Ի՞նչ հարցեր են Ստանիսլավ Զասի հայաստանյան այցի օրակարգում
Օգոստոսի 9-10-ը աշխատանքային այցով Հայաստանի Հանրապետությունում է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը: ՀԱՊԿ-ի տարածած օրակարգի համաձայն, հանդիպումների ընթացքում Ստանիսլավ Զասը հայկական կողմին կտեղեկացնի ՀԱՊԿ պատասխանատվության գոտում ստեղծված իրավիճակի, ինչպես նաև Հավաքական անվտանգության խորհրդի հաջորդ նստաշրջանի նախապատրաստական աշխատանքների մասին:
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն արդեն մի շարք հանդիպումներ է ունեցել Երևանում: Օրակարգի համաձայն՝ Զասին ընդունել է ՀՀ արտաքին գործերի նախարարի պարտականությունները կատարող Արմեն Գրիգորյանը։
Ըստ ՀՀ ԱԳՆ հաղորդագրության, Արմեն Գրիգորյանը զրուցակցին ներկայացրել է Սյունիքի և Գեղարքունիքի մարզեր ադրբեջանական ԶՈՒ ներթափանցման արդյունքում ստեղծված իրադրությունը, ինչպես նաև Ադրբեջանի պարբերական սադրանքները, այդ թվում՝ Նախիջևանի տարածքից։
ՀԱՊԿ պատասխանատվության գոտում անվտանգային և կովկասյան տարածաշրջանում իրավիճակի վերաբերյալ հայկական կողմի գնահատականների շրջանակներում Արմեն Գրիգորյանը ուշադրություն հրավիրեց Արցախի դեմ ադրբեջանաթուրքական ագրեսիայի հետևանքներին և դրանցից բխող սպառնալիքներին։
«Հանդիպմանն անդրադարձ կատարվեց Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը և ընդգծվեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում արցախյան հիմնահարցի համապարփակ և տևական կարգավորման անհրաժեշտությունը։ Կողմերն անդրադարձան նաև ՀԱՊԿ-ում Հայաստանի գալիք նախագահությանը։ Արմեն Գրիգորյանը տեղեկացրեց հայկական նախագահության հայեցակարգային մոտեցումների մասին՝ շեշտելով, որ առաջնահերթություններից են լինելու կազմակերպության արդյունավետության բարձրացումը և անդամ պետությունների կարիքներին ժամանակին արձագանքելու մեխանիզմների ամրապնդումը»,- ասված էր հաղորդագրությունում:
ՀՀ Անվտանգության խորհրդի գրասենյակում Զասը հանդիպել է նաև ԱԽ գրասենյակի ղեկավար Հայկ Պետրոսյանի հետ: Նախատեսվում են նաև հանդիպումներ Նիկոլ Փաշինյանի, ՀՀ Պաշտպանական գերատեսչության ղեկավարի հետ:
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի այցը ՀՀ տեղի է ունենում հայ-ադրբեջանական սահմաններին շարունակվող սադրանքների և Ադրբեջանի ԶՈՒ-ի կողմից ՀՀ սահմանի խախտման ֆոնին:
Հիշեցնենք, որ հայկական կողմը մայիսի 12-ին Ադրբեջանի ԶՈՒ-ի կողմից ՀՀ տարածք՝ Սև լճի հատվածում ներխուժումից հետո դիմել էր ՀԱՊԿ-ին, սակայն մի որոշ ժամանակ անց ստացել մերժում: ՀԱՊԿ քարտուղար Զասը նշել էր. «Պետք է գիտակցել, որ ՀԱՊԿ ներուժը կիրառվում է միայն ագրեսիայի, հարձակման դեպքում։ Այստեղ, ըստ էության, գործ ունենք սահմանային միջադեպի հետ։ Փառք Աստծո, զոհեր չկան, կրակոցներ չկան։ Դա սահմանային միջադեպ է, այն պետք է լուծել, և մենք կողմ ենք, որ խաղաղ ճանապարհով լուծվի»: Հայաստանի ԱԳ նախարարությունը հրավիրել էր ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին միասին այցելել ՀՀ-Ադրբեջանի սահման։
Իսկ վերջերս ՀՀ կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ Ադրբեջանի ու Հայաստանի փոխադարձ մեղադրանքների իսկությունը պարզելու հարցում հնարավոր լուծումներից մեկը կարող է լինել ՀԱՊԿ մոնիտորինգային առաքելության տեղակայումը հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով, ինչը նախատեսված է ՀԱՊԿ-ի գործունեության իրավակարգավորումներով։ Բացի սրանից, ըստ ՀՀ իշխանությունների, Հայաստանը ՀԱՊԿ համանախագահ է դառնալու սեպտեմբերի 16-ից:
168.am-ի հետ զրույցում ռուս ռազմական վերլուծաբան Վլադիմիր Եվսեևն ասաց, որ նման այց պետք էր սպասել՝ հաշվի առնելով խնդիրների բազմությունը և օրակարգի հագեցածությունը, որը պայմանավորված է ոչ միայն անսպասելիորեն ստեղծված իրավիճակներով, անվտանգային սպառնալիքներով, այլև պլանային ՀԱՊԿ գործունեությամբ:
Նրա գնահատմամբ, ՀՀ սահմաններին ստեղծված իրավիճակը վտանգավոր է, հայկական կողմը դիմում է ՀԱՊԿ-ին, տարբեր առաջարկներով է հանդես գալիս, և դրանք պետք է քննարկվեն, ու եթե ՀԱՊԿ-ը ունի համապատասխան գործիքակազմ տվյալ իրավիճակում, այն պետք է գործի դրվի:
Մյուս իրավիճակը, Եվսեևի խոսքով, ՀՀ անվտանգության հարցն է, որը ևս կքննարկվի: Կարևոր հարց ՀԱՊԿ-ի համար, ռազմագետի կարծիքով, Տաջիկստանի շուրջ ստեղված իրավիճակն է, և ավելի լայն եթե դիտարկվի, ապա՝ Միջին Ասիայում ստեղծված իրավիճակը:
«ՀԱՊԿ-ի համար սա շատ ավելի մեծ խնդիր է, հաշվի առնելով հանգամանքը, թե ի սկզբանե ինչ խնդիրներ լուծելու համար է ստեղծվել այս կառույցը, և որքան մեծ սպառնալիքներ կան միջինասիական գոտում: Այսինքն՝ այս իրավիճակը ևս, կարող ենք ենթադրել, որ քննարկվելու է Երևանում, ինչը պլանային հարց է, հատկապես կարևոր, եթե հայկական կողմը ստանձնում է ՀԱՊԿ-ի նախագահությունը: ՀԱՊԿ-ի համար հայ-ադրբեջանական սահմանների իրավիճակին միջամտելու թեման բավականին խնդրահարույց է, քանի որ կողմերի միջև միջնորդը Ռուսաստանն է, որն առանցքային երկիր է ՀԱՊԿ-ում ու ըստ անհրաժեշտության, ըստ իրավիճակի, ըստ հնարավորությունների՝ իրականացնում է իր գործառույթները:
Գաղտնիք չէ, որ ՀԱՊԿ-ի իմաստը Հայաստանի և մի շարք այլ երկրների համար հենց Ռուսաստանի հետ ռազմաքաղաքական հարաբերություններն են, և այս հարթությունում են շատ հարցեր լուծվում:
Պատերազմից հետո և նույնիսկ առաջ, չնայած քաղաքական շփումների պասիվությանը, ռազմական ոլորտում շփումները ակտիվ են եղել, և Ռուսաստանը հենակետեր է տեղակայել Սյունիքում և աշխատել է: Մենք ամիսներ շարունակ խոսել ենք, որ հարկավոր է օր առաջ անցնել անվտանգության ամրապնդմանը և ՀՀ ԶՈՒ մարտունակության վերականգնմանը, քանի որ կան սպառնալիքներ, կան քաղաքական հարցեր, որոնք, չի բացառվում, որ սադրանքներով, ճնշման ներքո փորձ արվի լուծել:
Ներկայումս, կարծում եմ, իրավիճակը պետք է դիտարկել դիվանագիտական հայտարարություններից անկախ, քանի որ համագործակցություն կա, և աշխատանք իրականացվում է, զուգահեռ տարվում են աշխատանքներ բանակցությունները կողմերի միջև վերսկսելու համար: Սա նուրբ թեմա է, նուրբ իրավիճակ է: Այս ֆոնին քարտուղարի այցը կարևոր է տեղեկատվական իմաստով հասկանալու համար ողջ իրավիճակը տեղում, կարիքները ու ՀԱՊԿ հնարավորությունները, արձագանքելու համար ՀՀ առաջարկներին, ինչպես նաև ներկայացնելու այն բոլոր խնդիրները, որոնք ունի ՀԱՊԿ գոտին նախագահության ստանձնմանն ընդառաջ»,- ասաց ռազմական վերլուծաբանը: