«Կառավարությունը գյուղացուն և մասնագետին չի հարցնում՝ ի՞նչ անեմ, որ ավելի արդյունավետ լինի․ անում է այն, ինչ մտքով անցնում». Սեդրակյան
Կառավարությունը հոկտեմբերի 14-ին հաստատեց մինչև 3 հա հողատարածքներում կաթիլային և անձրևացման ոռոգման համակարգերի ներդրման դեպքում ջրօգտագործողներին ոռոգման ջրի վարձավճարի փոխհատուցման ծրագիրը:
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը նշեց, որ նախագծի ընդունումը պայմանավորված է ոռոգման ջրի խնայողաբար և արդյունավետ օգտագործման, նոր հողատարածքների ավելացման, հողօգտագործողների եկամուտների աճի ավելացման անհրաժեշտությամբ։
«Հայաստանում առկա են գերնորմատիվային հողատարածքներ, որտեղ ոռոգման ջրի պահանջարկն ավել է նորմատիվայինից 2-3 անգամ։ Որոշման նախագծի ընդունումը թույլ կտա այդ տարածքներում աճեցնել ջրախնայող մշակաբույսեր, կաթիլային անձրևացման ոռոգման համակարգերով ջուրը կօգտագործվի արդյունավետ եղանակով»,- ասաց Գնել Սանոսյանը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ նշեց, որ այդ նպատակով վերցված վարկերի տոկոսները սուբսիդավորում են՝ տոկոսները հասցնելով 0%-ի, ու մարդիկ հիմա հնարավորություն ունեն մինչև ոռոգման հաջորդ սեզոնի մեկնարկը կաթիլային ոռոգում կամ անձրևացման համակարգ ունենալ և 2022թ․ ոռոգման սեզոնի մեկնարկից մինչև 2027թ․ ոչ մի դրամ չվճարել ոռոգման ջրի համար:
Ֆերմերային շարժում ՀԿ նախագահ, ռազմավարական ծրագրերի քաղաքացիական համագործակցության ցանցի նախագահ Սարգիս Սեդրակյանի կարծիքով՝ ճիշտ է, կաթիլային ոռոգման կիրառմամբ ոռոգման ջրի խնայողություն է արվում, և այն արդյունավետ է օգտագործվում, սակայն բազմաթիվ գյուղացիներ այսօր չունեն ֆինանսական բավարար միջոցներ կաթիլային ոռոգում անցկացնելու համար:
«Մի մասին բանկը վարկ չի տալիս, իսկ մյուս մասն էլ վախենում է, որ կարող է կաթիլային ոռոգման համակարգը մոնտաժել, բայց հետո ուրիշները գան, խողովակները քանդեն, գողանան տանեն: Իսկ ինչ վերաբերում է մինչև 3 հա հողատարածքներում կաթիլային և անձրևացման ոռոգման համակարգերի ներդրման դեպքում ջրօգտագործողներին ոռոգման ջրի վարձավճարի փոխհատուցմանը, ապա հարկ է նշել, որ դա այդքան էլ շատ գումար չի կազմում:
Կառավարությունը գյուղացուն և ոլորտի մասնագետին չի հարցնում՝ ի՞նչ անեմ, որ ավելի արդյունավետ լինի, այլ անում է այն, ինչ մտքով անցնում է: Բազմաթիվ գյուղացիների երբ հարցնում ես՝ քեզ կառավարությունը ինչո՞վ է օգնում, պատասխանում են՝ ոչնչով: Կարևոր է վերանորոգել ոռոգման ջրատարները, որպեսզի բնական պաշար հանդիսացող ոռոգման ջրի կորուստ տեղի չունենա, քանի որ որոշ տեղերում ջրի կորուստը կազմում է մինչև 80%»,- ասաց Ֆերմերային շարժում ՀԿ նախագահը: