«Ադրբեջանը ստորագրվելիք փաստաթուղթը կմեկնաբանի՝ որպես Ստեփանակերտի վրա ադրբեջանական դրոշ բարձրացնելու լեգիտիմ իրավունք». Արգիշտի Կիվիրյան
Այսօր մամուլի ասուլիսի ժամանակ վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանն անդրադարձավ Ադրբեջանի՝ անընդհատ հայկական նոր տարածքներ զավթելու նկրտումներին ու կարծիք հայտնեց, որ ադրբեջանցիները փորձում են չկրկնել այն սխալները, որոնք հայերն արել են 1994թ.-ին:
«1994թ.-ին, երբ հայկական կողմն ուներ բացարձակ առավելություն Ադրբեջանի նկատմամբ, երբ Ադրբեջանը, կարելի է ասել, ջախջախված էր, չուներ բանակ, հայկական կողմը գնաց հրադադարի, այնինչ կարող էր փորձել ստանալ ավելին: Կարող էր փորձել ստանալ այնպիսի պատկեր, որը կբացառեր ապագայում նոր պատերազմը, որովհետև այն ժամանակ «Ադրբեջան»՝ որպես պետություն, չկար, դրա համար էին իրենք շահագրգռված դադարեցնել պատերազմը, սակայն մենք չպնդեցինք մինչև վերջ: Հիմա Ադրբեջանը փորձում է այդ սխալը չկատարել, կարող է ցինիկ է հնչում, բայց ինքը, տեսնելով, թե ի՞նչ վիճակում է գտնվում հայկական կողմը՝ ջախջախված բանակ, ծանր հոգեբանական վիճակում գտնվող պետություն, խելապակաս իշխանություն, այս պարագայում փորձում է հասնել առավելագույնին: Ադրբեջանը փորձում է ամեն ինչ անել, որ պատերազմի մեր պարտությունից հետո դեռ ինչ-որ բան ավել ստանա հայկական կողմից: Դրանով են պայմանավորված այս ճնշումները»,- ասաց Կիվիրյանը:
Վերլուծաբանի պնդմամբ՝ Հայաստանից ավելին պոկելու Ադրբեջանի ձգտումը նաև այն պատճառով է, որ իրենք հասկանում են՝ հայկական կողմը վերականգնվելուց հետո ձգտելու է ռևանշի: Անդրադառնալով այն փաստաթղթին , որը պատրաստվում է ստորագրել Նիկոլ Փաշինյանը, Կիվիրյանը հիշեցրեց.
«Ադրբեջանը փորձում է ՀՀ-ից պոկել այնպիսի փաստաթղթեր, որոնք իրեն թույլ կտան ապագայում՝ ինչ-որ X ժամանակ հետո, դա կարող է լինել շատ մոտ ապագայում, լեգիտիմ կարգով լուծել Արցախի մնացած կտորի հարցը: Նիկոլ Փաշինյանը վերջերս ԱԺ իր ելույթում վերհիշեց Ալմաթիում հեռավոր 91թ.-ին հայկական կողմի ստորագրած փաստաթուղթը, ասաց, որ ԱՊՀ մտնելու կապակցությամբ հայկական կողմը ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Այո, նման խայտառակ փաստաթուղթ 1991-ին հայկական կողմը ստորագրել է: Եվ այդ փաստաթուղթը դե ֆակտո հանգեցրեց նրան, որ Ադրբեջանն իր պատկերացմամբ ստացավ լեգիտիմ իրավունք սկսելու պատերազմ Արցախի դեմ, և 92 թ.-ին սկսվեցին լայնածավալ ռազմական գործողությունները: Հիմա այս փաստաթուղթը, որն իրենք փորձում են պոկել հայկական կողմից, այսպես ասած, որ հայկական կողմը ճանաչի Ադրբեջանի սահմանները, դա Ադրբեջանը կմեկնաբանի՝ որպես իր համար Ստեփանակերտի վրա ադրբեջանական դրոշ բարձրացնելու լեգիտիմ իրավունք, նա այդ ձևով է մեկնաբանելու: Քանի որ մենք ներկայումս գտնվում ենք այս խղճուկ վիճակում, ինքն այդ փաստաթուղթը պոկելուց հետո ամեն պահի կարող է սադրանքներ իրականացնել, փորձի զորք մտցնել Արցախի մնացած հատված: Ադրբեջանի պատկերացմամբ՝ Հայաստանն այս փաստաթղթով իրեն տալիս է այդ լեգիտիմ իրավունքը»,- ասաց Կիվիրյանը:
Վերլուծաբանի խոսքով՝ 1991-ին իրավիճակն այլ է եղել, Հայաստանի և Ադրբեջանի ուժերը գրեթե հավասար են եղել, դեռ ավելին, հայկական կողմը որոշ առավելություններ ուներ, որոնք օգտագործելով՝ կարողացավ հաղթել պատերազմը:
«Ներկայում մենք ունենք ջախջախված Արցախ, ջախջախված Հայաստան, և եթե դու դեռ Ադրբեջանի ձեռքը տալիս ես այդ փաստաթղթերը, ինքը դա մեկնաբանելու է, որ ես այս իրավունքն ունեմ, բա դու ճանաչել ես, չէ՞, ինձ այդ սահմաններում, բա եթե ճանաչել ես, գնում եմ, իմ այդ սահմանների այս կամ այն հատվածում տնկում եմ իմ դրոշը»,- ասաց Կիվիրյանը:
Իսկ ի՞նչ պետք է անել, որ Ադրբեջանը չկարողանա պոկել այս փաստաթղթերը, արդյոք բավակա՞ն է իշխանության հեռացումը:
«Նիկոլ Փաշինյանը վերածվել է Հայաստանի աղետի խորհրդանիշի և շարունակում է այդ քաղաքականությունը: Այս անձը չի տիրապետում արտաքին քաղաքական հմտությունների, նվազագույնը դա երևում է, թե ի՞նչ դիտավորություններ է անում, դա ապագայում, երբ ինքը չի լինի իշխանության, քննությունը կպարզի: Այս պարագայում թիվ մեկ պայմաններից մեկն է, որ նման իշխանություն չլինի Հայաստանում, բայց գլոբալ պայմանը, որ այդ իրավիճակից դուրս գանք, մենք պետք է մեկ օր շուտ փորձենք վերականգնել բանակը, ստեղծենք բանակ, քանի չկա բանակ, Ադրբեջանը փորձելու է ստեղծել այս իրավիճակը»,- ասաց Կիվիրյանը:
Վելուծաբանը հույս հայտնեց, որ ընդդիմությունը գոնե ընտրությունների միջոցով կկարողանա հեռացնել գործող իշխանությանը: