«Արցախի հարցի կարգավորումը առայժմ՝ առաջիկա 5 տարում, չկարգավորման մեջ է». Գարիկ Քեռյան
Օրեր առաջ մամուլում տեղեկություն շրջանառվեց, թե աշնանը Նիկոլ Փաշինյանը, ամենայն հավանականությամբ՝ սեպտեմբերին, Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելուն ուղղված համաձայնագիր կստորագրի: Իսկ երեկ 168.am-ի հետ զրույցում ԱԺ անկախ պատգամավոր, ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանն հայտնել էր, թե Ադրբեջանի պատվիրակության ղեկավար Սամեդ Սեիդովն իրեն ասել է, թե գերիների վերադարձի վերաբերյալ երկխոսություն կարող է սկսվել միայն այն դեպքում, երբ «Հայաստանը ճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ բնականաբար, ներառյալ Արցախը»:
ԵՊՀ քաղաքական ինստիտուտների և գործընթացների ամբիոնի վարիչ, քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գարիկ Քեռյանը 168.am-ի հետ զրույցում, անդրադառնալով Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչմանը, հիշեցրեց 1992թ.-ին երկու պետությունների՝ ԵԱՀԿ անդամակցումը՝ նշելով, թե հենց այդ անդամակցությամբ Հայաստանն ու Ադրբեջանը ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունը:
«Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչումը պետք է կապենք նաև Ադրբեջանի կողմից Հայաստանի տարածքային ամբողջականության ճանաչմանը, որովհետև սա չի կարող միակողմանի լինել: Եթե կնքվի նման երկկողմանի պայմանագիր, ուրեմն երկու կողմերը ճանաչելու են միմյանց տարածքային ամբողջականությունը:
Ես հասկանում եմ, որ ճանաչել միմյանց տարածքային ամբողջականությունը նշանակում է՝ ճանաչել Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը Խորհրդային Միության սահմաններում եղած տարածքով: Այստեղից ի՞նչ մարտահրավերներ կարող են մեր առջև ծառանալ:
Հայաստանը և Ադրբեջանը միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչել են դեռևս 1992թ.-ին, երբ երկու պետությունները մտել են ԵԱՀԿ-ի մեջ: ԵԱՀԿ հիմնարար փաստաթղթերի 10 հիմնարար սկզբունքների մեջ ֆիքսված է, որ ԵԱՀԿ անդամ բոլոր պետությունները ճանաչում են հետպատերազմյան բոլոր սահմանների անխախտելիությունը, ճանաչում են ԵԱՀԿ անդամ բոլոր պետությունների տարածքային ամբողջականությունը և չեն ընդունում սահմանների բռնի փոփոխությունն և տարածքային ամբողջականության բռնի փոփոխությունը: Եվ հակառակը չէր էլ կարող լինել: Եթե Հայաստանը հռչակեր իր անկախությունը և ի սկզբանե հայտարարեր, որ ինքը չի ճանաչում տարածքային ամբողջականության սկզբունքը, որ միջազգային իրավունքի նորմ է, սա կնշանակեր, որ Հայաստանը ի սկզբանե պետք է դառնար իզգոյ պետություն: Դա անխտիր պահանջ է նաև Եվրոպայի Խորհրդի անդամ դարձող բոլոր պետությունների համար: Հայաստանը և Ադրբեջանը Եվրոպայի Խորհրդի անդամ պետություններ են:
Եվ երկրորդը: Եթե մենք հիմա տարածքային ամբողջականության ճանաչումը դարձնում ենք մի հատ մեծ քննարկման առարկա, մենք հասկանում ենք, որ մենք ունենք վախ, որ կարող է այս հանգամանքը ապագայում վնասել Արցախի հարցի լուծմանը: Բայց արդյո՞ք ՀՀ-ն, գնալով Ղարաբաղի հակամարտության միջազգայնացմանը, չի գնացել այն քայլին, որ սա ոչ թե Հայաստան-Ադրբեջան տարածքային վեճ է, սա Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքն է: Մենք արդեն դա տեղափոխել ենք դեպի ինքնորոշման իրավունքի հարթություն: Եվ եթե Հայաստանը ճանաչում է տարածքային ամբողջականությունը, մենք չպետք է մոռանանք, որ ԵԱՀԿ անդամ պետությունները, Եվրոպայի խորհրդի անդամ պետությունները պարտավորվել են հարգել նաև մարդու իրավունքները, իսկ մարդու հիմնարար իրավունքների մեջ առաջնային է ինքնորոշման իրավունքը, սեփական ճակատագիրը որոշելու ժողովուրդների իրավունքը: Այնպես որ, մենք արդեն վաղուց, բանակցային գործընթացի հենց սկզբից՝ 1994թ.-ից, հայտարարել ենք, որ մենք Ադրբեջանից տարածքային պահանջ չունենք, որ այդ հակամարտությունը պետք է լուծվի ինքնորոշման իրավունքի վրա:
Հիմա մեր «քաղաքագետները», «վերլուծաբանները» իրենց դրել են խորիմաց մարդու տեղ և ամեն մի իրադարձություն սարքում են մեծ շուկայական քննարկման առարկա՝ առանց հասկանալու, որ դա մեր դիրքերը թուլացնում է միջազգային ասպարեզում: Հիմա պատկերացրեք՝ մենք վայնասուն ենք բարձրացնում՝ «վա՜յ, իշխանությունները ճանաչում են տարածքային ամբողջականությունը», ադրբեջանական քարոզչամեքենան վերցնում է, տեղափոխում է համաշխարհային մեդիա դաշտ և ասում է՝ «տեսեք, Հայաստանի իրավիճակը, Հայաստանում ոչ ոք չի ուզում ճանաչել պետությունների տարածքային ամբողջականությունը»: Մենք ոչ թե պետք է դրա վրա վայնասուն բարձրացնենք, այլ պետք է պնդենք, որ մենք շարունակում ենք պայքարել, որ միջազգային հանրությունը, Ադրբեջանը վերականգնեն ԼՂԻՄ տարածքային ամբողջականությունը, որովհետև դա հիմնարար սկզբունք է, Ադրբեջանն էլ պետք է ճանաչի Լեռնային Ղարաբաղի տարածքային ամբողջականությունը, սահմանները վերականգնի, և պետք է պայքարենք, որ Կոսովոյի, Էրիթրեայի, Արևելյան Թիմորի օրինակով հանրաքվե կազմակերպվի և Արցախի ժողովրդին իրավունք տրվի ինքնորոշվել, ինքնորոշման ինչ-որ մի ձև գտնվի, որը հնարավորություն կտա այդ ժողովրդին ապրել այդ տարածքում:
Իսկ աղմուկ բարձրացնել տարածքային ամբողջականության վերաբերյալ, սա նշանակում է՝ ի սկզբանե Հայաստանին թուլացնել միջազգային ասպարեզում, Հայաստանին դարձնել իզգոյ պետություն, ու ամբողջ աշխարհում ի հայտ բերել Հայաստանին, թե՝ «տեսեք, ունեք ագրեսոր պետություն, որը հարևանների տարածքային ամբողջականությունը չի ճանաչում: Դե որ չի ճանաչում, լավ են անում, ինչ պետք է՝ իրան անում ենք»: Սա խելացի՞ մոտեցում է: Ոչ:
Իսկ մենք 30 տարի որդեգրել ենք մոտեցում, որ մենք տարածքային պահանջ չունենք Ադրբեջանից: Մենք պայքարում ենք, որ Ղարաբաղի ժողովրդի իրավունքները, մարդու իրավունքները, ազատությունները, ինքնորոշման իրավունքը ճանաչվի: Իսկ եթե մենք հիմա հակառակն ենք անում, ուրեմն նշանակում է՝ մենք արժանի ենք նրան, ինչին հասել ենք»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Գարիկ Քեռյանը:
Քաղաքագիտության դոկտորը հնարավոր է համարում, որ գերիների հետվերադարձի հարցը քննարկվի՝ տարածքային ամբողջականության հարցին զուգահեռ: Ըստ նրա՝ հնարավոր է, որ այդ հարցը «քննարկվի նաև Նախիջանի՝ Ադրբեջանին տրվող տրանսպորտային հաղորդակցության, կապի համատեքստում, հնարավոր է, որ դա քննարկվի նաև ականապատման քարտեզների փոխանակման համատեքստում»:
«Սա երկու հակամարտող, առճակատվող պետությունների պայքար է, միջպետական պայքար է, հակառակորդ պետությունների պայքար է: Ամեն մեկն աշխատում է օգտագործել իր զինանոցում եղած բոլոր միջոցները: Մեկն օգտագործում է իր միջոցները, մյուսն էլ օգտագործում է իր միջոցները: Մեծ պետությունները, որոնք տարածաշրջանում ունեն իրենց շահերը, նրանք էլ դրանից են օգտվում, մեկին մյուսի դեմ են հանում, հետո բաժանում են, հետո նորից են միավորում և նորից տիրում են մեզ, և նորից մեզ սպիտակ մկների նման օգտագործում են: Դրա համար ապագա ունեն այն ազգերը, որոնք ունեն առավել խելոք դիվանագիտություն, առավել իրատես քաղաքականություն և կարողանում են համակեցության կանոններ գտնել հարևանների հետ: Այն պետությունը, որն իր հարևանների հետ համակեցության կանոն չի գտել՝ ապրելու, գոյատևելու, իր հարաբերությունները զարգացնելու, նա անընդհատ նման ցնցումների մեջ է լինելու:
Իսկ մեզ մոտ ի՞նչ մթնոլորտ է տիրում: Առավոտից իրիկուն հակաթուրքական քարոզչություն՝ մի կողմից, մյուս կողմից՝ արևմտամետների հակառուսական քարոզչություն, այն մյուս կողմից՝ ղարաբաղամետների հակաադրբեջանական քարոզչություն, այն մյուսները ձեռ են առնում Վրաստանին, մյուսները Իրանի հասցեին են ավելորդ, տարբեր բաներ խոսում, և այսպես շարունակ: Ինչ քաղաքական սպեկտր նայում ես, ինչ տեսակի «քաղաքագետ», «վերլուծաբան» ասես՝ կա, որոնք ամեն մեկը ինչ-որ մի տեղից գումար ստանալով՝ իր կարծիքն է պրոպագանդում՝ չհասկանալով, որ փողով չի կարելի պետության և ազգի շահերը հանել վաճառքի: Բոլորս միասին պետք է հասկանանք, որ Հայաստան պետությունը չի կարող Լուսնի վրա թռնել, Թուրքիան ու Ադրբեջանն էլ չեն կարող տարածաշրջանում վերանալ, և մեզ մնում է միայն համակեցության կանոններ գտնել: Ստամբուլը արյան ծովի վերածողները և Բաքվում չայ խմողները պետք է ընդմիշտ հեռանան Հայաստանի և՛ քաղաքական դաշտից, և՛ պետք է արժանանան ամենախստագույն պարսավանքի»,- ասաց քաղաքագիտության դոկտորը:
Ըստ Քեռյանի՝ համակեցության կանոններ գտնելուց գտնելուց զատ, Հայաստանը պետք է միջպետական պայմանագրեր ունենա Ադրբեջանի, Թուրքիայի, Իրանի, Վրաստանի հետ, որով ֆիքսվեն մեր սահմաններ: Նրա խոսքով՝ պետք է նաև շատ ինտենսիվ և շատ ճկուն աշխատանք տանել Ռուսաստանի հետ, որը, ըստ Քեռյանի, Արցախի անվտանգության միակ երաշխավորն է:
«Ի վերջո, թույլ չպիտի տալ, որ մենք սասանենք Ռուսաստանի ռազմական ներկայությունը Հայաստանում և Արցախում, որովհետև այնքան ենք թուլացել, թշնամական շրջապատում հայտնվել, որ մեզ առայժմ գոյատևելու համար միմիայն Ռուսաստանի անվտանգային երաշխիքներն են պետք:
Հայաստանի դիվանագիտությունը պետք է ի վերջո աշխատի: Նա երբեք չի աշխատել նորմալ: Ես նայում եմ մեր դիվանագետների, Արտաքին գործերի նախարարության աշխատակիցների, պատասխանատու պաշտոնյաների գործունեությունը ու ես այնտեղ չեմ տեսնում դիվանագիտության այն մակարդակը, որը կարող է մեզ համար հարցեր լուծել՝ տնտեսական, ռազմական, քաղաքական հարաբերությունների բարելավման համար, և այլն: Մեր դիվանագիտության մեջ մենք պետք է շատ ուժեղացնենք տնտեսական կողմը, մենք պետք է ունենանք հզոր տնտեսական դիվանագիտություն, որ մեր պետությունը կարողանա հայտնաբերել դրսում և շրջապատում այն պոտենցիալ ներդրողներին, որոնց կարող է գրավիչ պայմաններով բերել դեպի Հայաստան: Սա արդեն տնտեսական դիվանագիտության խնդիրն է»,- նշեց մեր զրուցակիցը:
Ինչ վերաբերում է Արցախի հարցի կարգավորմանը՝ ապա քաղաքագետն առաջիկա տարիներին ոչ մի զարգացում այդ հարցում չի ակնկալում:
«Արցախի հարցի կարգավորումը առայժմ՝ առաջիկա 5 տարում, չկարգավորման մեջ է: Այսինքն՝ պետք է տալ դադար, քանի ռուսական ներկայությունը կա: Այս 5 տարվա ընթացքում պետք է երբեք չբարձրացնել այնպիսի սրությամբ այդ հարցը, որպեսզի դրդեն Ադրբեջանին և Թուրքիային գնալ նոր ագրեսիայի: Նրանք սպասում են դրան, նրանք սպասում են, որ հայկական կողմը նորից Արցախի անկախության կամ կարգավիճակի հարց կարող է նետել, նորից ինչ-որ քայլեր ձեռնարկել, որը իրենց հիմք կտա վերջնականապես մաքրել Արցախը հայերից: Մենք պետք է նկատի ունենանք, որ Ռուսաստանը շատ խորը շահեր ունի Ադրբեջանի և Թուրքիայի հետ, և նա միշտ չէ, որ հայանպաստ որոշումներ կարող է կայացնել, և նա միշտ չէ, որ կարող է ուշանալ: Օրինակ, այս պատերազմի ժամանակ ուշացավ: Ռուսաստանն այդպես ուշանում է, երբ իրեն ձեռք է տալիս: Այսինքն՝ յուրաքանչյուր պետություն իր շահը ունի: Դրա համար առայժմ պետք է տալ դադար, հանգիստ: Ես որևէ հույս էլ չունեմ Մինսկի խմբի հետ: Մինսկի խումբը լրիվ իր անարդյունավետությունը ցույց է տվել: Եթե այդ կառույցը գործեր, պատերազմ չէր լինի: Բնականաբար, այդ կառույցը միշտ եղել է դատարկ: Մենք կանխազգում էինք, որ այդտեղ դատարկություն է, բայց ամեն դեպքում չէինք սպասում, որ Միացյալ Նահանգները, Ֆրանսիան, աշխարհի մյուս հզորները թույլ կտան, որ իրենց աչքի առաջ ժամանակակից պատերազմի տեխնոլոգիաներով 5000 երիտասարդի դնեն և գնդակահարեն մարտի դաշտում: Դա մարտական գործողություն չէր, պարզապես Հայաստանի բանակի կենդանի ուժի զանգվածային ոչինչացում էր: Ես ուրիշ բան չեմ տեսել այդ պատերազմի եղած ինֆորմացիայից:
Պետք է լինել շատ զգույշ, պատմությունից դասեր պիտի քաղել: Իսկ այդ զգուշությունը պետք է դրսևորվի հետևյալում՝ մի փոքր անգամ իսկ առիթ չտալ, որ Թուրքիան և Ադրբեջանը սանձազերծեն նոր պատերազմ: Եվ պետք է նկատի ունենալ՝ այսուհետ նոր պատերազմը չի լինելու պատերազմ Ադրբեջանի դեմ: Դա լինելու է պատերազմ, ես կասեի, Թուրքիայի հետ միաժամանակ, նաև այլ պետությունների, որոնք արմատական իսլամական վարչակարգեր ունեն, թուրքամետ են, ինչպես, օրինակ, Պակիստանը, և այլն: Դրա համար զգուշությունը, զսպվածությունը, ռուսական կողմի հետ շատ դինամիկ և համաձայնողական աշխատանքը կլինեն այն երախիքները, որ մենք առայժմ պահպանենք Արցախի անվտանգությունը՝ քանի ռուսներն այնտեղ ունեն ռազմական ներկայություն: Այդ ընթացքում կյանքը ցույց կտա: Գուցե իրենք՝ Ռուսաստանը, կամ Ռուսաստանը, Ֆրանսիան, Միացյալ Նահանգները միասին՝ ինչ-որ մի լուծում գտնեն:
Եվ ընդհանրապես նման հակամարտություններ կան, որ ձգվում են տասնամյակներ շարունակ, նույնիսկ՝ 80-90 տարի, և չեն լուծվում: Բայց ամեն դեպքում դրանք կարծրացած, սպիացած և մոռացված և հանգած հակամարտություններ են, որոնց փրկությունը հենց դրա մեջ է: Օրինակ՝ Կիպրոսի հարցը հիմա լուծվո՞ւմ է: Չի լուծվում: Հենց այդ չլուծվածությունն էլ Կիպրոսում խաղաղության ամենալուրջ գրավականն է: Պատկերացրեք՝ հունական կամ թուրքական կողմը հիմա փորձի Կիպրոսի հարցը լուծել, դա կվերածվի նոր պատերազմի և արյունահեղության: Թայվանի հարցը լուծվե՞լ է, 1949թ.-ից կա Թայվանի հարցը: Թայվանի հարցը չի լուծվել, և, բնականաբար, ամբողջ միջազգային հանրությունը գտել է, որ Թայվանի հարցի լուծումը նրա չլուծվելու մեջ է: Աբխազիայի և Օսիայի հարցը լուծվո՞ւմ է, Մերձդնեստրի հարցը լուծվո՞ւմ է: Ինչի՞ ենք մենք ամեն օր առավոտից իրիկուն խոսում Արցախի հարցի լուծման մասին: Գուցե մազոխի՞ստ ենք, ուզում ենք խոսել այդ հարցի լուծման մասին, որպեսզի վերացնե՞նք այդ հարցը:
Ինչքան պարապ մարդ կա, այդ հարցի մասին է խոսում: Լուրջ անվտանգային երաշխիք կա: Այդ մարդիկ այնտեղ ապրում են: Թողեք ապրեն: Ի՞նչ եք ուզում: Ի՞նչ են ուզում՝ չեմ հասկանում: Հիմա եթե այնտեղ չլինեին ռուսական խաղաղապահ ուժերը, հնարավոր էր նորից բորբոքել: Բայց հիմա եթե անվտանգային երաշխիքը կա, Հայաստանն անգամ իրեն չի կարողանում պաշտպանի, Արցախը չունի ո՛չ տնտեսական, ո՛չ ռազմական ռեսուրսներ Ադրբեջանի դեմ ինչ-որ անվտանգային գոտի ստեղծելու համար, ուրեմն լուռ մնացեք, համագործակցեք, գտեք ուղիներ, անվտանգության գոտին ամրապնդեք, մինչև տեսնենք՝ կյանքն ինչ ցույց կտա: Մի՞թե ամբողջ նախորդ 25-26 տարին ցույց տվեց, որ մի փուչ թղթի համար, որի վրա պիտի գրած լիներ կարգավիճակ, մենք տարանք ամբողջ Արցախը կործանման: Իսկ ի՞նչ էին առաջարկում: Ասում էին՝ «բերեք այդ կարգավիճակից հրաժարվենք, խաղաղապահ ուժեր մտցնենք, Ղարաբաղի ամբողջականությունը պաշտպանենք, հլը Լաչինն էլ տանք ձեզ, որ դուք ազատ գնաք-գաք»: 26 տարի հայկական դիվանագիտությունը դա համարեց պարտություն: Ոչ ոք ոչինչ չարեց: Մի քայլ առաջ չգնացին ոչ մեկը: Բերեցին հասցրեցին, ժողովրդին կոտորեցին, հիմա ասում են՝ Արցախի հարցի լուծում: Ողբամ զՁեզ»,- զրույցն ավարտեց Գարիկ Քեռյանը: