Բաժիններ՝

Համերգներ, հյուրախաղեր, ձայնագրություններ. Սիմֆոնիկ նվագախումբն ամփոփեց 2020-2021 համերգաշրջանը

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը 2020-2021 թվականներին նախաձեռնել է մրցույթներ, փառատոններ, հանդես է եկել բարեգործական համերգներով, հյուրախաղեր է ունեցել ոչ միայն Հայաստանում, այլև արտերկրում:

Երկու տարվա ընթացքում կատարած աշխատանքը հուլիսի 13-ին լրագրողների հետ հանդիպմանն ամփոփեց նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը:

Նա ասաց, որ բարդ շրջան էր, սակայն մեծ ձեռքբերումներ ունեն, աշխատել են տարբեր երաժիշտների հետ, 2020-2021 համերգաշրջանին ներկայացել են 40 համերգով: Համերգներից վեցը կայացել է առցանց: Մեկ համերգ տեղի է ունեցել Շիրակի մարզում, մեկ համերգ էլ՝ Արցախում:

«Համավարակով պայմանավորված՝ դժվար պայմաններում անգամ կարողացել ենք հյուրախաղերի մեկնել արտերկիր: Չորս համերգով ենք ներկայացել Դուբայում, որտեղ աշխատել ենք Եղիսաբեթ թագուհու անվան երաժշտական մրցույթի առաջին մրցանակակիրների հետ, ինչը ձեռքբերում է: Այն առաջին անգամ էր անցկացվում Դուբայում և մեծ արձագանք գտավ, լուսաբանվեց»,- ասաց նա: Համերգաշրջանին նվագախումբը ներկայացրել է «Արմենիա» միջազգային երաժշտական փառատոնը՝ հանդես գալով 5 համերգային ծրագրով և հայտնի մենակատարների հետ: Կազմակերպել է նաև Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնը՝ նշանավորելով հայ մեծ կոմպոզիտորների հոբելյանները: «Ասում են, որ այն նեղ մասնագիտական փառատոն է, բայց ունի շատ կարևոր ելևէջներ. մեր կոմպոզիտորները ոգևորվում են: Պրոֆեսիոնալ իմաստով դա կարևորագույն փառատոններից է»,- նշեց Սմբատյանը:

Դիրիժորը տեղեկացրեց, որ Խաչատրյանի անվան միջազգային փառատոնն անցկացվել է առցանց ձևաչափով: Սմբատյանը կարծում է, որ հանդիսատեսի գոհունակության և մասշտաբի առումով օնլայն տիրույթը չի զիջում օֆլայնին:

«Շատ կարևոր էր այն, որ այս տարի կայացավ Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթը դիրիժորների համար: Այն միջազգային ասպարեզում մեծ տեղ գտավ, քանի որ նախ շատ չեն դիրիժորների մրցույթները, հետո էլ Խաչատրյանի մրցույթը տաղանդավոր դիրիժորների է բացահայտել: Նվագախումբն աշխատեց տարբեր դիրիժորների հետ, ինչը հետաքրքիր էր»,-ընդգծեց նա:

2020 թվականի հոկտեմբեր և նոյեմբեր ամիսներին նվագախմբի նախաձեռնությամբ տեղի են ունեցել բացօթյա բարեգործական համերգներ, որոնցից ստացված հասույթը փոխանցվել է «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամին:

Նվագախումբը համերգաշրջանին հանդես է եկել նաև հատուկ նախագծերով: Սիմֆոնիկ նվագախմբի կենդանի նվագակցությամբ ցուցադրվել է «Սառցե սիրտը» մուլտֆիլմը: Բարեգործական ծրագրին մասնակցել են Արցախից Հայաստան տեղափոխված և արցախյան պատերազմից տուժած մարտիկների երեխաները:

Երաժշտասերները համերգաշրջանի ընթացքում վայելել են «Սիմֆոնիկ Հոլիվուդ», «Սիմֆոնիկ Հայֆիլմ» համերգային ծրագրերը, իսկ հուլիսի 24-ին մանուկների համար կներկայացվի Դեն Բրաունի հայտնի «Վայրի սիմֆոնիա» համերգ-հեքիաթը: «Բրաունն անդրադարձել է երեխաների կրթական և դաստիարակչական մեթոդաբանությանը, որի մասին կարելի է երկար խոսել: Նա կարողացավ երեխաներին ոգևորել ու բերել դասական աշխարհ: Համերգը տեղի կունենա հուլիսի 24-ին»,-տեղեկացրեց նվագախմբի գեղարվեստական ղեկավարը:

Սիմֆոնիկ նվագախումբը ձայնագրել է Էդուարդ Հայրապետյանի «Կախարդական կոճակներ» բալետը, Ջոն Տեր-Թադևոսյանի «Լիրիկական պոեմը», Տիգրան Մանսուրյանի «Պարտիտը»՝ գրված սիմֆոնիկ նվագախմբի համար և Ալեքսանդր Սպենդիարյանի ստեղծագործություններից:

Սերգեյ Սմբատյանը հայտնեց, որ նոր համերգաշրջանը կմեկնարկի սեպտեմբերին: Այժմ բանակցում են հայտնի մենակատարներին Հայաստանում հյուրընկալելու շուրջ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս