ՀՀ-ում կանցկացվեն պահեստազորայինների 3-ամսյա վարժական հավաքներ

2021թ. օգոստոսի 25-ից մինչև նոյեմբերի 25-ը ՀՀ-ում անցկացվելու են պահեստազորայինների վարժական հավաքներ: Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական հարթակում օրեր առաջ տեղադրվել էր «Վարժական հավաքներ հայտարարելու և դրա ապահովման համար ռազմատրանսպորտային պարտականություններ ունեցող մարմինների տրանսպորտային միջոցները ներգրավելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը: Ըստ այդմ նախատեսվում է հավաքների ապահովման համար ռազմատրանսպորտային պարտականություններ ունեցող մարմիններից ներգրավել ընդհանուր առմամբ մինչև 110 միավոր տրանսպորտային միջոց:

Կառավարության որոշմամբ նախատեսվում է հայտարարել պահեստազորի առաջին խմբի առաջին կարգում հաշվառված շարքային, ենթասպա­յական և սպայական կազմերի պահեստազորայինների վարժական հավաքներ:

Պաշտպանության նախարարության ներկայացրած նախագծի համաձայն՝ վարժական հավաքներին նախատեսվում է ներգրավել ընդհանուր առմամբ մինչև 2169 քաղաքացու, որոնցից 1164-ը՝ շարքային կազմի, 254-ը` ենթասպայական կազմի, 751-ը` սպայական կազմի պահեստազորայիններ՝ մոտոհրաձգային, հրթիռա-հրետանային, կապի, հետախուզական, ինժեներական մասնագիտություններով:

«Վարժական հավաքները հայտարարվում են պահեստազորայինների ռազմական ունակությունների կատարելագործման և վերապատրաստման, նրանց հետ կնքված պայմանագրի համաձայն ըստ անհրաժեշտության մարտական հերթապահության ներգրավման նպատակով»,- նշված է որոշման նախագծում:

Նախագծի հիմնավորումների համաձայն՝ որոշման  ընդունումը պայմանավորված է ՀՀ ԶՈՒ մարտական հերթապահությունն ուժեղացնելու նպատակով ՀՀ զորահավաքային մարդկային ռեսուրսները և տրանսպորտային միջոցները վարժական հավաքների և մարտական հերթապահության ընդգրկելու անհրաժեշտությամբ:

«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ անհրա­ժեշտություն է զինված ուժերում ունենալ մարտունակ ստորաբաժանումներ` համալրված բարձր մասնագիտական պատրաստվածությամբ և ռազմաուսուցված պահեստազո­րա­յին­ներով, ինչպես նաև տրանսպորտային միջոց­ներով, նպատակահարմար է պահեստազորայիններին վարժական հավաքների ընդգրկումը` ներգրավելով մարտական հերթապահության, իսկ վարժական հավաքների ապահովման համար՝ ռազմատրանսպորտային պարտականություններ ունեցող մարմիններից տրանսպոր­տային միջոցների ներգրավումը: Այս գործընթացը կրելու է շարունակական բնույթ, և հետագա տարիներին մարտական հերթապահության կընդգրկվեն նոր ստորաբաժանումներ և նոր պահեստազորայիններ: Գործընթացն իրականացվելու է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 59-րդ և «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածների, ՀՀ կառավարության 22.07.2010թ. N 998-Ն և 18.10.2018թ. N 1174-Ն որոշումների համաձայն»,- նշված է նախագծի հիմնավորումներում:

Կառավարության որոշումն ընդունելուց հետո  իրականացնելու համար անհրաժեշտ է լրացուցից 3 մլրդ 27 մլն 611 հազար ՀՀ դրամ: Ծախսերը կատարվելու են ՀՀ պաշտպանության նախարարությանը հատկացված, ինչպես նաև ՀՀ կառավարության պահեստային ֆոնդի միջոցների հաշվին:

Տեսանյութեր

Լրահոս