«Արցախը ՌԴ-ի համար դառնալու է ռազմաբազա, իսկ Հայաստանը թուրքերի համար՝ բազար-վակզալ». Բելլա Լալայան
168.am-ի հետ զրույցում հասարակական-քաղաքական գործիչ Բելլա Լալայանն ասաց, որ Արցախի Հանրապետությունում տարբեր հատվածներում թշնամու առաջխաղացման վերաբերյալ պաշտոնական որևէ տեղեկատվություն չկա։ Այդ լուրերը հասնում են շրջանների բնակիչներից՝ տարբեր ձևակերպումներով․ մեկ ասում են՝ դիրքերին են մոտեցել, մեկ՝ բնակավայրերին։
«Քանի որ պաշտոնական որևէ տեղեկատվություն չկա, չենք կարող հենվել որևէ լուրի վրա։ Բայց եթե բացառման կարգով մոտենանք հասած տեղեկություններին, այսինքն՝ ամեն դեպքում ադրբեջանցիները նվազագույնը մոտեցել են մեր դիրքերին։ Թե հետագայում դա ինչ դրսևորում կունենա՝ չենք կարող ասել, որովհետև մեր իշխանությունները բավականին պասիվ ու անորոշ դիրք են բռնել, այնպես որ՝ ոչինչ չեմ կարող ասել»,- նշեց Բելլա Լալայանը։
Խոսելով հայ-ադրբեջանական սահմանի՝ Գեղարքունիքի և Սյունիքի հատվածներում թշնամու հրահրած սադրանքներին և դրա ազդեցությանն Արցախի վրա, Բելլա Լալայանը նախ նկատեց՝ որևէ լավ բան Սյունիքից չի սպասում, և այն, ինչ այսօր տեղի է ունենում այնտեղ, առնվազն իր համար պարզ էր դեռևս նոյեմբերից։
«Սա գլոբալ ծրագիր է, որին մատուցող ու այդ ծրագիրը սպասարկող է դարձել ՀՀ իշխանությունը։ Լավ բանի չեմ սպասում, ավելին՝ մտածում եմ, որ Արցախը Ռուսաստանի համար դառնալու է ռազմաբազա, իսկ Հայաստանը թուրքերի համար՝ բազար-վակզալ, վակզալ, այսինքն՝ երկաթուղային գիծ՝ Նախիջևանին և Ադրբեջանին կապող։ Այսինքն՝ շուկայական հարաբերությունների համար տարածք։ Այն վարկածը, որ Հայաստանը կիսվելու է, Սյունիքը Արցախի հետ մնալու է մի կողմ, իսկ ՀՀ հյուսիսային կողմը՝ մի կողմ, այդ երկու հատվածի ճակատագիրն էլ է ինձ համար անհասկանալի։ Ես դեռևս մտածում եմ, որ ՀՀ հյուսիսային մասը ևս չի փրկվելու, այսինքն՝ եթե այսպես շարունակվի, ապա այդ հատվածը դառնալու է Թուրքիայի համար վիլայեթ, իսկ հարավային մասը՝ անհասկանալի է, երևի կլինի ռուսների տիրապետության տակ՝ Ադրբեջանի հետ համատեղ»,- հավելեց մեր զրուցակիցը։
Քաղաքական գործչի կարծիքով՝ հայերին տանում են ադրբեջանցիների հետ համակեցության, իսկ ռուսական անձնագրերի տրամադրման լուրերը պարբերաբար տարածում են, որպեսզի մարդիկ շահագրգռվեն ու չլքեն Արցախը։
Միաժամանակ նա շեշտեց, որ հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող իրավիճակով ոչ բոլորն են անհանգիստ, քանի որ, եթե բոլորն անհանգիստ լինեին, ապա Արցախը չէին հանձնի, իսկ Սյունիքն էլ այս վիճակում չէր հայտնվի։
«Իսկապես խոսքեր չեմ գտնում բնութագրելու հայության այն հատվածին, որը չի տեսնում վտանգները, կարծում եմ՝ եթե նույնիսկ թուրքը գա՝ հասնի Երևանի կենտրոն, այդ ժամանակ նույնիսկ խելքը գլուխները չեն հավաքի։ Այն, որ Արցախից հետո հերթը հասնելու էր Սյունիքին՝ պարզ էր, դա դեռևս ասել են Արցախի առաջին պատերազմի ժամանակ։
Մոնթեն հենց այնպես չի ասել. «Եթե մենք կորցնենք Արցախը՝ ապա կփակենք հայոց պատմության վերջին էջը»։ Գուցե սա շատերի համար լոկ խոսքեր է, բայց դրա մեջ ամփոփված է մեծ ճշմարտություն, որն այսօր մենք տեսնում ենք, առերեսվում ենք։ Այն, որ մենք դիմադրություն չենք տեսնում, մարդիկ չեն համախմբվում թշնամու դեմ պայքարում, նույնը եղել է նաև Արցախի 44-օրյա պատերազմի ժամանակ։ Վստահ եմ, որ մեր բանակը պատերազմում չի պարտվել, նրան թիկունքից հարվածել են, դիտավորյալ դիմադրություն չեն կազմակերպել, նորմալ պաշտպանություն ու հակահարձակում չի եղել»,- ընդգծեց նա։
Շարունակելով՝ նա նշեց, որ այսօր բոլորի աչքի առաջ սյունեցիներին զինաթափում են, ճնշում են, նրանց դիտավորյալ կանգնեցնում են խնդիրների, խոչընդոտների առջև, որպեսզի սյունեցին չկարողանա իր հողը պաշտպանել։ Մյուս կողմից էլ՝ տպավորություն է, որ ներկայիս իշխանությունը նստել է ղեկավարման ղեկին, որպեսզի հանրության շրջանում խուճապ, պարտվողական տրամադրություն սերմանի։
«Մենք պարտվել ենք, քանի որ չունենք ազգային, պետականամետ իշխանություն, թրքամետ իշխանություն է, հակառակ դեպքում՝ այդ պատերազմը կարելի էր բավականին հեռացնել ու այդ ժամկետն օգտագործել առաջ գնալու ու արժանի դիմադրություն ցուցաբերելու համար»,- եզրափակեց Բելլա Լալայանը։