգնեցվեց Շոյգուի միջնորդությամբ։
  • Նոյեմբերի 17-ին Նիկոլը եկավ ԱԺ, սկսեց սրբագրել ու տարանջատվել նախորդ օրվա հակառուսականությունից։
  • Նոյեմբերի 17-ից ռուսական փորձագիտական հանրությունը ցուցադրաբար արձանագրեց, որ հակառուսական ցերեկույթը Նիկոլի պատվերով էր։
  • Նոյեմբերի 17-ին կառավարության նիստում Նիկոլը հայտարարեց, որ ռուսական կողմից կա առաջարկ՝ սահմանազատման և սահմանագծման նախապատրաստման թեմայով, և Հայաստանի համար դա ընդունելի է։ Դարձյալ գործ ունենք միայնակ որոշումների հետ՝ Հայաստանը ե´ս եմ։ Իսկ եթե այդ հայտարարությունը լիներ ավելի վաղ, ապա մեկօրյա պատերազմը կարող էր և չլինել, և չէին լինի կորուստները։
  • Նոյեմբերի 18-ին Վլ. Պուտինը անդրադարձավ խնդրին։

Մենք՝ անցած և հնարավոր պատերազմների միջև

 680 հազար ընտրող թույլ տվեց, որ Հայաստանը շարունակի գտնվել պատերազմի մշտական վտանգի մեջ։ Սա մեր այսօրվա իրականությունն է։ Բայց դա չպետք է համարվի դատավճիռ, այս վիճակին չի կարելի համակերպվել՝ այնպես, ինչպես չի կարելի համակերպվել անդադար պատերազմներին։

Նիկոլից դրական սպասելիքներ, հասկանալի է, չկան, բայց Նիկոլի ընտրազանգվածի հետ պետք է խոսել, որովհետև նրանք ուզում են խաղաղ և կանխատեսելի Հայաստան։

Այս պայմաններում իրավիճակը փոխելու ռեսուրսը մնում է ընդդիմությունը։ Դրա համար՝ ընդդիմությունը պետք է գնա բովանդակային և կառուցվածքային փոփոխությունների։ Պետք է ընտրվեն նաև հանրության հետ կոմունիկացիայի, հանրության ասելիքի նոր, ճիշտ բանաձևեր։

1. Բարձրացնել ահազանգ՝ չի´ կարող, աբսուրդ է, երբ այս բարդ իրավիճակում մեր բոլորի ճակատագիրը որոշում է մեկ հոգի՝ թաքուն, միայն իրեն հասկանալի և ցանկալի հաշվարկներից ելնելով։ Սա բերում է պատերազմների։ Պետք է գեներացնել հանրային ճնշում՝ պահանջելով բացատրություն՝ ի՞նչ ես բանակցում, ինչի՞ց ես խուսափում, ի՞նչ լուծումների ենք գնում և այլն։

2. Ընդդիմությունը չի կարող հայտարարել, որ մենք դեմ ենք սահմազատմանը և սահմանագծմանը, ճանապարհների ապաշրջափակմանը և բանակցային մյուս ուղղություններին։ Նախ՝ արտաքին աշխարհում ոչ մեկի կողմից դա չի ընկալվում, և դա չի ընկալվում ներսում։ Որովհետև միանգամից ծագում է հարց. այդ դեպքում ո՞րն է այլընտրանքը։ Հիմա եկել ենք մի փուլի, երբ ընդդիմության խնդիրը ոչ թե պարզ հակադրումն է իշխանությանը, այլ՝ հանրությանը լուծումներ և տեսլականներ ներկայացնելը։ Հայաստանը բանակցային սեղանին պետք է ներկայացնի առաջարկների սեփական փաթեթը՝ խելամիտ հաշվարկներով. և դա կարող է անել ընդդիմությունը։

3. Լուրջ խնդիր է Հայաստանի միջազգային մեկուսացումը մեղմելը։ Ոչիշխանական համակարգերում կան լուրջ անհատներ և մեխանիզմներ՝ այս ուղղությամբ աշխատելու համար։ Հանրությունը սա պետք է տեսնի։

Ամփոփում

Նոյմեբերի 16-ի պատերազմում ամենավտանգավորն այն է, որ հայ հասարակությունը չի հասկանում, թե ինչ կատարվեց, ինչ պրոցես է գնում։ Ժողովրդից  թաքուն խաղաղությունից դեպի ժողովրդից թաքուն պատերազմ մեկ հեշտ քայլ է, որը ոչ մի պարագայում չի կարելի թույլ տալ։ Ուրեմն՝ ընդդիմադիր համակարգերի և փորձագիտական հանրության խնդիրը դա է՝ հնարավորինս պարզ ներկայացնել եղելությունը, և նաև սա է հաջորդ ցանկացած օր նոր պատերազմ չունենալու երաշխիքը։

Արժանապատվություն, պրագմատիզմ և ազգային երազանք. սա պետք է լինի Հայաստանի հաջորդ փուլի գաղափարների փաթեթը, որը կծառայի նաև ներքին համախմբմանը։

Վահե Հովհաննիսյան

Այլընտրանքային նախագծեր խումբ

 

Տեսանյութեր

Լրահոս