ՀՅԴ-ն նո՞ւյնպես թեկնածու կունենա. մամուլ
Հրապարակ օրաթերթը գրում է. «Ինչպես տեղեկացնում են ՀՅԴ-ին մոտ կանգնած մեր աղբյուրները` Դաշնակցությունը ոչ մի դեպքում և երբեք չի պաշտպանի Րաֆֆի Հովհաննիսյանի թեկնածությունը: «Ինչո՞ւ պետք է պաշտպանենք, երբ կարող ենք մերն ունենալ»,- ասացին նրանք:
Ըստ նույն աղբյուրների` դեկտեմբերի 25-ին տեղի ունենալիք Գերագույն ժողովում ՀՅԴ-ն, ամենայն հավանականությամբ, կառաջադրի իր թեկնածուին, որը կլինի Արմեն Ռուստամյանը, ինչը պայմանավորված է ոչ միայն շարքերի ցանկությամբ, այլև վերջերս Սերժ Սարգսյան — ՀՅԴ հանդիպմամբ, որին մասնակցում էր նաև Արմեն Ռուստամյանը: Ուր նաև պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ ՀՅԴ-ն պետք է հանդես գա արմատական ընդդիմության դիրքերից և բավականին ագրեսիվ լինի:
«Եթե Գերագույն ժողովը նման որոշում կայացնի, ապա նախագահական ընտրություններում Սերժ Սարգսյանը կունենա մրցակիցների բավականին տպավորիչ տրիադա` Րաֆֆի Հովհաննիսյան, Հրանտ Բագրատյան, Արմեն Ռուստամյան, որոնք կպայքարեն «պատվավոր» երկրորդ տեղի համար»,- ասաց ՀՅԴ մեր զրուցակիցը: