«Անշնորհակալ մարդիկ շոու-բիզնեսում շատ են»

2002թ. հայկական շոու-բիզնես մուտք գործեց գործիքավորող, երգահան Հարություն Տեր-Հովակիմյանը՝ Դեր Հովան: Շոու-բիզնեսում նրա առաջին համագործակցությունը  «HAYQ» թիմի հետ էր: Խումբն ու Դեր Հովան առաջին անգամ հանրությանը ներկայացրեցին իրենց համատեղ աշխատանքը՝ «Քամի, փչի» երգը: Հայկական էստրադայի հետ 6 տարվա համագործակցության ընթացքում Դեր Հովան հասցրել է գործիքավորել մի շարք ստեղծագործություններ՝ հաճախ տեսահոլովակներում հանդես գալով՝ որպես բեք վոկալիստ:  «Երբ 2002թ. եկա Հայաստան, առաջին 4 տարիների ընթացքում ուսումնասիրում էի տեղի «շուկան»: Արթուր Իսպիրյանի միջոցով ծանոթացա շատ տարբեր երգիչների հետ:  Նրա միջոցով էլ ծանոթացա «HAYQ» խմբի հետ, որոնց հետ համագործակցությունից սկսվեց հայաստանյան իմ կարիերան: Հեղինակը ես չէի, բայց պատրաստի գործը վերամշակեցի և գործիքավորեցի»,- մեզ հետ զրույցի ընթացքում ասաց Դեր Հովան:

– Հայկական «շուկան» ուսումնասիրելիս՝ այն քեզ ինչպիսի՞ն թվաց:

– Իմ առաջին նպատակը հայկական հիթ ստեղծելն էր: Տարիներով դրսի արտիստների համար գործեր էի պատրաստում, բայց երբեք հայերի համար գործ չէի պատրաստել: Ես իմ նպատակին հասա, իմ կյանքում առաջին անգամ հանրությանը երգ ներկայացրեցի, այն էլ՝ մայրենի լեզվով: Դա դարձավ տարվա հիթ: «Քամի, փչի» երգը շատ հոգեհարազատ գործ դարձավ ինձ համար: Հայկական էստրադա, շուկա երևույթների մեջ շատ լավ և վատ կողմեր կան: Ինձ թվում է՝ այստեղ երգ թողարկելը շատ ավելի հեշտ է, և այն կարող է շատ շուտ հիթ դառնալ: Այդ ամենի հետ մեկտեղ, այստեղ սահմանափակումներ կան այն առումով, որ միշտ չես կարող ազատ ստեղծագործել: Չնայած ես միշտ փորձել եմ նորություն ստեղծել իմ արվեստում, միևնույն է, ես միշտ հայ երգիչների պատճառով ճնշված եմ ինձ զգում իմ աշխատանքում: Շատերը չեն ուզում «էքսպերիմենտ» անել, ու դա ինձ շատ է խանգարում:

– Ի՞նչ ես կարծում, էքսպերիմենտ չանելն ինչի՞ց է գալիս:

Կարդացեք նաև

– Արվեստագետն ազատ պետք է մտածի, իսկ մեր երգիչների 90 տոկոսն արվեստի հետ կապ չունի: Մեր ազգի մեջ միշտ այդ ճնշվածությունը եղել է, բայց երբ մարդ ապացուցում է, որ ինքն անկեղծ է, լավ, մակարդակով գործ է անում՝ ժողովուրդը դա շատ լավ հասկանում է: Ամենալավ օրինակներից մեկը՝ Շպռօտը: Նա երգչուհի էր, ում շատերը  տարիներ շարունակ քննադատում էին, բայց նա «2 Աստղ» նախագծի միջոցով բոլորին ապացուցեց, որ տաղանդավոր է:  Այդ ամենից հետո ամեն բան փոխվեց, ժողովուրդը սկսեց սիրել Շպռօտին:

– Բայց որքանով  տեղյակ ենք՝ նա Հայաստանում չկարողացավ ամբողջությամբ իրեն ռեալիզացնել: Հանրությունն այդպես էլ Շպռօտին չընդունեց: Նա այսօր Հայաստանում  չէ:

– Դա իր որոշումն էր: Ինձ չի թվում, որ նա Հայաստանը լքեց դրա պատճառով: Շպռօտը Հայաստանը լքեց, որովհետև նա իր արվեստում մեծ հաջողությունների էր ուզում հասնել: Մեր շուկան սահմանափակ է այն առումով,  որ էստրադային երգիչը չի կարող այնքան շատ եկամուտ ստանալ, որ կարողանա հանգիստ ապրել: Չեմ կարծում, թե ճնշելու կամ ճնշվածության հարց կա:

– Չե՞ս կարծում, որ մեր էստրադան այնքան որակով չէ, որ կարողանա «որակով» գումար ստանալ արված աշխատանքի համար:

– Մեղմ ասած՝ մեր էստրադայի մեծ մասը «զիբիլ է»: Ես դա շատ լավ եմ հասկանում: Էստրադային երգիչն էլ կարող է փող աշխատել: Դրա համար շատ ճիշտ և կոնկրետ քայլեր են պետք:  Ես դա ապացուցեցի Սոֆի Մխեյանի հետ: Մենք որոշեցինք ստեղծել պարային նոր ոճ, ոչ 6/8 ռիթմով ռաբիս երգեր, բայց և այնպիսի երգեր, որոնք կարող են հնչել նաև հարսանիքների ժամանակ, և դա ընդունվեց: Պարզապես, ինչպես ասացի՝ մեր երգիչների մեծ մասը չեն ուզում «էքսպերիմենտ»  անել, ծույլ ու վախկոտ են, չեն փորձում ստեղծել նոր ոճ, որի միջոցով կարող են մի քիչ գումար աշխատել:

– Ո՞ւմ հետ ես հիմնականում համագործակցում, իսկ ո՞ւմ հետ չես կարող ընդհանրապես աշխատել:

– Մի քանի երգիչների հետ որոշ ժամանակ աշխատել եմ, եղել են նաև դեպքեր, երբ ինձ դուր չի եկել աշխատել իրենց հետ՝ պահվածքի կամ պայմանների պատճառով: Չեմ ուզում անուններ տալ, երևի իրենք գիտեն, թե ո՞ւմ մասին է խոսքը: Ես միշտ փորձում եմ հեռու մնալ անշնորհակալ մարդկանցից: Նրանք շատ են մեր ասպարեզում: Նման մարդկանց հետ ինձ շատ դժվար է աշխատել: Աշխատանքի ընթացքում շատերին եմ ճանաչել, շատերից էլ հիասթափվել եմ: Դա իմ կարծիքն է, և ինձ թվում է, որ իրենց համար դա այնքան էլ կարևոր չպետք է լինի:

– Հասմիկ Կարապետյանի վերջին տեսահոլովակում նաև երգում էիր: Ինչո՞ւ որոշեցիր երգել:

– Ես ինձ առաջին հերթին երգահան, գործիքավորող եմ համարում: Ուրիշների գրած գործերը գործիքավորելն այնքան էլ հարազատ աշխատանք չէ ինձ համար, իսկ երգելն ուղղակի հետաքրքրություն էր, ուզեցի փորձել: Հասմիկին առաջարկեցի ու ինձ թվում է՝ շատ հետաքրքիր գործ ստացվեց: Միշտ բեք վոկալներ եմ երգել, բայց առաջին պլանում երբեք չէի երգել: Հետաքրքիր էր ինձ համար ստեղծագործել երգ, որը նորություն կլիներ այս ասպարեզում:

– Հայ երգիչ-երգչուհիներին ի՞նչն է պակասում:

– Չգիտես՝ ինչո՞ւ, երգիչներին արվեստագետ են համարում: Բայց, թերևս, նրանց միայն մի քանի տոկոսն է իրականում արվեստ մատուցում: Երգարվեստում միշտ էլ խնդիր է եղել այն, որ ժողովուրդը միայն երգչին է տեսնում ու գնահատում: Մոռանում են, որ այդ ֆոնի մեջ կան տաղանդավոր մարդիկ: Ես այսքան տարի Հայաստանում եմ ապրում, և մի հարց կա, որը փորձում եմ հասկանալ, բայց դեռևս չի ստացվում:  Մի պարզ օրինակ. ունենք ազգային երաժշտական մրցանակաբաշխություն, որտեղ երգահանները չեն գնահատվում: Մեր երգիչները ի՞նչ  էին երգելու, եթե մենք չլինեինք: Ընդհանրապես տրամաբանություն չկա այդ մրցանակաբաշխությունում: Թող կազմակերպիչներն ուսումնասիրեն դրսի մրցանակաբաշխությունները ու մի բան սովորեն: Մեզ մոտ այս ամենը շատ մակերեսային է արվում:

– Ամեն տարի, այս տարի ևս, հայկական երաժշտական ալիքն ամփոփում է երաժշտական տարին, և մրցանակակիրներին, արդեն երկրորդ տարին է՝ պետք է ընտրեն հենց շոու-բիզնեսի ներկայացուցիչները: Դու քո ընտրությունն արդեն կատարե՞լ ես:

– Այո, առաջին տարին է, որ ինձ հրավիրել են:

– Ի՞նչ կարծիքի ես, թափանցի՞կ էր այն անցկացվում:

– Դրա մեջ ընդհանրապես թափանցիկություն չկա: Տեսախցիկի առջև կանգնած՝ արդեն գիտեի, թե ո՞ւմ եմ ընտրելու, և ինձ թվում է, որ մասնակիցների մեծ մասն անկեղծ չի քվեարկելու:

– Ինչո՞ւ: Ծանոթ-բարեկամ տարբերակն այս պարագայում ևս գործո՞ւմ է:

– 100%-ով:

Տեսանյութեր

Լրահոս