«Ֆիզգորոդոկում երեկվա քաշքշուկներից հետո 1 քաղաքացի սրտի կաթվածով վերակենդանացման բաժանմունքում է»․ բնակիչ
Երևանի Աջափնյակ վարչական շրջանի Ալիխանյան եղբայրներ փողոցի 6/1 հասցեում արդեն 2 օր լարված իրավիճակ է ստեղծվել քաղաքացիների և կարմիր բերետավորների միջև։ Բնակիչներից Սեդա Գրիգորյանն այսօր բերման էր ենթարկվել ոստիկանության բաժին: Որոշ ժամանակ անց ֆեյսբուքյան իր էջում նա հրապարակել էր քաղաքացի Վահրամ Ասատրյանի դիմումին ի պատասխան՝ ԿԳՄՍ փոխնախարարից ստացած նամակը կից գրառմամբ:
«Նամակում բնակիչներին հորդորում են պատասխանատվություն ստանձնել հուշարձանի կարգավիճակ ստացած թաղամասի համար։ Այսօր հուշարձան-թաղամասի պաշտպանական մարտերում բերման ենթարկվեց 4 քաղաքացի, մեզ չմիացավ պետական որևէ կառույց կամ պաշտոնյա, իսկ ոստիկանությունը պաշտպանեց հուշարձանային հատվածում փորման աշխատանքներ իրականացնող կառուցապատողին` հերթական անգամ ահաբեկելով, բռնություն գործադրելով քաղաքացիների վրա, կա մեկ տուժած, իսկ երեկվա քաշքշուկներից հետո մի քաղաքացի սրտի կաթվածով պառկած է վերակենդանացման բաժանմունքում»,- գրել է Սեդա Գրիգորյանը։
Նշենք, որ Ալիխանյան եղբայրներ փողոցի 6/1 հասցեում՝ Երևանի Ֆիզիկայի ինստիտուտին հարակից՝ Գիտավան թաղամասում, որ հայտնի է «Ֆիզգորոդոկ» անունով, բարձրահարկ շենքի կառուցման աշխատանքներ են ընթանում, սակայն բնակիչները պնդում են, որ այդ գործընթացը հակաօրինական է։
Հիշեցնենք, որ «Ֆիզգորոդոկում» երեկ էլ էր լարված, ոստիկաններն ու կարմիր բերետավորները մի քանի քաղաքացու ասֆալտին էին պառկեցրել, ինչից հետո ծեծկռտուք էր սկսվել քաղաքացիների և ոստիկանների միջև։ Այսօր կրկին քաշքշուկ է առաջացել, 4 անձ բերման է ենթարկվել։