Офицеры, ваше сердце под прицелом… կամ՝ ինչո՞ւ Նիկոլն իրեն պարտված չի համարում
Պատերազմից հետո այս մեկ տարվա ընթացքում բազմաթիվ անգամ գրվել է այն թերացումների կամ բացթողումների մասին, որոնք վերջին պատերազմում հանգեցրին պարտության, այն է՝ իրական մոբիլիզացիայի չկայացում, կառավարման հստակ համակարգի բացակայություն կամ պատերազմի առաջին շաբաթում հայկական ռազմական ղեկավարության՝ զինված ուժերին կառավարելու ունակության կորուստ, կառավարման համակարգի «սբոյ», պատերազմի ժամանակ «ոտքի վրա» կամ ՊԲ հրամանատարի առանձին սենյակում բանակից և ռազմական որոշումներից չհասկացող մարդկանց հետ որոշումների ընդունում, կադրային սխալ փոփոխություններ, ռազմական գործողությունների ժամանակ հայկական տարբեր ստորաբաժանումների միջև պատշաճ կոորդինացիայի բացակայություն, և այլն:
Այս շարքը կարելի է շարունակել, այդ թվում՝ վերլուծելով ռազմական առանձին դրվագներ, տակտիկական նահանջներ, որոնց համար Նիկոլ Փաշինյանը մեղադրել է բոլորին, այդ թվում՝ ռազմական ղեկավարությանը, բանակին, և ինքն իրեն, բնավ, պարտված չի զգում:
Շատերս էլ արձագանքում ենք, թե բանակը չի պարտվել, որ արել է այն, ինչ կարող էր իր դեմ պատերազմի դուրս եկած մի քանի պետության դեմ՝ Ադրբեջան, Թուրքիա, Իսրայել, Պակիստան, երբ Ադրբեջանը նրանց շնորհիվ մինչև «ատամները» զինված էր ժամանակակից սպառազինությամբ, մարդկային ռեսուրսի խնդիր էլ չկար:
Բայց այս ամենը թողնենք մի կողմ, և այս անգամ պատերազմի ընթացքին, ելքին նայենք այլ տեսանկյունից: Նիկոլ Փաշինյանն ինքն իրեն պարտված չի համարում, ինչը հաստատեց նաև երեկ՝ Անկախության օրվան նվիրված գլխավոր միջոցառմանը։
«Պատմությունը ցույց է տվել, ապացուցել է, որ հաղթանակը պատերազմում միշտ չէ, որ դարձել է հաղթանակ, նույնկերպ և՝ պարտությունը պատերազմում միշտ չէ, որ դարձել է պարտություն: Մենք մեր պարտությունը պիտի փոխակերպենք հաղթանակի, բայց պիտի փոխակերպենք նաև հաղթանակի մեր բանաձևը, որովհետև պատմությունը դա է ցույց տվել, որ հաղթելու համար պարտադիր չէ, երբեմն՝ նույնիսկ պետք չէ հաղթել ուրիշներին: Հաղթել՝ նշանակում է՝ հաղթել հուսահատությանը, հաղթել անելանելիությանը, հաղթել ճակատագրին, հաղթել մահվանը»,- երեկ հայտարարեց նա:
Նույն միտքը Փաշինյանը հնչեցրել էր նաև պատերազմի առաջին օրը հրավիրված ԱԺ հատուկ նիստի ժամանակ՝ 2020-ի սեպտեմբերի 27-ին:
«Եվ չկա հաղթանակ, որը նախ քո հոգում և մտքում չի ծնվում, չկա հաղթանակ, որը չի ծնվում յուրաքանչյուր անհատի մտքի և հավաքական գիտակցության մեջ: Եկեք պայմանավորվենք մի բան, որ ինչ էլ լինի՝ մենք մեզ երբեք պարտված չենք ճանաչի, և ինչ էլ լինի, մենք չենք դադարի քայլել, չենք դադարի ընթանալ, չենք դադարի պայքարել՝ հանուն մեր ազգային հաղթանակի, հանուն Հայաստանի հաղթանակի, հանուն Արցախի հաղթանակի, հանուն հայ ժողովրդի հաղթանակի»,- շեշտել էր վարչապետի աթոռը զբաղեցնող անձը:
ԱԺ-ում Փաշինյանի այս ելույթն ավելի շուտ նախազգուշացում էր՝ ամեն ինչ գնալու է «պետք չէ հաղթել ուրիշներին» «ռազմական օպերացիայի» շրջանակում, և մեկ միլիմետր անգամ Փաշինյանը չի շեղվել իր նախագծած օպերացիայից: Եվ երբ ասում է՝ բանակը պարտվել է, այո՛, հաշվի առնելով իր նախագծած օպերացիան և պատերազմի ընթացքում տիրող ողջ քաոսը, ստացվում է՝ բանակը պարտվել է:
Պատերազմի միջով անցած, ՌԴ ռազմական ակադեմիաները գերազանցությամբ ավարտած, աշխարհի հզոր ռազմավարների «պատերազմի վարման» կանոններն ուսումնասիրած և սերտած փորձառու զինվորական-գեներալները, որոնք ռազմական հաջող օպերացիաներ են գծել ու ղեկավարել, հլու-հնազանդ «որդեգրում» են այս ամենից կիլոմետրերով հեռու և դավադրությունների սիրահար Փաշինյանի՝ «պետք չէ հաղթել ուրիշներին» օպերացիան: Ի՞նչ է սա, եթե ոչ՝ պարտվել:
Եթե սկզբում գործնականում Նիկոլի օպերացիան ակներև չէր, ապա ընթացքում հաստատ պարզից էլ պարզ պիտի լիներ, որ հաղթելու է «ուրիշին չհաղթելու» նրա քաղաքական այս նախագիծը:
Այո, Նիկոլն ինքն իրեն պարտված չի համարում, ինքն իր տեսակին, որդեգրած արժեհամակարգին չի դավաճանել, իր դավադիր պայմանավորվածությունները հստակ իրագործել է, սակայն պարտվել է ՀՀ-ի և Արցախի ռազմական ղեկավարությունը, և էական չէ՝ ակամա թե կամա՝ թեկուզև իր հնազանդությամբ, զինվորականի իր «միամտությամբ», և լռությամբ: Եվ այս ամենի վտանգն այն է, որ, օրինակ, ՀՀ ռազմական ղեկավարությունը, գեներալիտետը իրեն շատ լավ է զգում Նիկոլ Փաշինյանի «պարտությունից չնեղվելու» «թաքստոցում», և այն, որ իրենց ուսերից վերցնում են Սահմանադրական առաքելությունը՝ ապահովել Հայաստանի Հանրապետության պաշտպանությունը, անվտանգությունը, տարածքային ամբողջականությունը և սահմանների անձեռնմխելիությունը՝ չհասկանալով, որ երբ պետք եկավ՝ այդ գերագույն կոչվածը նորից հիշելու է Սահմանադրության 14-րդ հոդվածը և մեղադրի իրենց այն չկատարելու մեջ:
Նիկոլ Փաշինյանը ճիշտ է անում, երբ հետախուզությանը «մեղադրում է» անկարողության մեջ. նրանք չեն կարողացել նախապես բացահայտել «պետք չէ հաղթել ուրիշներին» դավադիր օպերացիան: Իսկ եթե իմացել են, ուրեմն՝ ավելի վատ, հետախուզությունը կոչված է լինելու միայն բանակի, պետության «աչքերն ու ականջները»:
Մի առիթով ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը ասել է՝ կան սպաներ, որոնք ռազմաճակատում «դառնում են ոչինչ», իսկ կան զինվորներ, որոնք ռազմաճակատում դառնում են սպաներ: (Есть офицеры, которые на фронте становятся никем, а есть солдаты, которые на фронте становятся офицерами. Юрий Хачатуров):
Այս պատերազմը շատ գեներալների «ոչինչ» դարձրեց, իսկ զինվորը չի պարտվել….