Բաժիններ՝

Մի պահ կքած տնտեսության մասին

Նախագահ Սերժ Սարգսյանի ծավալուն ելույթը ՀՀԿ 14-րդ համագումարում սպասվածից քիչ ուշադրության արժանացավ Հայաստանի ներքաղաքական կյանքում։ Գուցե Լևոն Զուրաբյանի և Վարդան Օսկանյանի ձայնագրությունն, իր բարձրացրած աղմուկով, շատ արագ խլացրեց ու մոռացության մատնեց նախագահի ելույթը։

Դա ինչ-որ տեղ զարմանալի էր։ Թեկուզ այն պատճառով, որ ձայնագրության բովանդակությունը քաղաքական անցուդարձին տեղյակ մարդկանց համար որևէ նորություն չէր պարունակում։ Մինչդեռ նախագահի ելույթում կային շատ հետաքրքիր նորություններ։ Օրինակ` հենց սոցիալ-տնտեսական հատվածում։
Խոսքն այն մասին չէ, որ Հայաստանն ապահով չէ, ինչի մասին խոստովանում է «Դեպի ապահով Հայաստան» կարգախոսը։ Այդ մասին (ապահով չլինելու) բոլորը գիտեն թեկուզ հենց պաշտոնական վիճակագրությունից։

Նորությունն այն էր, որ ապահովության վրա կառուցված ելույթում ոչ մի խոսք չկար անապահովության ամենավառ դրսևորումների` աղքատության մակարդակի կամ արտագաղթի մասին։ Ընդհանրապես, խնդիրների մասին շատ հպանցիկ խոսվեց. շեշտը դրվել էր ձեռքբերումների վրա։ Միգուցե նախընտրական ծրագրում մանրամասն անդրադարձ լինի այդ խնդիրներին և դրանց լուծման ուղիներին, սակայն ծրագրային 12 էջանոց ելույթում այդ մասին լռելը, մեղմ ասած, տարօրինակ է։
Սակայն ավելի զարմանալի նորություն էր շեշտադրումների փոփոխությունը։

«Մեր ժողովուրդը կարողացավ պահպանել ձեռք բերածը, հզորացնել բանակն ու պետական կառույցը: Մենք կայացրեցինք ֆինանսական կենսունակ համակարգ: Տնտեսական աճի մեր իրականության մեջ, աննախադեպ տեմպերի շնորհիվ, նյութական նախադրյալներ ստեղծեցինք զարգացման համար: Անկախության առաջին տարիներին ձևավորած և խորհրդային ժամանակաշրջանից ժառանգած համակարգերը սկսեցինք բարեփոխել և արդիականացնել: Երկիրը համակարգային փոփոխություններ նախաձեռնեց առավել կենսական` կրթության ու առողջապահության ոլորտներում: Ժամանակն ավելի քան նպաստավոր էր:

Կարդացեք նաև

Ժամանակը թելադրում էր: Ժամանակը հրամայում էր: Հրամայում էր պահպանել և ամրացնել»,- ասաց Ս. Սարգսյանը։

Նախ` նշենք, որ «տնտեսական աճի աննախադեպ տեմպեր» ասելով` նախագահը նկատի ունի 2001-2007թթ.` երկնիշ աճի ժամանակաշրջանը, Ռոբերտ Քոչարյանի նախագահության տարիները։ Այսինքն` ներկայիս նախագահը դրական գնահատական է տալիս իր նախորդի վարած տնտեսական քաղաքականությանը` համարելով, որ այն հետագա զարգացման համար լավ հիմք էր։

Զարմանալին այստեղ այն է, որ ոչ վաղ անցյալում ներկայիս իշխանական թիմը, խոսելով ճգնաժամի դասերից և տնտեսության թույլ կառուցվածքից (շինարարության վրա հիմնված, չդիվերսիֆիկացված տնտեսություն և այլն)` անուղղակիորեն մեղադրում էին նախկին իշխանություններին` սխալ տնտեսական քաղաքականություն վարելու և տնտեսությունը «հիվանդացնելու» համար։ Ավելին, 2012թ. խորհրդարանական ընտրություններից առաջ այդ մեղադրանքներն այնքան ակտիվացան, որ նախկին նախագահը հարկ համարեց հատուկ անդրադառնալ դրան։

Ստորև ներկայացնում ենք Ռ. Քոչարյանի՝ «Մեդիամաքսին» տված հարցազրույցից մի հատված (հրապարակվել է 2012թ. մայիսի 3-ին)

Մեդիամաքս- Դուք ասում եք, որ դժգոհ եք իշխանության գործունեության տնտեսական արդյունքներից: Բայց անցած մի քանի ամիսների ու հատկապես նախընտրական քարոզչության ընթացքում տնտեսության պատասխանատուները բազմիցս խոսել են այն մասին, որ մարդկանց ապրուստն առանձնապես չի վատացել, և, որ մեր տնտեսությունն այնքան էլ վատ վիճակում չէ: Ավելին, այս համատեքստում բազմիցս ներկայացվել են կառավարության տնտեսական հաջողությունները:
Ռոբերտ Քոչարյան – Յուրաքանչյուր մարդ բոլորից լավ ինքը գիտի` իր ապրուստը հեշտացե՞լ է, թե՞ դժվարացել: Այդ փաստը ինքն արձանագրում է ամեն օր` սառնարանի դուռը բացելիս կամ խանութ մտնելիս: Մարդիկ չեն հասկանում, երբ իրենց փորձում են համոզել, թե կյանքը լավացել է: Ի վերջո, դա վերածվում է անտարբերության և հասարակական համընդհանուր անվստահության: Իսկ դրանք ամենևին էլ մեծ գործեր անելու տրամադրություններ չեն: Երկրի տնտեսական և քաղաքական առողջության «ձայնաազդանշանային համակարգը» արտագաղթն է: Դրա սպառնացող չափերը` ֆունդամենտալ խնդիրների գոյության ամենաճշգրիտ ցուցիչն են: Մարդիկ լավից չեն փախչում:

Իսկ հիմա Ռոբերտ Քոչարյանը նման հիշեցումներ անելու կարիք չունի. նրա ուղղությամբ քննադատություն չի հնչում, հատկապես Գագիկ Ծառուկյանի չառաջադրվելուց հետո։ Այդուհանդերձ, մի թեթև ակնարկ Ռ. Քոչարյանի ուղղությամբ կար Ս. Սարգսյանի ելույթում. «Համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի հարվածների տակ մի պահ կքեց Հայաստանի տնտեսությունը: Շուրջ մեկուկես տասնամյակ շարունակ մի կողմ թողնված խնդիրներն ու ցավոտ խոցերն իրար հերթ չտալով հրատապ լուծումներ էին պահանջումգ»: Այդ մեկուկես տասնամյակի մեջ տեղավորվում են թե՛ Լևոն Տեր-Պետրոսյանի, թե՛ Ռոբերտ Քոչարյանի իշխանության տարիները։ Այսինքն` այս երկու նախկին նախագահները ժամանակին չեն բուժել խոցերը և իրենց մեղքի բաժինն ունեին տնտեսության «կքման» մեջ։

Եվ վերջապես, 5 տարի առաջ նախագահ Սերժ Սարգսյանը նույնպես շատ բաներ էր խոստացել և շատ բաներ` չէր խոստացել։ Օրինակ` չէր խոստացել, որ աղքատության մակարդակը կխորանա, արտագաղթի տեմպերը կաճեն, ներդրումները կնվազեն և այլն: Հակառակը՝ խոստացել էր, որ կյանքի մակարդակը կբարձրանա, տան կարիք ունեցող յուրաքանչյուր երիտասարդ տուն կունենա, և այլն։ Նախագահը հիշում է այդ ամենը` ասելով. «Մարդիկ, ավելի քան երբեք, ակնկալում էին առավելագույնս օգտվել տարիներ շարունակ տնտեսական նպաստավոր միջավայրում վաստակած բարիքներից: Երիտասարդը տուն և ավելի լավ կրթություն էր պահանջում, պետական ծառայողը` արժանապատիվ կյանք: Քաղաքացին պահանջում էր ավելի որակյալ հանրային ծառայություններ:

Գործարարը պահանջում էր կանխատեսելի տնտեսական միջավայր և պակաս վարչարարություն: Գործազուրկը` աշխատանք: Աշխատողը` վստահություն վաղվա օրվա հանդեպ: Անապահովը` հնարավորություններ: Ապահովվածը` հուսալիություն: Եվ յուրաքանչյուրը պահանջում էր արդարություն և անվտանգություն»:

Մինչև համագումարը թվում էր, թե փորձ կարվի նախկին խոստումների փաստացի չկատարումը ինչ-որ տեղ արդարացնել համաշխարհային ճգնաժամով (ինչպես վերջին տարիներին անում են մեր իշխանավորները)։ Սակայն արդարանալու փորձ չեղավ, քանի որ, ըստ նախագահի ելույթի` ստացվեց, որ բոլոր խոստումներն իրականություն են դարձել. «Մենք հարյուրավոր երիտասարդ ընտանիքների տուն ձեռք բերելու հնարավորություն ընձեռեցինք և աղետի գոտու հազարավոր բնակիչների կարողացանք ապահովել նոր բնակարաններով:

Ապահովագրական նոր համակարգերի ներդրման շնորհիվ կարողացանք ավելացնել պետական ծառայողների բարեկեցությունըգ Կարողացանք էականորեն բարելավել մեր քաղաքացիներին մատուցվող հանրային ծառայությունների որակըգ Մենք կարողացել ենք Հայաստանը դարձնել գործարարի համար անհամեմատ ավելի գրավիչ ու ներդրումների համար անհամեմատ ավելի հուսալի երկիրգ»:

Իսկ ամենաանկեղծը հետևյալ ձևակերպումներն են` «Կարողացանք հազարավոր աշխատատեղեր փրկել հանքարդյունաբերության և շինարարության մեջ»` կամ «Կարողացանք անխաթար պահել մեր ֆինանսական համակարգը: Կարողացանք անել այն, ինչ չկարողացան անհամեմատ ավելի հզոր երկրներ»:

Այսինքն` կապ չունի, թե ինչ էր ժամանակին խոստացել նախագահը, և դրանց որ մասն է իրականություն դարձել։ Կարևորն այն է, որ կարող էր ամեն ինչ շատ ավելի վատ լինել, քան կա, և միայն ու միայն պետք է շնորհակալ լինել իշխանություններին այն բանի համար, որ ամեն ինչ շատ ավելի վատ չէ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս