Հերիքնազ Տիգրանյանը ստում է. ամբողջ պետական ապարատը չի պարգևատրվել

Երեկ առավոտյան հայտնի դարձավ, որ Ազգային ժողովի (ԱԺ) պատգամավորները 380 000 ՀՀ դրամից ավելի պարգևավճար են ստացել:

Չէինք էլ իմանա այս մասին, իհարկե, եթե նախ ԱԺ ընդդիմադիր «Հայաստան», ապա «Պատիվ ունեմ» խմբակցությունները չհայտարարեին այդ մասին, չասեին, որ հրաժարվում են այդ գումարներից, և որ դրանք փոխանցվում են կամ զինծառայողների սոցիալական ապահովության հիմնադրամին, կամ կուղղվեն տեղահանված մեր հայրենակիցների սոցիալական կարիքները հոգալուն:

Դրանից հետո խորհրդարանական խմբակցությունների ճեպազրույցների ընթացքում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանն ասաց՝ Անկախության 30-ամյակի առթիվ պարգևատրվել են ոչ միայն ԱԺ պատգամավորներն ու աշխատակազմը, այլ ամբողջ պետական ապարատը:

«ԱԺ ամբողջ աշխատակազմը և պատգամավորներն անկախության տոնի առթիվ ստացել են պարգևատրում, դա ոչ միայն օրենսդիր մարմնին է վերաբերում, այլ ամբողջ պետական ապարատին: Հանրային ծառայողները կամ հանրային ծառայության պաշտոն զբաղեցնող անձինք անկախության տոնի առթիվ, որպես պետության կողմից խրախուսում, ստացել են գումար տարբեր չափերի՝ կախված զբաղեցրած պաշտոնից»,- ասել էր իշխանական պատգամավորը:

Հերիքնազ Տիգրանյանը, սակայն, մեղմ ասած, ճիշտ չի ասում, իսկ ավելի ճիշտ՝ ստում է. ամբողջ պետական ապարատը չի պարգևատրվել, այլ դրա չնչին մասը, ավելի ստույգ՝ միայն պատվաստված աշխատակիցները: Դրա մասին է վկայում մեր հարցախույզը ՀՀ տարբեր պետական գերատեսչությունների աշխատակիցների շրջանում:

Իսկ 168.am-ի խմբագրություն զանգահարած նախարարություններից մեկի պատվաստված քաղծառայող աշխատակիցը, ով հասկանալի պատճառներով չցանկացավ, որ իր անունը հրապարակենք, ասաց, որ ինքը չի պարգևատրվել, և քանի որ պատվաստված էր, իրեն պարգևավճարից զրկելը պայմանավորեց քաղաքական հայացքներով:

Էլ չենք խոսում այն մասին, որ առհասարակ պարգևավճարի մասին անգամ չեն լսել ՀՀ դպրոցների ուսուցիչները, ովքեր նույնպես աշխատավարձ ստանում են պետական բյուջեից, ընդ որում՝ ԱԺ պատգամավորների համեմատությամբ ստանում են ողորմելի աշխատավարձ, բայց որոնց օգտակար գործողության գործակիցը հաստատ ավելի պակաս չէ:

Այնպես որ, տիեզերական անբարոյականություն պետք է ունենալ միայն սեփական նախընտրություններով պարգևավճար տալն արդարացնելու համար:

Տեսանյութեր

Լրահոս