Անդրանիկ Քոչարյանի «դեմորկացիոն» գծերը, կամ՝ երբ կարևորագույն հարցերի պատասխանները չեն հետաքրքրում
Այսօր լրագրողների հետ ճեպազրույցում Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը հայտարարել է, որ ԳՇ նախկին պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի հանձնաժողով չգալը համարում է իրենց հիմնական բացթողումը: Իսկ թե ի՞նչ հարց է մնացել անպատասխան, Քոչարյանը նշել է. «Ի՞նչ է խոսել Մոսկվայում… Պետք է կարողանանք շարունակաբար գտնել այն հարցի պատասխանը, թե 2016թ. պատերազմի և 44-օրյա պատերազմի միջև կապ կա՞, թե՞ չկա»:
Հիշեցնենք, որ ապրիլի 5-ի կեսօրին Մոսկվայում Հայաստանի և Ադրբեջանի ԳՇ պետերի միջև կրակի դադարեցման վերաբերյալ բանավոր պայմանավորվածություն էր ձեռք բերվել:
Գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը «5-րդ» հեռուստաալիքի «Հաղթանակի ապրիլ» փաստավավերագրական ֆիլմի շրջանակում այս առնչությամբ մանրամասներ էր հայտնել.
«Ապրիլի 5-ի առավոտյան ինձ զանգեց իմ կոլեգան Մոսկվայից՝ գեներալ Գերասիմովը: Զանգեց և ասաց՝ միգուցե բավակա՞ն է, եկեք դադարեցնենք: Ես իրեն հարց տվեցի՝ Սադիկո՞վն է խնդրել, որ դու ինձ զանգես, նա ասաց՝ ոչ, ինձ ոչ ոք ոչինչ չի խնդրել: Եվ ես հիմա չեմ կարող ասել, որ հրադադարի նախաձեռնությունը նրանցն է, բայց ես Գերասիմովին չեմ զանգել և չեմ խնդրել հրադադար, Գերասիմովն է զանգել: Գուցե նրանք (Ադրբեջանը,- Մ.Պ.) էլ չեն դիմել Գերասիմովին…, բայց, կարծում եմ, ամեն դեպքում, դիմել են, որովհետև ԱՊՀ երկրների ղեկավարների մասնակցությամբ մի խորհրդակցության ժամանակ, երբ մեր նախագահն ասել է՝ Ադրբեջանի նախագահը հրադադար է խնդրել, Ալիևը մեր նախագահի այդ հայտարարությանը չի արձագանքել, սա արդեն ինչ-որ բանի մասին է խոսում»:
Յուրի Խաչատուրովը, ի դեպ, առաջարկել է, որ հանդիպումը կայանա Թբիլիսիում, բայց Ադրբեջանը մերժել է, ասելով՝ Խաչատուրովն այնտեղից է, ինձ վրա հանկարծ կսկսի բղավել, և մեզ մոտ ոչինչ չի ստացվի: Այսինքն, Ադրբեջանը ցանկացել է, որ արբիտրը Ռուսաստանը լինի:
Եվ պնդումը, թե ԳՇ նախկին պետն ինչ-որ բան է պայմանավորվել բանակցությունների շրջանակում, դա միայն Անդրանիկ Քոչարյանի վառ երևակայությունն է: Բավական է միայն նշել, որ նախկին իշխանությունների օրոք կար հստակ դերաբաժանում, երկրորդ՝ առանց Արցախի իշխանությունների՝ որևէ բան բացառվում էր որոշվեր, իսկ վերը նշված հանդիպմանն էլ Արցախի ներկայացուցիչ չի եղել:
Եվ հետո՝ կարո՞ղ ենք Անդրանիկ Քոչարյանի ակնարկը ընկալել՝ որպես ոչ ուղիղ մեղադրանք՝ ուղղված ՌԴ-ին, թե 2016թ. պատերազմի և 44-օրյա պատերազմի միջև կապ կա, կամ Ապրիլյան պատերազմի շարունակությունն էր Արցախյան վերջին պատերազմը՝ հաշվի առնելով ժամանակին «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը՝ «Ապրիլյան պատերազմը հրահրված էր Ռուսաստանի կողմից: Ասել է թե՝ գուցե ցանկացել է «սկսածն ավարտե՞լ»»,- ասել էր նա:
Ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողովում այդպես էլ չցանկացան ստանալ այս հարցի պատասխանը՝ ինչո՞ւ է Փաշինյանն այդպես կարծում, և ինչպե՞ս պիտի ՀՀ ռազմավարական դաշնակիցը հրահրեր Ապրիլյան պատերազմը: Սա էլ ոչ պակաս կարևոր հարց է, որն անպատասխան մնաց, քանի որ այս դեպքում շատ լուրջ եզրահանգումներ կարելի էր անել, նախապատրաստություն տեսնել: Բայց, չգիտես ինչո՞ւ, Անդրանիկ Քոչարյանին այս նրբությունը բնավ չի հետաքրքրում:
Երկրորդ՝ հասարակությանը, փորձագիտական շրջանակներին ոչ պակաս հետաքրքրում է Ալիև-Փաշինյան «վերելակային» զրույցների բովանդակությունը:
Երրորդ՝ վերջին պատերազմից 2 օր առաջ Նիկոլ Փաշինյանն Արցախի Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանի գլխավորած պատվիրակության հետ հանդիպմանը հայտարարեց, թե Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը նոր կոմպոնենտ է մտցրել քարոզչական արշավի մեջ՝ կոնֆիդենցիալ ինֆորմացիաների բացահայտում, և, որ ինքը խորհուրդ է տալիս ադրբեջանցի գործընկերներին չգնալ այդ ճանապարհով, այլապես, եթե հայկական կողմը սկսի կոնֆիդենցիալ ինֆորմացիաներ տարածել, հնարավոր է՝ դրանից Ադրբեջանի ներքաղաքական վիճակը հուսահատորեն ապակայունանա:
2 օր հետո սկսվեց 44-օրյա պատերազմը, այն ավարտվեց կապիտուլյացիոն փաստաթղթով, Արցախի 75 տոկոսի կորստով, 5000 զոհով, ՀՀ անվտանգությանը սպառնացող նոր մարտահրավերներով, ՀՀ ԶՈՒ-ՊԲ կապի խզմամբ, բանակների կազմաքանդմամբ, և մենք մինչ օրս չգիտենք՝ այդ ինչ կոնֆիդենցիալ տեղեկության էր տիրապետում Նիկոլ Փաշինյանը, որը չօգտագործեց Ադրբեջանի դեմ ո՛չ պատերազմից առաջ, ո՛չ դրա ընթացքում, ո՛չ էլ հետո՝ ապակայունացնելու ադրբեջանական ներքին կյանքը:
Գուցե կոնֆիդենցիալ հակադարձումի՞ց վախեցանք, իսկ գուցե կործանարար որևէ կոնֆիդենցիալ տեղեկություն էլ չկա՞: Սրանք հարցեր են, որոնց պատասխանը չունենք: Իսկ միգուցե Անդրանիկ Քոչարյանն ունի և դրա համա՞ր է լռում: Բայց այս դեպքում էլ հարցեր են առաջանում՝ ինչո՞ւ:
Ի դեպ, Ազգային ժողովի Պաշտպանության և անվտանգության հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հայտարարել էր, թե ԳՇ պետ Արտակ Դավթյանը շատ վատ դերակատարություն է ունեցել 2016թ․ պատերազմում:
Արտակ Դավթյանն էլ, երբ դեռ անպաշտոն էր, 168.am-ի հետ զրույցում կոշտ հակադարձել էր նրան, թե «թերացումների մասին խոսում է մի մարդ, որն Ապրիլյանի 4 օրն ուսումնասիրեց մեկ տարի, և ուսումնասիրությունների ավարտից մի քանի ամիս անց էլ հանձնաժողովի աշխատանքի արդյունքները դեռ հրապարակված չեն»:
Ապրիլյանի թեմայով վերջին զրույցներում, սակայն, Անդրանիկ Քոչարյանը մի տեսակ մոռացության է մատնում Արտակ Դավթյանին, ով այսօր զբաղեցնում է ԳՇ պետի պաշտոնը: Եվ մենք այդպես էլ չհասկացանք՝ ի՞նչ վատ դերակատարում է ունեցել գեներալ Դավթյանը, որի մասին խոսում էր Անդրանիկ Քոչարյանը:
Հայտնի պատճառներով Անդրանիկ Քոչարյանը երբեք չի տալիս նաև Արշակ Կարապետյանի անունը, ում 2016թ. Ապրիլյան քառօրյա պատերազմից անմիջապես հետո Սերժ Սարգսյանը պաշտոնից հեռացրեց, և ում անվան հետ էին կապվում Ապրիլյան պատերազմի ժամանակ հետախուզության կողմից թույլ տրված խոշորագույն բացթողումները։ Ի դեպ, նույն Արշակ Կարապետյանին, որին հեղափոխությունից հետո Նիկոլ Փաշինյանն իր խորհրդականի պաշտոնը տվեց:
Այսինքն, Փաշինյանի իշխանությունը, Անդրանիկ Քոչարյանն առաջին հերթին հարցեր պիտի տար 2016-ին հետախուզության վարչության պետ աշխատած Արշակ Կարապետյանին, որովհետև ըստ մամուլում շրջանառված տարբեր տեղեկությունների՝ նախքան բուն մարտական գործողություններն ադրբեջանական դիվերսիոն խումբը մեկ-երկու օր առաջ մտած է եղել Թալիշի տարածք՝ անտառներում են մնացել, հետո, երբ գործողությունները սկսել են, իրենք թիկունքից մտել են գյուղ: Իհարկե, Կարապետյանին կանչել են Ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողով, բայց, ինչպես նշեցինք, 2018թ.-ին նրան վստահվեց նաև Նիկոլ Փաշինյանի խորհրդականի պաշտոնը, և վերջին պատերազմում նա այդ լիազորություններն էր իրականացնում: Վերջերս էլ իրավունքի ուժով Արշակ Կարապետյանը դարձավ ՊՆ Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ:
Մինչդեռ, առանց մանրամասնությունների և գաղտնիության սկզբունքի խախտմամբ, այդպես էլ չի ասվել՝ 2016-ին հետախուզությո՞ւնն է վատ աշխատել, թե՞ հետախուզության փոխանցած տվյալներին համապատասխան՝ օպերատիվ չենք գործել: Ի՞նչ է պարզել Ապրիլյան հանձնաժողովը, թեպետ Կարապետյանի 2016-ի պաշտոնազրկումն ինչ-ինչ եզրահանգումների տեղիք տալիս է:
«Դեմորկացիոն» գծից՝ Կարմիր գծերի հատում, կամ Հայաստանի Հանրապետությունից՝ «Երկիր-ՀԺ»
Անդրանիկ Քոչարյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը կասկածի տակ է դրել 2016-ին Ապրիլյան պատերազմում հայկական կողմի հաղթելու փաստը և Սերժ Սարգսյանի համապատասխան պնդումը:
«Սերժ Սարգսյանն ասում է՝ ես հաղթել եմ Իլհամ Ալիևին, բայց այդ հաղթանակի դեպքում ադրբեջանական կողմն ունի 1994 թվականի զինադադարի պայմանագրի խախտում, դեմորկացիոն գծի խախտում՝ հօգուտ Ադրբեջանի: Հիմա մենք հաղթե՞լ ենք, թե՞ չէ: Այն դիրքերը, որոնց ուղղությամբ ինքը գործողություններ է օգտագործել, ինքն այդ դիրքերի առավելությունները պահել է՝ 20 դիրք»,- նշել է նա:
Տպավորություն է, թե Արցախյան վերջին պատերազմի ժամանակ Անդրանիկ Քոչարյանը ՀՀ-ում չի եղել, և հետո եկել է ու դեռ չի հասցրել ծանոթանալ ոչ պետական գաղտնիք հանդիսացող տվյալներին: Ուստի, ի գիտություն նրա՝ կարճ տեղեկատվություն-անդրադարձ՝ Ապրիլյան պատերազմում ունեցանք 75 զոհ, 400 հա տարածքի կորուստ, իսկ վերջին պատերազմի ժամանակ մոտ 5000 զոհ ունեցանք, Արցախի 75 տոկոսի կամ 800 000 հա-ի կորուստ, որի մեջ մի քանի տասնյակ դիրքեր են մտնում:
Ընդ որում, Արցախի տարածքներից շատերը հանձնել ենք Ադրբեջանին առանց կրակոցի: Ավելին, կապիտուլյացիոն փաստաթղթից հետո և դրանից դուրս ենք մեր վերահսկողությունից կորցրել Հադրութի Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերը՝ ունենալով ավելի քան 60 գերի, որոնք դեռ հայրենիքում չեն: Սյունիքի մարզից են մեր պատճառով տարածքներ անցել Ադրբեջանին, որքան էլ իշխանությունները դա հերքեն կամ նախկինների վարչատարածքային օրենքով արդարացնեն: Եվ դեռ Ադրբեջանը շարունակում է առաջ գալ, բարելավումներ անել, սահմաններ գծել այնտեղ, որտեղ սիրտն է ուզում՝ առանց խառը հանձնաժողովի միջոցով դելիմիտացիայի և դեմարկացիայի: Զավեշտալի է, որ Ապրիլյան դեպքերի համատեքստում Անդրանիկ Քոչարյանը նաև նախկիններին մեղադրում է վատ կառավարման մեջ, և սա՝ այն դեպքում, երբ Արցախյան վերջին պատերազմի ժամանակ մոբիլիզացիա տեղի չունեցավ, չկար պատերազմական իրավիճակում մոբիլիզացիոն պլան: Այսինքն, չկար կառավարման հստակ համակարգ, որի արդյունքում ստացանք այս իրավիճակը: Եվ բազմաթիվ անձինք, ովքեր ունեին որոշակի կամ կոնկրետ մասնագիտություն, պատրաստվածություն, չընդգրկվեցին մոբիլիզացիայի մեջ:
Կամ անձինք, ովքեր ունեին որոշակի պատրաստվածություն և կարող էին որոշակի, այսպես ասած, պաշտոններ զբաղեցնել, օպերատիվ պլանավորում իրականացնել, նրանց առաջարկվեց մեկնել՝ որպես կամավոր զինվոր: Եթե պատերազմի առաջին օրը, ըստ մոբիլիզացիոն պլանների (որոնք, իհարկե, գաղտնի են և չեն կարող բացահայտվել), ստեղծվեին համապատասխան ուժերը, ձևավորվեին մարտունակ զորամասեր, որոնք կարող էին մտնել մարտի մեջ և կատարել այն խնդիրները, որոնք ի վիճակի չէին կատարել կամավորական խմբերը, ապա պատկերն այլ կլիներ: Երկրորդ՝ եթե ռազմական և ռազմաքաղաքական կարևոր որոշումները չկայացվեին «ոտքի վրա» կամ ՊԲ հրամանատարի առանձին սենյակում՝ առանց իրադրության համակողմանի գնահատման և համապատասխան պայմանների ստեղծման, չէինք ունենա աղետալի հետևանքներ, «մութ» օպերացիաներ, տակտիկական նահանջներ, որոնք ունեցանք:
Այսօր մենք ոչ թե վատ, այլ դասական իմաստով կառավարում չունենք. որովհետև չունենք և չենք ունեցել դասական իմաստով երկրի ղեկավար, պատերազմական իրավիճակում՝ գերագույն հրամանատար, որովհետև իր սխալներով, կոռուպցիոն դեպքերով, թալաններով, բայց բանակ և միջազգային վարկանիշ ունեցած Հայաստանի Հանրապետությունը վերածվել է Միքայել Մինասյանի ասած՝ «Երկիր-ՀԺ»-ի, որտեղ նույն կոռուպցիան է և դեռ ավելին, բայց որտեղ օրինաչափ են բաներ, որոնք կոռումպացված Հայաստանի Հանրապետությունում օրինաչափ չէին:



