Բաժիններ՝

«Չպատվաստված անձինք ամիսը 2 անգամ ՊՇՌ թեստի արդյունք պիտի ներկայացնեն, եթե չկան հակացուցումներ». Անահիտ Ավանեսյան

«Պատրաստվում ենք իրավական ակտերում որոշակի փոփոխություններ մտցնել, որպեսզի չպատվաստված անձինք ամիսը 2 անգամ ՊՇՌ թեստի արդյունք ներկայացնեն»: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ հավելելով, որ նման որոշումը պայմանավորված է կորոնավիրուսային հիվանդությամբ վարակվածության դեպքերի կայուն աճով:

«Եթե մենք նայում ենք, թե ինչ է կատարվում տարածաշրջանում, մասնավորապես՝ Վրաստանում, ապա պետք է ամեն ինչ անենք, որ մեր քաղաքացիներին պաշտպանենք ալիքների հետագա ընթացքից»,- շեշտեց նախարարը՝ զգուշացնելով, որ ուսումնական տարվա մեկնարկին սպասվում է կորոնավիրուսի դեպքերի աճ:

«Ուսուցիչները, պրոֆեսորադասախոսական կազմը և ոչ միայն նրանք, հանրային սննդի օբյեկտները, մի շարք կազմակերպությունները, տեղական ինքնակառավարման մարմինները պետք է հետևեն այս կանոնին, որ այն անձինք, որոնք չունեն պատվաստման հակացուցում, սակայն ինչ-ինչ պատճառներով հրաժարվում են պատվաստումից, ամսական 2 անգամ պետք է թեստ հանձնեն»,- ասաց Ավանեսյանը:

Դիտարկմանը, որ ՀՀ-ում պատվաստումը կամավորության սկզբունքով է, և եթե պահանջում ենք չպատվաստման դեպքում ամիսը 2 անգամ թեստ հանձնել՝ հաշվի առնելով դրա դիմաց վճարման չափը, ստացվում է, որ անուղղակի ձևով պատվաստումը պարտադիր ենք դարձնում, Առողջապահության նախարարը պատասխանեց՝ Քովիդ-19-ը անտեսանելի պատերազմ է և լուրջ մարտահրավեր, ամեն օր դեռ դրանից մահեր են գրանցվում, և կա մտավախություն ալիքի բարձրացման, ուստի որպես պետություն՝ պետք է պաշտպանենք մեր քաղաքացիներին:

«Այդ գործիքակազմի մեջ օգտվելու ենք նման սահմանափակումներից»,- ընդգծեց նախարարը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս