«Նեուժելի՞ Հայաստանում էդ բարի տոնի՝ Ամանորի ժամանակ մեկի սիրտը չի փափկում, որ ռեստորանային սեղանի փոխարեն՝ հանի էդ փողերը կիսի աղքատների հետ»

Ասում է տաքսու վարորդը: Նա այս օրերին համոզվել է, որ հայ ժողովուրդը լրիվ «չտես-գյորմամիշ» է դարձել:

Մայրաքաղաքում նախատոնական տրամադրությունն արդեն մեկնարկել է: Առևտրի կետերում, սուպերմարկետներում և գյուղմթերքի շուկաներում տիրող եռուզեռը վկայում է այն մասին, որ մեր քաղաքացիներն, ինչպես միշտ, լրջորեն նախապատրաստվում են տոնական սեղանի ճոխությամբ միմյանց հետ մրցելու, իրար զարմացնելու: Ի դեպ, նույնիսկ տաքսու վարորդներն են զարմացած մեր քաղաքացիների` Ամանորից երկու շաբաթ առաջ գնումներ կատարելու եռանդից:

«Այ մարդ, էս ժողովուրդը լրիվ չտես-գյորմամիշ ա դառել: Տանում-կանգնացնում են շուկայի դռանը ու կրել ա, որ կրում ենգ Երեկ ավտոս նենց էին ճխտել, որ քիչ էր մնում կենդանի ձկները դռան ճեղքից դուրս պրծնեին: Մեր ժողովրդի մեջ դեռ Սովետի իներցիան կա, վախ կա, որ ասենք՝ չեն հասցնի սմետան առնել ու վերջին օրերին ստիպված տակից կրկնակի գնով կառնեն: Էս տարի մազերս բիզ-բիզ ա կանգնել, սենց չտեսություն չեմ տեսել:

Արդեն քանի օր ա՝ խանութներն ու շուկաները ավտոյովս կրել եմ»,- երեկ վրդովված մեզ պատմում էր տաքսու վարորդ Գագիկ Մալխասյանը: «Ժողովրդի կեսը հաց չունի ուտելու, իսկ մյուս կեսն էլ՝ սուպերմարկետի մոտ տաքսին կանգնացնելով՝ չի կարողանում տեղավորի բեռը: Ամանորը ինքը բարի տոն ա, չէ՞, բայց դու տես, թե Հայաստանում ինչ չարության ու նախանձի ա վերածվում: Մարդիկ գնում են ուրիշի տներ շնորհավորելու, բայց իրականում սեղանն են չափչփում, սկսում են իրանց սեղանի հետ համեմատականներ տանել ու, ասեմ քեզ՝ միշտ մեկի տնից հեռանում են հաղթողի կամ պարտվողի զգացումով:

Կարդացեք նաև

Լուրջ մրցակցություն ա, թե ո՞ւմ սեղանին քանիսնոց կոնյակ ու անանաս էր դրված: Ժողովրդի էն մյուս մասը շատ մեղք ա: Նայում ես՝ էս ձյանը կանգառներում թաց, սառած ժամերով կանգնած՝ մարշրուտկա են սպասում: 600 դրամ չունեն, որ նստեն՝ չսառեն հիվանդանան: Մտքովս շատ ա անցնում, ասում եմ՝ նեուժե՞լի Հայաստանում էդ բարի տոնի ժամանակ մեկի սիրտը չի փափկում, որ էդ ռեստորանային սեղանի փոխարեն` հանի էդ փողը կիսի աղքատների հետ: Ախր, Նոր տարվա խորհուրդը հո մենակ բուդ խժռելը չի՞գ Բարություն անելով՝ մարդիկ բարի են դառնում»,- արդարացիորեն նկատում է վարորդ Գագիկն ու իր պապերի արևով երդվում, որ, եթե ինքը հնարավորություն ունենար՝ անկասկած հատկապես Ամանորին իր ունեցածը կկիսեր որևէ աղքատ ընտանիքի հետ: Վերջինս վստահեցնում է, որ Հայաստանի ազգաբնակչության ուղիղ կեսի համար Ամանորը ոչ թե տոն է, այլ հոգս:

Ում համար` տոն, ում համար՝ հոգս

Վերջերս ՀՀ վարչապետ Սարգսյանն անձամբ հայտարարեց, որ մեր բնակչության 30%-ը աղքատ է, ինչը խիստ վտանգավոր ցուցանիշ է: Տարբեր գնահատականներով, սակայն, աղքատությունը ոչ թե` 30, այլ՝ 40% է:

Մենք փորձեցինք պարզել, թե աղքատության պայմաններում, հիմնականում պետական նպաստներով գոյատևող մեր քաղաքացիներն ինչպե՞ս են պատրաստվում Ամանորին: Բազմազավակ ընտանիքը գոյատևում է 64.000 դրամ ընտանեկան նպաստով, որով էլ փորձելու են ամանորյա փոքրիկ սեղան գցել:

«Եթե մեզ մնար՝ ոչինչ էլ չէինք անի, բայց երեխաները փոքր են, սպասումները չենք կարող չիրականացնել: Մթերքներից քիչ-քիչ կգնենք, էնքան, որ էդ օրվա սեղանը տարբերվի մյուս օրերի սեղաններից: Բնական է՝ չենք կարող հատկապես փոքրերին՝ վեցին նվերներ գնել, բայց գոնե սեղանով կփորձենք տոնական տրամադրություն ստեղծել: Ամեն տարի էլ աղքատիկ մի փոքրիկ սեղան ենք գցում, էնքան որ` երեխեքը ուրախանան, թե չէ, իհարկե, հավելյալ հոգս ա մեզ համար Նոր տարին: Հենց էս պահին վառարանը միացրած ա, ինչ ասես վառում ենք, որ տաքանանք:

Մեր համար ավելի կարևոր ա ձմեռը հաղթահարելը, քան էդ մի քանի օրվա սեղանի պատրաստություն տեսնելը»,- ասաց բազմազավակ մայրը՝ ավելացնելով, որ երեխաներից փոքրերն առանձնապես չեն հավատում Ձմեռ պապիկների գոյությանը ու նվերների սպասում վաղուց չունեն:

Հինգ երեխաների մայր Սրբուհի Խալաթյանը մեր հարցադրումներից ուղղակի հուզվեց: Վերջինս իր անօգնական վիճակից սկսեց լաց լինել: «Ի՞նչ Նոր տարի, ախր մեզ համար դա տոն չի, ավելի շատ տխրություն ա: 7 տարեկան փոքրս ուր պտտվում ա՝ Նոր տարուց են խոսում, բայց, եթե իմ երեխան ամառային շորերով ու կոշիկներով ա դպրոց գնում, ես ո՞նց մտածեմ սեղան գցելու կամ իր համար նվերներ գնելու մասին: Անցած տարի էլի էստեղից-էնտեղից գումարներ հայթայթելով` երեխաներիս ուրախացրեցի, բայց էս տարի ընդհանրապես ոչինչ չեմ կարող անել: Մեր ընտանիքին զրկել են աղքատության նպաստից, որովհետև ես գրանցում չունեմ: Էստեղից-էնտեղից ապրանք էի վերցնում, վերավաճառում էի, բայց գնորդները հիմնականում մեր նմաններն էին ու ասում էին` նպաստ ստանանք` կտանք: Մինչև էսօր էդ գումարներն էլ չեմ կարողանում հավաքել, որ գոնե պարտքերս տամ»,- ասաց նա:

Հինգ երեխաների մայրն ասում է, որ զինվոր որդին ամանորյա տոներին ծառայությունն ավարտելու և վերադառնալու է, ու իր համար ավելի մեծ նվեր չի կարող լինել, քան որդու վերադարձը: «Մեր ընտանիքի ուրախությունն էլ էդ առիթը կլինի, թե չէ՝ սովորել ենք Նոր տարին անցկացնել էնպես, ինչպես բոլոր օրերն են: Փոքր աղջկաս կտանենք Հրապարակով կպտտենք, ու դա էլ կլինի իր ուրախությունը: Մարդ չգիտի՝ երեխուն ո՞նց պաշտպանի, որ հոգեբանորեն չընկճվի, ուր պտտվում ա՝ հասակակիցները Ձմեռ պապիկների նվերներից են խոսում»,- ասում է տիկին Սրբուհին, ով հինգ երեխաների հետ բնակվում է Շենգավիթ վարչական շրջանի հանրակացարաններից մեկի փոքրիկ սենյակում:

Վարդաշեն 6-րդ փողոցի հանրակացարանի բնակչուհի Աիդա Գինոսյանը նշում է, որ իր երկու փոքրիկ տղաներն ընդհանրապես չգիտեն՝ ի՞նչ բան է Ամանորը: «Երեխեքս մենակ հեռուստացույցով են տեսել էդ տոներն ու Ձմեռ պապիկին: Մենք նույնիսկ պլիտա չենք վառում, որ հոսանքի գումարը կարողանանք մարել, էլ ուր մնաց` սեղան գցենք: Եթե կարողանանք տաքության մեջ ապրել՝ մեր համար Նոր տարի կլինի»,- ասում է Աիդան, ում երեխաները պարբերաբար անկողին են ընկնում սենյակի ցածր ջերմաստիճանի պատճառով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս