«Քանի մենք ունենք սրանց նման հարևաններ, լարվածությունը միշտ էլ լինելու է». ԳՇ պետի տեղակալ

Երեկ հայ-ադրբեջանական սահմանի տարբեր հատվածներում ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները դիմել էին սադրանքների: Նախ փորձել էին Սյունիքի մարզի՝ մասնավորապես Սև լճի հատվածում դիրքային առաջխաղացում ապահովել, ետ էին շպրտվել, Երասխի հատվածում հակառակորդի դիպուկահարի կրակոցից ավագ ենթասպա էր զոհվել, իսկ ավելի ուշ հայտնի դարձավ, որ Գեղարքունիքի հատվածում հակառակորդի փոխհրաձգության հետևանքով 19-ամյա զինծառայող էր զոհվել:

«Սահմանին այն իրավիճակն է, ինչին դուք այսօր ականատես եք, և լրագրողներդ ունեք համապատասխան տեղեկություններ: Սահմանում մեր զինված ուժերի ամենօրյա ծառայողական, մարտական գործունեության առօրյան է»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ Անդրանիկ Մակարյանը:

Լրագրողների հարցին՝ սպասո՞ւմ են, որ լարվածությունը կաճի, Մակարյանն արձագանքեց.

«Քանի մենք ունենք սրանց նման հարևաններ, լարվածությունը միշտ էլ լինելու է: Մեր խնդիրը, որպեսզի ցանկացած ժամանակ ոչ միայն լինենք պատրաստ, ցանկացած ժամանակ ուղղակի ճնշենք նրանց՝ բոլոր մեթոդներով»:

Անդրադառնալով ՊՆ Արշակ Կարապետյանի՝ կրակելու հրամանին, ԳՇ պետի տեղակալը նշեց.

«Ընդունեք պաշտպանության նախարարի ասած խոսքերը բառիս բուն իմաստով»:

Անդրանիկ Մակարյանի խոսքով՝ հակառակորդը միայն փորձում է Երասխի և Կութի ուղղությամբ պահել լարվածությունը, առաջ գալու փորձեր չկան:

«Այս պահի դրությամբ հարաբերական անդորր է, զոհերի, վիրավորների մասին դուք արդեն գիտեք: Հակառակորդի տվյալների մասին մենք չենք կարող ասել, որովհետև առայժմ, ինչպես միշտ, իրենք տեղեկություն չեն տալիս… Միայն Երասխ, Կութ ուղղություններն են, երեկ և այսօր,- նշեց Մակարյանը, ապա հավելեց,- Եվս մեկ անգամ ձեզ ասում եմ հետևյալը. հայ մարդու կերպարը հետևյալն է՝ ձախ ձեռքին՝ Աստվածաշունչ, աջ ձեռքին՝ պուլիմյոտ, կալաշնիկով, այս է մեր կերպարը, մինչև վերջ պիտի կռվենք ու ապրենք, այսքանը: Շնորհակալություն, պատիվ ունեմ»:

Տեսանյութեր

Լրահոս