«Ես չեմ տեսնում այնպիսի միջավայր, որտեղ կարող են լինել բանակցություններ՝ առանց Ադրբեջանի կողմից ակնհայտ ճնշումների, սպառնալիքների». փորձագետ
«Կոմունիկացիաների բացումը, բոլոր ինտեգրացիոն գործընթացները, որոնք հնարավոր են տարածաշրջանում պատերազմից հետո, բնականաբար, հօգուտ Փոքր Եվրասիայի կամ Մեծ Եվրասիայի նախագծերի են՝ ռուս -չինական կամ ռուս-չին-թուրքական նախագծի, ինչը չի բխում Ամերիկայի Միացյալ Նահանգների շահերից»,- Հայ-ամերիկյան քաղաքագիտական առաջին ֆորումում նշեց տարածաշրջանային և անվտանգային հարցերով փորձագետ Էդուարդ Աբրահամյանը:
Ըստ փորձագետի՝ այս համատեքստում կարևոր է արձանագրել, որ Հայաստանի կարևորագույն պրոքսի-գործիքը տարածաշրջանում, որը հնարավորություն էր տալիս Հայաստանին պրոյեկտելու ազդեցություն և ուժ, Արցախն էր՝ իր բոլոր տարածքներով, աշխարհաքաղաքական դերով և դիրքով, որն առկա էր մինչև սեպտեմբերի 27-ը.
«Դա դիտարկվում էր բնական խոչընդոտ ինտեգրացիոն այն գործընթացներին, որոնք առաջ էին քաշվում Փոքր կամ Մեծ Եվրասիայի նախագծերի շրջանակներում: Հիմա այդ խոչընդոտը չկա»:
Էդուարդ Աբրահամյանը համոզված է, որ ԱՄՆ-ի համար Հայաստանը կարող է դառնալ առաջնահերթություն միայն այն դեպքում, եթե Հայաստանը ցանկանա դա. «Այստեղ ոչ թե վերևից ներքև ֆունկցիայի կամ դերակատարության իջեցման խնդիրն է, այլ ընդհակառակը՝ փոքր պետություններն իրենք են գնում մեծ երկրների հետ բանակցությունների և քաղաքական առևտրի միջոցով առաջարկում են որոշակի ֆունկցիաներ վերցնել իրենց վրա՝ ի պատասխան՝ստանալով այլ օգուտներ և առավելություններ գերտերություններից:
ԱՄՆ-ը, ինչպես Բայդենը երկու ամիս առաջ հայտարարեց, կարևորելու է դաշնակիցների և հատկապես փոքր դաշնակիցների դերը և դերակատարությունը, ազատությունը ռեգիոնալ քաղաքականության մեջ դերակատարություն ունենալու, և հիմնվելու են նաև դրա վրա: Այստեղ իրենք ակնկալում են՝ որոշ դերակատարներ, որոնք հատկապես գտնվում են Մեծ Եվրասիայի ուղեծրի մեջ, որոնք իրենց վրա կվերցնեն որոշ Ֆունկցիաներ և հանդես կգան նաև նախագծերով, ինչն ավելի կմեծացնի այդ երկրների մանևրականությունը, անվտանգային միջավայրը»:
Փորձագետի գնահատմամբ՝ տարածաշրջանային հակամարտային միջավայրը խաղ է զրոյական հաշվով, ինչը ենթադրում է, որ մի կողմն ամբողջությամբ ակնհայտ հաղթող է, մյուս կողմը՝ ակնհայտ և ամբողջությամբ պարտվող, և այս պարագայում բանակցությունների մասին խոսելն իրատեսական չէ. «Արցախյան վերջին պատերազմն ամբողջությամբ դա ցույց տվեց. Ադրբեջանը տարածաշրջանում ավելի ամրապնդեց փոքր երկրների միջև իր դոմինանտ դերակատարությունը, ուժային դոմինանտությունը և, փաստորեն, ստեղծեց հիերարխիա, որտեղ մեծ կամ հիմնական մեծ կամ միջին տերությունները, օրինակ՝ Ռուսաստանը, Թուրքիան, Իրանը, ավելի շատ աշխատում են Ադրբեջանի հետ, քան հավասարապես երեք երկրների հետ: Դա, բնականաբար, վտանգավոր դինամիկա է, հետևաբար, ինչպես կարող են բանակցություններ ընթանալ իրավահավասար կողմերի միջև, եթե մի կողմն ամբողջությամբ պարտվել է, մյուս կողմը՝ ակնհայտորեն հաղթել:
Ես չեմ տեսնում այնպիսի միջավայր, որտեղ կարող են լինել բանակցություններ՝ առանց Ադրբեջանի կողմից ակնհայտ ճնշումների, սպառնալիքների և ագրեսիայի սպառնալիքների՝ հատկապես այն պարագայում, որ Ադրբեջանը, ըստ էության, կարողացավ ճիշտ դիրքավորվել այդ փոքր և մեծ Եվրասիայի նախագծերի շրջանակներում:
Այս պահի դրությամբ չեմ տեսնում հնարավորություն՝ նույնիսկ խոսել բանակցությունների մասին, քանի որ տարածաշրջանում թելադրող վերին օղակի դոմինանտ երկիրը ՌԴ-ն է, ստորին մակարդակի դոմինանտ երկիրն Ադրբեջանն է, և երկու երկրներին էլ ձեռնտու չէ Արևմուտքի ներգրավվածությունը տարածաշրջանում, որը կարող է բերել որոշակի կոնֆիգուրացիաների փոփոխության:
Մինսկի խումբը, այսպես թե այնպես, էֆեկտիվ չէր նախկինում. Հիմնական երկու խաղացողների համար Մինսկի խումբը՝որպես հարաբերությունների պլատֆորմ, կարծես կորցրել է իր ռելևանտությունը, իմաստը: Իրենք կարողանում են իրականացնել իրենց տարածաշրջանային դիրքավորումները՝ առանց ներգրավելու Ֆրանսիային կամ ԱՄՆ-ին: Եթե ուշադիր լինեք, կտեսնեք, որ Ադրբեջանի հռետորաբանությունը, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, կամ ընդհանրապես այն երկրների նկատմամբ, որոնք ակնհայտ խոսում են այն դիրքերից, որ կարող է կրկին բերել Հայաստանի սուբյեկտայնացմանը, բավականին կոշտ են: Հետևաբար՝ չեմ կարծում, որ Մինսկի խումբն այս պահի դրությամբ կարող է որևէ դերակատարություն ունենալ»:
Ըստ փորձագետ Էդուարդ Աբրահամյանի ՝ ամեն ինչ կախված է Հայաստանի իշխանություններից, նա, սակայն, հստակեցրեց, որ խոսում է ոչ թե հենց այս, այլ առհասարակ որևէ իշխանության մասին, որը կարող է գիտակցել՝ Հայաստանը կարող է աշխարհի գերտերության հետ կառուցել այնպիսի հարաբերություններ, որ նախ՝ կբարձրացնի իր սուբյեկտայնությունը, երկրորդ՝ իր անվտանգությունը, երրորդ՝ իր ռեգիոնալ ազդեցություն ձևավորելու հնարավորությունները:
Մանրամասները՝ տեսանյութում