Պատերազմի բերած արհավիրքները, մեր ահռելի կորուստները, այս ամենի ֆոնին գրեթե ոչինչ չանելը… մենք կրկնակի ցավ ենք ապրում. 2014-ին զոհվածի մայր
Երևանում Շուշիի փողոց անվանակոչելու համար այսօր Ավան վարչական շրջանում մեկնարկած ստորագրահավաքին մասնակցում էր նաև 2014թ. հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը արցախաադրբեջանական շփման գծում ադրբեջանցիների դիվերսիոն խմբերի ներթափանցման փորձը արիաբար կանխած և այդ կռվում զոհված կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանի մայրը՝ տիկին Մարինեն:
«Ես մեծ ցավ ապրեցի՝ ստորագրելով: Կարծում եմ՝ սա մեկնարկն է նաև այն բանի, որ մենք մի օր հետ կբերենք մեր Շուշին»,- ասաց տիկին Մարինեն՝ նշելով, որ անգամ ուշացած է այս ստորագրահավաքը:
«Պատերազմը և իր հետ բերած արհավիրքները, մեր ահռելի կորուստները և այս ամենի ֆոնին գրեթե ոչինչ չանելը… ամեն զոհի հետ մենք՝ ես ու իմ նման ծնողները, կրկնակի ցավ ենք ապրել: Ես չեմ պատկերացնում՝ ինչ պետք է լինի մեր անհայտ կորածների, գերի զավակների ճակատագիրը: Ես, օրինակ, արթնանում եմ մռայլ մտքերով ու ինձ ինչ-որ տեղ կարծես մեղավոր եմ զգում, որ ես կամ, մեր նման մայրերը կան, իսկ իրենք չկան: Կամ ո՞նց կարելի է հանգիստ գլուխը դնել բարձին, երբ մեր հարյուրավոր զավակներ գերության մեջ են, պատկերացնում ենք, թե ինչ խոշտանգումների են նրանք ենթարկվում»,- ասաց Արմեն Հովհաննիսյանի մայրը:
Հարցին, թե արդյո՞ք ունեն բացատրություն՝ որտեղ սխալվեցինք և ինչու հասանք այս օրվան, տիկին Մարինեն հիշեց 2020թ. նոյեմբերի 10-ի առավոտը, երբ իմացել էր ստորագրված հայտարարության մասին, երբ ինքն անգամ գրառում էր կատարել՝ որ այնքան մեծ ցավ չէր զգացել որդու կորստի ժամանակ, ինչքան զգացել էր այդ լուսաբացին:
«Երբ սկսվեց պատերազմը, մեզ բոլորիս ուղղակի մոլորեցնում էին և այն միֆերն էին հրամցնում, որ մենք հաղթում ենք: Ցավոք, այդպես չեղավ… Ես մեծ ափսոսանք ապրեցի միայն այն մտքից, որ Արմենը և իր նման տղաները կարողացել էին մարտական դիրքերը պահել, որպեսզի թշնամին առաջ չգա, բայց այսօր, ինչպես մեր հանճարեղ բանաստեղծը՝ Խաչիկ Մանուկյանն է ասում, և՛ բարձունքները չկան, և՛ տղերքը չկան: Դրանից ավելի սարսափելի բան չի կարող լինել»,- ասաց տիկին Մարինեն:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում