Բաժիններ՝

«Փոքր» ու ոչ բանական գլխով երազելը շատ վտանգավոր է. կրթության բարեփոխման հիմնասյուները

Վերջին տարիներին Հայաստանում անցկացվող կոնֆերանսների, վերապատրաստումների ժամանակ հաճախակի է խոսվում այն մասին, որ պետք է երազել, պետք է տեսլական ունենալ։ Այս խոսքերից հետո բերվում են մարդկանց անուններ, որոնք երազանք ու տեսլական ունենալով՝ հաջողության են հասել։ Իհարկե, չեն նշվում այն մարդկանց անունները, որոնք երազանք ու տեսլական են ունեցել, բայց ձախողվել են։ Այստեղ խնդիրն այն է, որ պարզապես երազանք ու տեսլական ունենալը բավարար չէ։ Անհրաժեշտ է լինել հաջողակ (հաջողակ լինելու մասին խոսում են անգամ տնտեսագետները), ունենալ մտածողության բարձր մակարդակ, բնավորության հատկանիշներ (հետևողականություն, խիզախություն)։ Պակաս կարևոր չէ նաև գաղափարն իրականություն դարձնելու հետևողականությունը։

Հայաստանի կրթության ոլորտի խնդիրներից մեկն այն է, որ մենք հիմնականում յուրացրել ենք երազանք ու տեսլական ունենալու մասը, բայց չենք կարևորում մնացած բաղադրիչները։ Արդեն 6 տարի է՝ Հայաստանը չունի կրթության զարգացման ռազմավարություն։

Շուտով ընտրություններ են։ Եվ հասկանալի է, որ ռազմավարության հարցը նորից կմղվի երկրորդ պլան։ Ինչո՞ւ մենք չենք կարողանում ստեղծել այդ ռազմավարություն-տեսլականը։ Խնդիրն այն է, որ ժամանակակից աշխարհում տեսլական ստեղծելու համար պետք է ներդրում անես մտածող մարդկանց վրա, պետք է կարևորես մտածողությունն ընդլայնելու, զարգացնելու մշակույթը։ Պարզապես աշխատանքային խումբ ձևավորելով, միջազգային կազմակերպությունից գումար վերցնելով՝ կարող ես ինչ-որ բան մշակել, բայց ոչ՝ գործող ռազմավարություն։ Մեր կրթության համակարգին այսօր թթվածնի պես անհրաժեշտ է մտածողության զարգացում։ Եթե դա չլինի, լավագույն դեպքում կունենանք հերթական ձևական փաստաթուղթը։

Մտածողության զարգացումից բացի, մեզ անհրաժեշտ է հեղինակություն ունեցող մարդկանց իշխանություն։ Կրթության ոլորտում հեղինակությունը շատ կարևոր է։ Մարդիկ քո հետևից չեն գա, եթե դու իրենց համար հեղինակություն չես։ Ցավոք, այստեղ էլ ենք կաղում։ Ես չեմ հիշում մի դեպք, երբ նախարարության ղեկավարները հանդես գան ծրագրային-ռազմավարական ելույթներով։ Անընդհատ քննարկվում են կարգեր, օրենքի փոփոխություններ, չափորոշիչներ։ Այսպիսի իրավիճակային փոփոխություններով չես կարող հեղինակություն վաստակել։ Մարդիկ պետք է հստակ հասկանան, թե ինչ գաղափարական հիմքեր ունի նախարարության ղեկավարությունը, ինչպես է տեսնում փոփոխությունների ճանապարհը։ Եթե այս ամենը չկա, ապա պատրաստ եղեք լսելու ձեր մասին հյուսվող դավադրության տեսություններ։ Որքան էլ ժողովրդավարությունը կարևոր է, այդուհանդերձ, կրթության ոլորտում փոփոխությունները շատ ավելի արդյունավետ կլինեն, եթե համակարգի մարդիկ վստահեն ղեկավարներին, որովհետև նրանք հեղինակություն ունեն։

Պարզապես հեղինակությունն էլ բավարար չէ, քանի որ այն կարող է հանգեցնել կրթության ավտորիտար կառավարման։ Անհրաժեշտ են արժեքներ։ Հայաստանի կրթության ոլորտը պետք է ունենա արժեքային կողմնորոշիչներ։ Վերջին 17 տարիներին անընդհատ խոսվել է կրթության ոլորտում արժեքների դասավանդման մասին։ Բայց գործնականում արժեքների հարցում Հայաստանում կատարյալ քաոս է։ Նորմալ է, որ Հայաստանի բնակչության մի մասը պահպանողական են, մյուսները՝ ազատական, երրորդները՝ չափավոր։ Բայց նորմալ չէ այն, որ այս տարբերություններն օգտագործվում են ոչ կառուցողական ձևով։ Բոլոր նորմալ հասարակություններում էլ կան բևեռներ, հակադրություններ։ Բայց որոշ երկրներ այդ հակադրություններն օգտագործում են՝ որպես առավելություն, հնարավորություն։

Արժեքներն էլ բավարար չեն։ Մեզ անհրաժեշտ են ստեղծագործող մարդիկ, անհատներ ու խմբեր։ Հայաստանում գրեթե անտեսված ու արհամարհված է հեղինակային մանկավարժությունը, նորարարությունը։ Ի՞նչ է արվում այս ոլորտում։ Կա՞ն անհատներ, խմբեր, որոնք ինչ-որ բան են փորձարկում։ Ինչպե՞ս կարող ենք իմանալ դրանց գոյության մասին։ Եթե այդպիսիք կան, ինչպիսի՞ն են դրանց արդյունքները։ Ի՞նչ կարող են սովորել անհատները, դպրոցներն այդ նորամուծություններից։ Ինչո՞ւ չկան փորձի փոխանակման հարթակներ։ Կրթական համակարգը շատ ստանդարտացված է դարձել։ Բոլորը նայում են, թե նախարարությունն ի՞նչ նոր որոշումներ է կայացնելու։

Այսպիսով, կրթական համակարգի զարգացման համար 4 բան է պետք։ Պետք է մտածողության ընդլայնում, զարգացում։ Այսօրվա իրականությունն այնքան բարդ է, որ մեզ անհրաժեշտ են խորը ու լայն մտածող առաջնորդներ, մասնագիտական համայնք։ Միայն այդպիսի համայնքը կարող է դառնալ հեղինակություն, ձևավորել արժեքային համակարգ և աջակցել ստեղծարար անհատներին ու խմբերին։  

Վերջում ուզում եմ մեջբերել Հովհաննես Թումանյանի հանճարեղ խոսքերը «Զինվորագրվել են» հոդվածից. «Գաղափարները մեծ բաներ են։ Մեծ գաղափարները մարդկանց մեծացնում, զորացնում ու ազնվացնում են, մի խոսքով, մարդը դառնում է գաղափարական։ Բայց դրա համար պետք է մարդու գլուխը էնքան մեծ ու բանական լինի, որ մի որևէ մեծ գաղափար մտնի նրա մեջ ու մարսվի»։

Մեզ հիմա պետք են «մեծ ու բանական գլուխներ»։ Միայն այդ դեպքում հնարավոր կլինի հասկանալ իրականությունը և փոխել մեր ապրելակերպը։ «Փոքր» ու ոչ բանական գլխով երազելը շատ վտանգավոր է։ 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս