«Իր սգո արարողություններին թող DJ Էդոյով փրփուր-փարթի անի, եթե դա ի հիշատակ զոհերի է». Արմեն Աշոտյան

«Այս կապիտուլյանտ իշխանությունների պատճառով հայտնվել ենք մի իրավիճակում, երբ այն ավանդական ազգային օրակարգը՝ որպես պետական շահ, որ սպասարկել ենք տարիներ շարունակ, այդ թվում նաև՝ եվրոպական մայրաքաղաքներում, այսօր, ժողովրդական լեզվով ասած՝ չախվում է այս կառավարության կողմից»,- 168TV«Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

Նրա խոսքով՝ ռեալ փաստ է, որ ՀՀ գործող իշխանությունները փորձում են «սվաղել» պատերազմը՝ ինչ եղել՝ եղել է. «Թուրքիային և Ադրբեջանին միջազգային դիվանագիտական, իրավական լծակներով պատժելու որևէ ցանկություն չունեն: Նույնը վերաբերում է Արցախի տարածքների դեօկուպացիայի հարցին, որը նույնպես ես ու իմ ընկերները դրսում բարձրաձայնում ենք, բայց այս կառավարության համար դա գոյություն չունեցող հարց է: Առանձին թեմա են ռազմագերիները. Ռազմագերիների խնդիրն առաջացել է ամբողջությամբ այս դավադիր իշխանությունների պատճառով, որոնք նոյեմբերի 9-ից սկսած եռակողմ հայտարարության հանրայնացման առաջին իսկ պահից մինչև այսօր չեն գործարկել այն ողջ գործիքակազմը, որ վաղուց պետք է թույլ տար ռազմագերիների վերջնական փոխանակում և վերադարձ Հայաստան: Մեր տղաները ոչ միայն Ալիևի և էրդողանի, այլև Նիկոլի պատանդներն են, ես դա ամենայն պատասխանատվությամբ եմ ասում: Մեր տղաները գտնվում են Բաքվի բանտերում՝ որպես Նիկոլ Փաշինյանի պատանդներ»:

Նա ընդգծեց՝ եվրոպական քաղաքական վերնախավում Հայաստանին խղճում են, բայց գրեթե ոչ ոք չի հարգում. «Հայաստանին խղճում են, կարեկցում են, բայց ոչ ոք չի հարգում, և ոչ այնքան պարտության համար, այլ այն բանի համար, որ հունիսի 20-ին այս ոհմակը վերընտրվեց: Եվ շատ հաճախ տրվող հարցը հետևյալն է՝ լավ, ո՞նց եղավ, որ սրան ընտրեցին: Շատ ազնիվ պետք է խոսել՝ իհարկե, կար 5-7 տոկոս ընտրակեղծիք, կար ընտրությունների՝ Սահմանադրությանը հակասող միջավայր, ինչը Դավիթ Հարությունյանը փայլուն ապացուցել է ՍԴ համապատասխան նիստում, բայց խոստովանենք, որ հասարակության մեջ կա մի կորիզ, որ հոգնել է պատերազմից, կռվելուց՝ սեփական արժանապատվության, սեփական օջախի, սեփական տան համար, և սա մի երևույթ է, որ երբ դրսից նայում ես, լինի դա թե՛ ՌԴ նախագահի աչքերով, որն ասաց՝ ստացել եք մանդատ՝ ցավոտ լուծումների համար, թե՛ եվրոպական գործընկերների աչքերով չի կարող ավելացնել հարգանք հայ ժողովրդի նկատմամբ»:

Արմեն Աշոտյանը նկատեց ՝ թշնամին մտել է, սպանել է, ավերել է, նստած է մեր կոկորդին, իսկ ՀՀ իշխանությունները խոսում են խաղաղության դարաշրջանի մասին. «Խաղաղության դարաշրջան կարող է բացվել, երբ առնվազն արցախյան հակամարտության հանգուցալուծումը լինի ընկալելի արդարության և միջազգային իրավունքի տեսակետից: Նոր ստատուս-քվոն հակաիրավական է և անարդար է, հետևաբար՝ խաղաղության մասին կարող ենք խոսել, երբ Հայաստանում վերականգնվի ազգային իշխանությունը, և Հայաստանը ունենա որոշակի ժամանակահատված, հատկապես՝ ՌԴ-ի հետ իր ռազմավարական հարաբերությունների խորացման միջոցով՝ վերականգնել իր ռեսուրսը: Նույն սեպտեմբերի 21-ի մասին շատ խոսվեց՝ Նիկոլի անբարոյական հայտարարության մասին: Չեմ ուզում մտնել ընտանեկան դաշտ, բայց իր սգո արարողություններին թող բերի՝ DJ Էդոյով փրփուր-փարթի անի, եթե դա ի հիշատակ է զոհերի: Սա հոգեբանական տրյուկ է, որովհետև նրանք ամեն ինչ անում են, որպեսզի շրջեն պատերազմի էջը: Իրենք շատ լավ գիտեն, որ այո, ֆորմալ առումով իրենք քաղաքական մեծամասնություն են, բայց բարոյական առումով մեծամասնություն չեն, և քանի որ իրենք փչացած են և անբարոյական, հիմա ցանկություն ունեն փչացնել նաև ժողովրդին»:

ՀՀԿ փոխնախագահը շեշտեց՝ մեր ժողովրդին վերջնականապես փորձում են սարքել աշխարհաքաղաքական բոմժ՝ անինքնասեր, վատ իմաստով՝ առևտրական. «Դա իրենց գերնպատակն է: Այսօրվա իրավիճակում Հայաստանի ինքնիշխանության տոտալ լիկվիդացիա է, և մենք սրա ականատեսն ենք լինում, երբ Նիկոլ Փաշինյանը միաժամանակ խոստումներ է տվել և՛ Ռուսաստանին, և՛ Արևմուտքին, մնում է հասկանալ, թե ում է առաջինը «քցելու»: Հասկանում եք, չէ՞, որ ցանկացած աշխարհաքաղաքական «քցոցի» լրջագույն ցնցումներ կարող է առաջացնել Հայաստանում և Արցախում»:

Ինչ վերաբերում է Թուրքիայից Փաշինյանի ստացած «դրական ազդակներին», նա  հետևյալն ասաց. «Էրդողանի հետ այսօրվա սիլի-բիլին, էն պորտապարը, որ Նիկոլը պարում է Էրդողանի աշխատանքային սեղանին, բացարձակ կապ չունի մեր ազգային օրակարգի հետ: Այսօրվա հայ-թուրքական թեման արցախյան վերջին պատերազմի պարտության հետևանք է: Եթե Սերժ Սարգսյանի ժամանակ տարանջատում էինք Ադրբեջանը և Թուրքիան, հիմա Ադրբեջանի և թուրքական բանակի օգնությամբ հաղթանակը Արցախում նրանք փորձում են կապիտալիզացնել հայ-թուրքական օրակարգի մեջ: Ակնհայտ է, չէ՞, որ այստեղ որևէ դրական ազդակ չկա»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս