Ի՞նչ փաթեթավորում, միսը «Ժիգուլու» բեռնախցիկից են հանում
Միամտություն կլինի կարծել, թե երշիկեղենի արտադրությամբ զբաղվող օրինախախտ ընկերությունների ցանկը սահմանափակվում է սոսկ այն 21-ով, որոնց տուգանելու վերաբերյալ դեկտեմբերի 10-ի իր նիստում որոշում կայացրեց ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը:
Օրինախախտների քանակն իրականում շատ ավելի մեծ է: Այդ դեպքում, բնականաբար, հարց է առաջանում, թե հանձնաժողովն ինչո՞ւ մյուսներին ուշադրությունից դուրս է թողել ու նրանց նկատմամբ էլ չի կիրառել օրենքի պատժիչ ու կարգի հրավիրող ուժը բոլոր այն դեպքերում, որոնք հանձնաժողովի իրավասությունների ու պարտականությունների շրջանակում են:
Ակնկալում ենք հանձնաժողովի պատասխանը, որը որքան շուտ ստացվի, այնքան էլ լավ: Գրեթե կասկած չունենք, որ մինչ այդ մեր հասարակության անդամները կփորձեն գտնել այս հարցի պատասխանն իրենց ենթադրություններով:
Իհարկե, շատ ավելի մեծ է այն խախտումների ու խնդիրների շրջանակը, որոնք դուրս են հիշյալ հանձնաժողովի իրավասության շրջանակից: Դրանցով պետք է զբաղվի, օրինախախտներին հայտնաբերի և նրանց պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ համապատասխան միջոցներ ձեռնարկի ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը: Իսկ կատարո՞ւմ է արդյոք իր այդ պարտականությունը…
«Մսի և մսամթերքի տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության 19.10.2006 թ. թիվ 1560-Ն որոշման համաձայն` միսը և մսամթերքը` առանձին-առանձին կամ խմբակային` ըստ տեսակների, պետք է փաթեթավորվեն այնպիսի նյութերով ու միջոցներով, որոնք կապահովեն արտադրանքի պահպանվածությունն ու անվտանգությունը դրանց պահպանման, փոխադրման և իրացման ժամանակ: Չէ մի… Որ ընդհանրապես փաթեթավորման հանդիպեք, դեռ լավ է, խորհրդային ժամանակները կհիշեք: Կանգնեք, օրինակ, «Հայկական շուկայի» (ԳՈՒՄ-ի շուկայի) հարևանությամբ գտնվող մսավաճառանոցի մոտ, և գրեթե առանց բացառության կտեսնեք, թե ինչպես են միսն ավտոմեքենայից հանում-տեղափոխում առանց որևէ փաթեթավորման, հաճախ նույնիսկ` մարդատար ավտոմեքենայի բեռնախցիկից:
Կառավարության նույն որոշման համաձայն` սպառողական տարան և փաթեթավորող նյութերը պետք է դիմակայեն 20 կՊա ճնշմանը, պահպանեն հերմետիկությունը, եռակցման կարերը պետք է լինեն հավասարաչափ, առանց ծակոտիների` բացառելով ջրի, օդի ներհոսքը կամ պարունակության արտահոսքը: Մտեք հայաստանյան խանութներ, նույնիսկ շատուշատ սուպերմարկետներ, ու կտեսնեք ծակեր, պատռվածքներ ունեցող փաթեթավորմամբ մսամթերքներ, հավեր…
Միսը և մսամթերքը փաթեթավորող նյութերը, ըստ հիշյալ որոշման, պետք է լինեն ջերմակայուն` մինչև 95 (+/-5) աստիճան C ջերմաստիճանը, պետք է կայուն լինեն ջրի, գազերի, թթվային, հիմնային լուծույթների, լվացող-ախտահանող միջավայրերի նկատմամբ: Հասկանալի է, որ այսպիսի խիստ պահանջներն անվտանգության նկատառումներով են պայմանավորված, բայց երբ պահանջվողը համեմատում ես իրականության, փաստացի վիճակի հետ, մտածում ես` կառավարության որոշումը չկատարելո՞ւ համար է, թե՞ հիշյալ ծառայությունը կատարում է այն ընտրողաբար, այսինքն` երբ ցանկանում և ում նկատմամբ ցանկանում է:
Արթուր Հովհաննիսյան
«Փաստինֆո»