Էս ելույթից հետո պարզ չէ՞, թե ինչ է լինելու 2 օր հետո. Գուրգեն Եղիազարյան
ՀՀՇ համագումարից հետո ՀԱԿ անդամ Գուրգեն Եղիազարյանը ԳԱԼԱ-ի հետ զրույցում պատասխանելով այն հարցին՝ ի՞նչ էր նշանակում ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի «Մի երկու օր էլ սպասեք, նոր կասեմ» անորոշությունն ամրապնդող հայտարարությունը, կարծիք է հայտնել, որ ոչ մի անորոշության խնդիր էլ չկա:
«Էս ելույթից հետո պարզ չէ՞, թե ինչ է լինելու 2 օր հետո: Ասեմ Ձեզ, որ միանշանակ պարզ է՝ կունենանք նախագահ»,- ասել է Գուրգեն Եղիազարյանը:
Մեկնաբանելով ՀԱԿ առաջնորդի ելույթը, Գուրգեն Եղիազարյանը կարծիք է հայտնել, որ այն փայլուն ելույթ էր և մատնանշում էր քաղաքական դաշտում տեղի ունեցող խաղերը, որ հանիրավի խաղում են` տարբերակելով քաղաքական ուժերին արևմտամետների ու ռուսամետների:
«Լևոն Տեր-Պետրոսյանն ասաց, որ պետք է լինել հայաստանամետ, սիրել սեփական ժողովրդին ու սեփական երկիրը: Այ էդ մեսիջն ուղարկեց սրանց, որ հիմար-հիմար դուրս չտան: Շատ գեղեցիկ ձևով օրինակ բերվեց Ստալին-Չերչիլ հարաբերությունները, երբ որ կար ընդհանուր թշնամի, նրանք նստեցին բանակցությունների սեղանի շուրջ:
Իհարկե ցանկացած գերտերություն կուզենա, որ փոքր երկրներն ունենան չընտրված, ոչ լեգիտիմ նախագահ, քանի որ եթե մարդը իրապես ընտրված չի, նա դառնում է գերտերությունների ձեռքի խաղալիքը: Իսկ եթե իրապես ընտրված նախագահ է և ունի իրական թիկունք, թեկուզ 50+1, նա մտածում է սեփական ժողովրդի ու երկրի մասին` չդառնալով ոչ մի բանամետ»,- եզրափակել է Գուրգեն Եղիազարյանը: