«Սերժ Սարգսյանը շատ հստակ ասել է՝ չենք բանակցել, թե ինչ ենք տալու, այլ բանակցել ենք, թե ինչ ենք ստանալու». Էդուարդ Շարմազանով
Հոկտեմբերի 27-ին խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը, դիմելով Նիկոլ Փաշինյանին, ասել էր, որ այժմ ադրբեջանցի սահմանապահները հայտնվել են Սյունիքում, որովհետև դեկտեմբերի 18-ին եղել է զորքերի հետքաշման հրաման, որը նախատեսված չի եղել նոյեմբերի 9-ի հայտարարությամբ: Նա հետաքրքրվել էր՝ զորքերի հետքաշման հրամանը եղել է բանավո՞ր, թե՞ գրավոր, ի՞նչ է այն մարդու անուն-ազգանունը, ով հնչեցրել է նման հրաման, արդյո՞ք ԱԽ նիստ տեղի է ունեցել՝ նման որոշում կայացնելուց առաջ։
Այս հարցադրումներին ի պատասխան՝ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ Սյունիքում զորքերը հետ են քաշվել իր անմիջական հրամանով։
«Ես երբևէ հրաժարվե՞լ եմ, որ ես այդ որոշման պատասխանատուն եմ: Երբևէ նման բան եղե՞լ է: Գրավո՞ր է եղել, թե՞ բանավոր է եղել, նախարարը գրավո՞ր է տվել, թե՞ բանավոր՝ իրենց ընթացակարգերով են տալիս հրամանները: Քննարկում եղե՞լ է՝ այո, եղել է: ԱԽ նիստ չի եղել, բայց ԱԽ բոլոր անդամները, Սյունիքի մարզպետը, ԱԳ նախարարը, որ ասում էր՝ մենք տեղյակ չենք, նախարարի տեղակալը, որովհետև հետո ինքը գործուղման էր, մասնակցել են այդ քննարկմանը:
Այդ քննարկումը տեղի է ունեցել կառավարությունում, և որոշում է կայացվել: Ինչո՞ւ է կայացվել այդ որոշումը: Որոշումը կայացվել է հասցեագրելու համար ձեր՝ հիմա հնչեցվող քննադատությունները, կայացվել է՝ պատերազմից խուսափելու համար, որովհետև իմ համոզմունքն այն էր, որ եթե այդ որոշումը չկայացվեր, այնտեղ ռազմական գործողություններ էին սկսելու և իրոք Սյունիքում մենք ունենալու էինք խնդիրներ: Ես ձեզ 100 անգամ ասել եմ՝ ինչի մենք ընդե՞ղ էինք կանգնած: Մենք դրանից տասնյակ կիլոմետրեր առաջ էինք կանգնած: Մենք եկել-հասել ենք, ցավոք սրտի, այդտեղ»,- նշել էր Ն. Փաշինյանը:
168.am–ի հետ զրույցում ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովն անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այս հայտարարությանը՝ նկատեց՝ նրա ասածների մեջ որևէ տրամաբանություն չկա, ընդհակառակը, նա խախտել է նոյեմբերի 9-ի հայտարարությունը հայկական շահին հակառակ, քանի որ հայտարարության մեջ գրված է, որ զորքերը կանգնում են այնտեղ, որտեղ կանգնած են եղել նոյեմբերի 9-ի դրությամբ։
«Մարդը միանձնյա մի քանի կիլոմետր տվել է Ադրբեջանին, ինքը չէ՞ր ասում՝ «Արցախը Հայաստան է, և վերջ», դե, այդ Հայաստանից ինքը մի քանի կիլոմետր նվիրել է Ադրբեջանին՝ հրամայելով հայկական զորքերին հետ քաշվել։ Ինքը կարող է շատ բան ասել, օրինակ, որ նման քայլի է դիմել, որպեսզի 25.000 մարդու կյանք փրկի, բայց համաձայն նոյեմբերի 9-ի իր ստորագրած հայտարարության, նման բան նախատեսված չի եղել։ Նիկոլը դեկտեմբերի 18-ին իրականացրել է հակապետական, հակահայկական գործողություն, որը դեմ է Հայաստանին ու հայկական շահերին և սպասարկում է բացառապես Ադրբեջանի շահերը»,- նշեց Էդուարդ Շարմազանովը։
Նա ընդգծեց, որ քանի դեռ Նիկոլ Փաշինյանն իշխանության է, որևէ բան չեն կարող փոխել՝ ստեղծված իրավիճակը չեն կարող փոխել հօգուտ հայկական շահի, քանի որ դրա գլխավոր խոչընդոտողը նա է։ Ավելին՝ նրա իշխանության մնալով ոչ միայն հնարավոր չի որևէ բան փոխել, այլև աստիճանաբար իրավիճակն ավելի է վատթարանալու։
«Մենք մեր հայրենիքի մի մասը կորցրել ենք, որովհետև ունեցել ենք իր նման անգրագետ, Ադրբեջանին կառուցողական համարող ոչ բարով ղեկավար։ Կորուստների միակ պատճառն ինքն է, իր մեջ թող փնտրի։ Իսկ թե մենք ինչ ենք բանակցել, մեր բանակցությունների արդյունքը լավագույնս իր «կառուցողական» ընկեր Ալիևն է ներկայացրել, որը 2016 թվականի հոկտեմբերի 7-ին Ադրբեջանի կառավարության նիստում ասում էր, որ փակ դռների հետևում իրեն ստիպում են ճանաչել Արցախի անկախությունը։
Սերժ Սարգսյանը շատ հստակ ասել է՝ մենք չենք բանակցել, թե ինչ ենք տալու, այլ բանակցել ենք, թե ինչ ենք ստանալու։ Մենք նախ և առաջ բանակցել ենք Արցախի կարգավիճակի շուրջ, որը գաղտնազերծել է ռուս համանախագահ Պոպովը, որը Նիկոլ Փաշինյանի նմանատիպ հայտարարություններին ապտակ տվեց և գաղտնազերծեց Սերժ Սարգսյանի բանակցային ժառանգությունը։
Ըստ այդմ, մենք 5 շրջանների դեպքում ստանալու ենք միջանկյալ կարգավիճակ, Բերձորն ու Քարվաճառը մնալու են հայկական վերահսկողության տակ այնքան ժամանակ, մինչև Արցախը դե յուրե չի ճանաչվում։ Դրա մասին նաև խոսել է իր «կառուցողական» ընկեր Ալիևը, որը Քարվաճառ կատարած այցի ժամանակ նշել է, որ Բերձորն ու Քարվաճառը բանակցություններով չէին տրվելու Ադրբեջանին, մինչև հանրաքվե չլիներ, իսկ հանրաքվեն պետք է կայացնել 1988 թվականին Արցախում ապրող բնակչության համամասնությամբ, որտեղ ճնշող մեծամասնությունը հայեր էին»,- շեշտեց Է. Շարմազանովը։
Միաժամանակ նա ընդգծեց՝ հետաքրքիր է՝ Նիկոլ Փաշինյանն ինչի՞ շուրջ է բանակցել, ում 2020 թվականի հոկտեմբերի 12-ին հստակ ասել է, որ նրան ժառանգել են երկու հայկական պետություն, 12.000 քմ Արցախ, հետևաբար՝ պետք է մտածի, թե ինչ է փոխանցելու իրենից հետո։
Էդուարդ Շարմազանովի խոսքով, եթե նույնիսկ Նիկոլ Փաշինյանը չբարձրաձայնի, թե ի՞նչ է տեղի ունեցել պատերազմի ժամանակ, որ Արցախի մեծ մասը կորսվեց, միևնույն է՝ իր համար պարզ է, թե ինչ է տեղի ունեցել, հետևաբար՝ իմաստ չկա սպասել, թե նա կխոստովանի, որ պարտության պատճառն ինքն է։
«Ինքը մինչև Տիգրան Մեծ հասնելու է, բոլորը մեղավոր են, բացի իրենից, փաստերը խոսում են, կան հրապարակային փաստեր։ Այդ մարդը հոկտեմբերի 19-ին մեզ հետ հանդիպմանն ասել է՝ սեղանին դրված է «5+2», հենց այդ ժամանակ ես իրեն ասել եմ՝ կանգնեցրու պատերազմը, դիմի Պուտինին։ «5+2»-ի մեջ Շուշին ու Հադրութը չեն մտնում, հետևաբար՝ ակնհայտ է, չէ՞, որ Շուշին ու Հադրութն ինքն է տվել։ Ես իրեն ուղիղ հարց եմ տվել, ասել եմ՝ ընկեր ջան, սեպտեմբերի 27-ից առ այսօր քեզ ի՞նչ է առաջարկվել, ասել է՝ բացառապես «լավրովյան պլան՝ 5+2»։ Ու մենք այսքանից հետո սպասում ենք, որ նա հարցերի նորմալ կապատասխանի։ Նա կասի՝ բոլորն են մեղավոր՝ ռուսական ցարը, Կարեն Դեմիրճյանը, Ռոբերտ Քոչարյանը, Տիգրան Մեծը, բայց ոչ ինքը։ Պատերազմի ժամանակ նրա հետ երկու հանդիպումն ինձ բավարար է եղել հասկանալու համար, որ այդ մարդը չի կարող լինել պետության ղեկավար, պատերազմի ժամանակ էլ, առավել ևս, գերագույն հրամանատար»,- եզրափակեց Էդուարդ Շարմազանովը։