««Մարտի 1»-ի գործով նախաքննության փուլում անջատված մաս կա, որը ներառում է ոչ միայն անձանց սպանության վերաբերյալ հատվածները, այլև գործընթացին առնչված բազում այլ դրսևորումներ». Արթուր Դավթյան

Նիկոլ Փաշինյանը ժամանակին հայտարարում էր, որ «Մարտի 1»-ի գործն ամբողջությամբ բացահայտված է, հիմա այդ գործը բացահայտվա՞ծ է։ Այս հարցն այսօր խորհրդարանում լրագրողներն ուղղեցին Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին։

«Դուք համադրությունը սխալ եք անում։ Գլխավոր դատախազն այդ հարցին ունի հետևյալ պատասխանը՝ բացահայտվածության հատվածով գործը գնացել է դատարան, մնացած մասով մենք ունենք անջատված մաս, որը միջդատական վարույթում է։ Քրեադատավարական առումով բացահայտված քրեական գործը միջդատական վարույթում չի մնում։ Ես ձեզ խնդրում եմ՝ վարչապետի խոսքը մեկնաբանելու հարցադրումներ ինձ մի արեք»,- նշեց Ա. Դավթյանը։

Դիտարկմանը, որ իրեն մեղադրում են այդ գործը տապալելու մեջ, Արթուր Դավթյանը նկատեց՝ փնտրում է այդպիսի մի մեղադրողի, ով իր առաջ կկանգնի։

Միաժամանակ նա ընդգծեց, որ Սահմանադրական կարգի տապալման վերաբերյալ  կա Սահմանադրական դատարանի որոշում և դրա արդյունքում  Առաջին ատյանի դատարանի կայացրած դատական ակտ, որը դատախազությունը  վիճարկել է  Վերաքննիչ դատարանում՝ համապատասխան հիմնավորումներով։ Նաև նախաձեռնել են դիմում Սահմանադրական դատարանին։

«Մեր պատկերացրած հեռանկարը հետևյալն է, եթե մեզ հաջողվում է Սահմանադրական դատարանում հասնել մեր դիմումի բավարարմանը, հնարավորություն ենք ստանում այդ գործով ամբաստանյալների արարքները վերավորակելու և ըստ էության գործի քննությունը շարունակելու, ապացույցները հետազոտելու և դրա արդյունքում համապատասխան դատական ակտ ներկայացնելու»,- հավելեց Գլխավոր դատախազը։

Իսկ եթե Սահմանադրական դատարանը չբավարարի Դատախազության դիմումը և գտնի, որ վերաորակավորելու հնարավորություն չի տալու, կստացվի, որ իր վերը նշած  իրավական ճանապարհով չեն կարողանալու գնալ։

«Ես արդեն ասացի, որ «Մարտի 1»-ի գործով նախաքննության փուլում անջատված մաս կա, որն իր մեջ ներառում է ոչ միայն անձանց սպանության վերաբերյալ հատվածները, այլև այդ գործընթացին առնչված բազում այլ դրսևորումներ։ Եթե դրա քննության արդյունքում կպարզվի, այդ թվում՝ այսօր գործում եղած ամբաստանյալների կողմից այլ հանցավոր դրսևորում, ուրեմն՝ միջդատական վարույթի գործով նրանց նկատմամբ կիրականացվի գործընթաց»,- շեշտեց Արթուր Դավթյանը։

Միաժամանակ նա ընդգծեց, որ չեն փորձում նոր հանգամանքներ ի հայտ բերել, քանի որ այդ քրեական գործի նախաքննությունն ընթանում է, և նախաքննության առարկա են բազմաթիվ հանցավոր դրսևորումներ, այդ թվում՝ 10 անձանց սպանությունները։

«Եթե վաղը պարզվի, որ որևէ մեկը այդ 10 անձանցից մեկի սպանությունն է կատարել, պարզ չէ՞, որ այդ անձի նկատմամբ հետապնդում կիրականացվի»,- շեշտեց նա։

Տեսանյութեր

Լրահոս