Բաժիններ՝

Վարորդների իրավունքների պաշտպանը՝ ավտոմեքենաների համարանիշերի հափշտակությունը քրեականացնելու մասին

Ավտոմեքենաների համարանիշերի հափշտակության համար տուգանք կամ ազատազրկում կնախատեսվի:

ՀՀ արդարադատության նախարարությունը քննարկման է ներկայացրել դատախազության ներկայացրած օրենսդրական նախագիծը, որով առաջարկում է քրեականացնել համարանիշի հափշտակությունը։ Առաջարկվում է ՀՀ քրեական օրենսգրքի 324-րդ հոդվածում (Փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ հափշտակելը կամ վնասելը) ավելացնել նաև տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշեր հափշտակելը: Պաշտոնական փաստաթղթեր կամ պաշտոնական փաստաթուղթ չհանդիսացող կարևոր այլ փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ կամ տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշեր հափշտակելը, շորթելը, ինչպես նաև դրանք ոչնչացնելը, վնասելը կամ թաքցնելը, որը կատարվել է շահադիտական դրդումներով կամ անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով՝ պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ մեկից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:

Իսկ եթե տվյալ արարքը պատճառել է խոշոր վնաս (500.000-3 մլն դրամ)՝ պատժվում է տուգանքով` 500.000 դրամից մինչև 1 մլն դրամ, կամ ազատազրկմամբ` 2-5 տարի ժամկետով: Եթե համարանիշերի գողությամբ պատճառվել է առանձնապես խոշոր վնաս (3 մլն դրամից ավելի)՝ պատժվում է ազատազրկմամբ՝ 4-8 տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա:

Վարորդների իրավունքների պաշտպան-փաստաբան Արտակ Խաչատրյանի խոսքով՝ սա այն լուծումը չէ, որն ակնկալվում է, սակայն անհրաժեշտ գործիք է, որը մինչ օրս բացակայում էր։ Քրեականացնել միանշանակ պետք է:

«Համարանիշի գողություն, հափշտակության դեպքերը կանխելու համար անհրաժեշտ է ընդամենը կորած համարանիշ վերականգնելու անհնարինությունը օրենքով վերացնել: Ներկայումս մի անգամից ավելի հնարավոր չէ։ Առաջարկում եմ, որ կորած համարն անընդհատ, անսահմանափակ հնարավոր լինի վերականգնել ընդամենը 12.000 դրամով: Ամեն նոր տրվող համարանիշի վրա՝ անկյունում, պետք է կրկնագրի հերթական համարը նշվի, փոքր թվով դաջվածք, 1-ին կրկնագիր, 2-րդ և այլն։ Ու վերջ, հարցը լուծված է։ Դուբլիկատի համար նշելով՝ կխուսափենք նախկին նույնանման համարանիշի օգտագործումից, որոնք արդեն հետախուզման մեջ կլինեն»,- մեզ հետ զրույցում ասաց Արտակ Խաչատրյանը՝ հայտնելով, որ դիվանագիտական խողովակներով արվել է առաջարկը, ու կարծում է, որ լավագույն լուծումը դա է, որ նաև չտուժեն թանկարժեք համար գնած վարորդները։

Վարորդների իրավունքների պաշտպանի փոխանցմամբ՝ խնդիրն այն է, որ համարանիշ կորցնելուց հետո նորը չեն տալիս, քանի որ օրենքով սահմանափակված է։

«Ժամանակին օրենքը գրել էին, որ շատ ծախեն համարներ: Այսինքն, եթե կորցրեցիր, փողերդ էլ են կորչում: Դրա համար ստիպված վճարում են գողացողներին, որ հետ բերեն համարները: Այսինքն՝ եթե 1.5 մլն դրամ տվել և համարանիշ ես գնել, ու դա գողացան, վերջ, կորչում է, և միակ ելքը նույն համարանիշը հանցագործներից գնելն է: Զույգ համարանիշ վերականգնել չի լինում, դրա համար էլ հանցագործներն առիթավորվում են, գողանում են ու հետո դրա օրինական տիրապետողից պահանջում գումար: Օրինակ, 300.000-անոց համարանիշի համար առնվազն 50.000 դրամ են պահանջում, առավել թանկարժեքի դեպքում՝ շատ գումար: Դրա համար էլ առաջարկել եմ օրենքով վերացնել կորած համարանիշ վերականգնելու արգելքը: Արգելքը վերացնում են, ստացվում է, որ կորած համարի համար անընդհատ կարող ես վճարել 12․000 դրամ, և վերջ, իսկ կորած համարանիշն էլ կլինի հետախուզման մեջ ու հետագայում հնարավոր չի լինի օգտագործել»,- եզրափակեց Արտակ Խաչատրյանը:

Հավելենք, որ վերջերս համացանցում էր հայտնվել համարանիշ գողացողների հրապարակային օֆերտան (մեկ կամ մի քանի կոնկրետ անձանց հասցեագրված առաջարկը, որը որոշակիորեն արտահայտում է առաջարկողի մտադրությունը` պայմանագիրը կնքված համարել առաջարկն ընդունած հասցեատիրոջ հետ): Վարորդների խոսքով՝ սրա պատճառով շատանում են դուբլիկատ համար սարքողները՝ զույգը՝ 33000 դրամ:

«ՃՈ-ն ու ոստիկանությունը նպաստում են դրանց բիզնեսին, օրինակ, ինչո՞ւ չեն տրամադրում նոր զույգ այդ համարը: Կա՞ արդյոք նախադեպ, երբ գողացված զույգ համարանիշն ինչ-որ մեկը տեղադրել է իր մեքենայի վրա և վարել, եթե կա, թող օրինակը տեղադրեն ու ասեն, որ այդ պատճառով չեն տրամադրում: Ես համոզված եմ, որ անգամ մեկը չկա, ուրեմն ի՞նչ է ստացվում. Կա՛մ համագործակցում են գողերի հետ, կա՛մ անկախ իրենց կամքից, սակայն իրենց անտարբերության հետևանքով նպաստում են համարանիշ գողանալուն»,- համացանցում արձագանքել է վարորդ Գարեգին Չանախչյանը:

Օգտատերերից Միհրանն էլ գրել է․ «Հարկավոր է փոխել այն, որ երկու համարանիշի դեպքում չի վերականգնվում, չէ՞ որ կա փաստաթուղթ, որում նշված է մեքենային տրված պետհամարանիշը: Այդ դեպքում ինչպե՞ս է լինում, որ մեկ հատի դեպքում կարողանում են սարքել, տալ, իսկ երկուսի դեպքում՝ չէ՞: Թյուրիմացություն է, սա կարգ չէ»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս