Բաժիններ՝

Եթե Բագրատյանն առաջադրվի, ապա անպայման հակաքարոզչություն է սկսվելու. մամուլ

«Առավոտ» օրաթերթի խմբագիր Արամ Աբրամյանը թերթի խմբագրականում գրում է. «Որքան էլ շատ հարցերում համաձայն չլինեմ Լևոն Զուրաբյանի հետ, ոչ մի վայրկյան չեմ կասկածում՝ այն, ինչում նրան մեղադրում են՝ խարդավանքներ, ՀԱԿ-ի ներսում իշխանության համար պայքար՝ բացարձակ սուտ է: Ինչպես էլ անձնապես վերաբերվեմ Նիկոլ Փաշինյանին, վստահ եմ՝ այն մեղադրանքները, որոնք հնչում են նրա հասցեին՝ առաջադրանք է ստացել քայքայել ՀԱԿ-ը և այլն, իրականության հետ ոչ մի կապ չունեն: Անկախ նրանից, թե ինչպիսի՝ ճիշտ թե սխալ մտքեր է արտահայտում Դավիթ Շահնազարյանը, ես կուզեի նրա մասին ավել-պակաս բաներ գրող երիտասարդների ուշադրությունը հրավիրել մի հանգամանքի վրա. նա եղել է այնպիսի վայրերում և այնպիսի իրավիճակներում, որոնցում այդ երիտասարդները գուցե իրենց այլ կերպ դրսևորեին: Ինչպիսի սխալներ էլ գործած լինի Լևոն Տեր-Պետրոսյանը 2007-ի սեպտեմբերի 21-ից հետո (իմ կարծիքով՝ ինքնին քաղաքականություն վերադառնալն էր սխալ), միևնույն է՝ նա պատմության մեջ կմնա ոչ թե որպես ընդդիմության առաջնորդ, այլ որպես երրորդ հանրապետության առաջին նախագահ, որի իշխանության ժամանակ ազատագրվեց մեր հայրենիքի մի մասը:

Բազմիցս գրել եմ, որ մեծ բարեբախտություն էր, որ այն ծանրագույն, շրջանում մեր նախագահը հենց նա էր՝ ոչ փտած կոմունիստ, ոչ էլ արկածախնդիր «դիսիդենտ», Տեր-Պետրոսյանի շնորհիվ մեր պետության նավը, թեև հիմնովին քրքրվելով, անցել է չափազանց նեղ «ջրանցքով»:

Հիմա օրակարգում Հրանտ Բագրատյանի նախագահ առաջադրվելու հարցն է: Եթե նման բան տեղի ունենա, ապա անպայման հակաքարոզչություն է սկսվելու: Ընդ որում, հարվածները հասցվելու են երկու կողմից: Պարզ է, թե ինչպիսին է լինելու իշխանության հակաքարոզչությունը՝ վարչապետ եղած ժամանակ քանդեց երկիրը, հզոր արդյունաբերական պոտենցիալ ունեցող ժողովրդին դարձրեց չարչի, գյուղացուն հանձնեց հողին և այլն: Մի խոսքով՝ լույս աշխարհ կհանվեն կոմունիստական բոլոր առասպելները, որոնք չափազանց հոգեհարազատ են մեր բնակչության զգալի մասին: Բայց քննադատություն է լինելու նաև հակառակ ճամբարից՝ ինչպե՞ս է նա համարձակվել, եթե Տեր-Պետրոսյանը չի առաջադրվում, դրանով նա լեգիտիմացնում է Սերժ Սարգսյանի ռեժիմը, ընտրությունների իմիտացիան և այլն:

Մինչդեռ Բագրատյանը, անկախ նախկինում իր թույլ տված սխալներից, ոչ միայն փայլուն տնտեսագետ է, այլև հստակ գաղափարախոսության կրող, ինչն ասյօր, համաձայնեք, շատ հազվագյուտ երևույթ է: Այս երկու հատկությունների շնորհիվ նրա՝ որպես պատգամավորի կարծիքը կարևորում են թե խորհրդարանական մեծամասնությունը, թե կառավարությունը: Պատճառը շատ պարզ է՝ նա բերում է մասնագիտական փաստարկներ, որոնք հիմնված են որոշակի արժեքային համակարգի վրա: Այնպես որ՝ նա բոլոր հիմքերն ունի առաջադրվելու:

Ասածս այն է, որ չարժե ընդդիմադիր ճամբարում հավելյալ «ռազբորկաներ» բացել և դիմացինին «փչացնելու» գնով փորձել բարձրացնել սեփական հեղինակությունը: «Միասնական թեկնածուն», իհարկե, հեքիաթ է: Բայց փոխադարձ հարգանքը, կարծում եմ, միանգամայն իրատեսական է»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս