Կորոնավիրուսով վարակվելուց հետո հիվանդների 14%-ի մոտ ախտորոշվել է առնվազն մեկ նոր հիվանդություն. Սամվել Հայրումյան
«Կորոնավիրուսը կարող է առողջության վրա թողնել անդառնալի հետևանքներ, ինչպիսիք են թոքերի ֆիբրոզը, համի, հոտի զգացողության կորուստը, որը նույնիսկ ամիսներ շարունակ պահպանվում է շատերի մոտ: Հիվանդությունն անդառնալի հետևանքներ է թողնում նաև նյարդային համակարգի վրա»,- մեզ հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարարության ընտանեկան բժշկության գծով խորհրդատու, ընտանեկան բժիշկ Սամվել Հայրումյանը:
Ինչ վերաբերում է առողջության առաջին պահպանման մակարդակում հաճախակի գրանցվող հետքովիդյան բարդություններին՝ բժիշկը հայտնեց, որ կորոնավիրուսի համավարակից 1.5 տարի անց միջազգային հեղինակավոր տարբեր բժշկական ամսագրերում վերջերս հետազոտությունների տվյալներ են ամփոփվել:
Օրինակ, Հարվարդի հանրային առողջության դպրոցի գիտնականները վերլուծել են Միացյալ Նահանգների ավելի քան 193.000 հիվանդների տվյալներ, որոնց մոտ հաստատվել է կորոնավիրուս մինչև 2020 թվականի նոյեմբեր ամիսը: Մասնակիցները եղել են 18-65 տարեկան:
«Արդյունքները ցույց են տվել, որ COVID-19-ից հետո հիվանդների 14%-ի մոտ ախտորոշվել է առնվազն մեկ նոր հիվանդություն, որը պահանջում է բուժում (սրտանոթային, նյարդաբանական, երիկամային, շնչառական և մտավոր բարդություններ): Պարզվել է, որ COVID-19-ով հիվանդացած մարդկանց մոտ նոր հիվանդությունների զարգացման ռիսկը 5%-ով բարձր է վերահսկողական խմբի համեմատ: Միևնույն ժամանակ, կորոնավիրուսից հետո նոր ախտորոշում ստանալու հավանականությունը բավականին մեծ է եղել ոչ միայն տարեց հիվանդների կամ նրանց մոտ, ովքեր արդեն առողջական խնդիրներ են ունեցել, այլև բավականին երիտասարդների մոտ, ովքեր չեն ունեցել ուղեկցող հիվանդություններ:
The Lancet Infective Diseases-ը համեմատել է 9000 COVID-19 հաստատված դանիացիների առողջական տվյալները 81 քաղաքացիների հետ, որոնք 2020 թ. փետրվարից մայիս ընկած ժամանակահատվածում բացասական ՊՇՌ թեստ են ստացել: Հիվանդների միջին տարիքը 43 տարեկան է եղել, 63,5%-ը՝ կանայք: Վարակվածների խմբում ընդգրկվել են միայն հիվանդներ, ովքեր լուրջ բարդություններ չեն ունեցել և բուժվել են ամբուլատոր պայմաններում:
Երկու խմբերին էլ իրենց բժիշկները հետևել են թեստավորումից հետո երկու շաբաթից մինչև վեց ամիս: Արդյունքները ցույց են տվել, որ կորոնավիրուսով հիվադացածների մոտ ավելի հաճախ հայտնաբերվել են շնչառական խնդիրներ, ինչպես նաև երակային թրոմբոէմբոլիզմի դեպքեր: Վերլուծությունը ցույց է տվել նաև, որ պացիենտների 31%-ը COVID-19-ից հետո վեց ամսվա ընթացքում ստիպված է եղել ընդունել նոր դեղեր, այդ թվում՝ բրոնխալայնիչ միջոցներ՝ հևոցը վերացնելու, միգրենը թեթևացնելու համար»,- նշեց Սամվել Հայրումյանը:
Բժշկի փոխանցմամբ՝ TriNetX էլեկտրոնային առողջության գրանցման ցանցի տվյալների հետահայաց կոհորտ ուսումնասիրությունն էլ (81 միլիոն հիվանդ) ցույց է տվել, որ կորոնավիրուսով վարակված 236,379 պացիենտների շրջանում «առողջացումից» հետո 6 ամսվա ընթացքում «ուղեղի կամ նյարդերի» խնդիրների առաջացումը կազմել է 33,62%, ընդ որում՝ 12,84%-ը նման ախտորոշում ստացել է առաջին ագամ: Տագնապային խանգարում գրանցվել է 17,39%-ի մոտ (ITU-19,15%), իշեմիկ ինսուլտ` 2,10%-ի (6,92%), ներգանգային արյունահոսություն` 0,56%-ի (2,66%), պարկինսոնիզմ ՝ 0,11%-ի (0,26%), դեմենցիա՝ 0,67%-ի (1,74%), հոգեբանական խանգարումներ՝ 1,40%-ի (2,77%) մոտ:
«Journal of Internal Medicine-ն էլ ներկայացրել է այն անձանց հետ կապված ուսումնասիրությունը, ովքեր հիվանդացել են COVID-19-ով հետևյալ ախտանիշներով՝ հոտի կորուստ, հոտի մասնակի կորուստ, տհաճ հոտերի զգացում՝ դրանց աղբյուրների բացակայության դեպքում, հոտի զգացում, որի աղբյուրը իրականում բացակայում է՝ հաճախ դրանք այրված, փտած կամ փչացած նյութերի հոտեր են, ինչպես նաև համի զգացողության կորուստ կամ աղավաղում:
Պարզվել է՝ վարակվածների կեսից ավելիի մոտ (54,3%) հոտառությունն ամբողջությամբ վերականգնվել է 1 ամսվա ընթացքում, մեկ հինգերորդի մոտ (21,2%) հոտառությունն ամբողջությամբ վերականգնվել է միայն 2 ամսվա ընթացքում, մեկ քառորդի մոտ (24,5%) հոտառությունը լիովին չի վերականգնվել նույնիսկ 2 ամիս անց: Այնուամենայնիվ, հիվանդների 95%-ը վերականգնել է հոտառությունը կորոնավիրուսի վարակից վեց ամիս անց:
Սամվել Հայրումյանն ընդգծեց՝ պատվաստանյութերը կանխում են ծանր և մահացու դեպքերը, իսկ օրինակ՝ «Պարացետամոլի» օգտագործումը, որը, ի դեպ, հանրության շրջանում տարածված է, որևէ կերպ չի կանխում կորոնավիրուսով վարակվելու հավանականությունը: