77 միլիոն դրամ՝ Ռուստամ Բադասյանի երազանքի կառույցը մի քանի ամիս շուտ գործարկելու համար
Կառավարությունը հերթական վերաբաշխումն է կատարել պետական բյուջեում՝ այս անգամ 77 միլիոն 847 հազար դրամ հատկացնելով Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի առաջարկով ստեղծված Հակակոռուպցիոն կոմիտեի և դատարանի շենքային պայմանները նախատեսված ժամկետից մի քանի ամիս շուտ բարելավելու նպատակով. 77 միլիոն դրամը ծախսվում է ժամանակավոր լուծման համար։
Ավելի վաղ Կառավարությունը 8 միլիարդ 203 միլիոն 983 հազար դրամ էր հատկացրել Հակակոռուպցիոն կոմիտեի և դատարանի ստեղծման համար, որից միայն 2 մլրդ 563 մլն դրամը՝ շենքային պայմանների համար։
Հիմա, որպեսզի մի քանի ամիս շուտ կոմիտեն ու դատարանը սկսեն իրենց աշխատանքը, Արդարադատության նախարարությունը չի սպասել և որոշել է 77 միլիոն 847 դրամով նվազեցնել «Հակակոռուպցիոն դատարանի շենքային պայմանների ապահովում» միջոցառման համար հատկացված գումարը և դրանով Երևան քաղաքի Մոսկովյան 1 և Հալաբյան 41 ա շենքերի ընթացիկ նորոգման աշխատանքներ իրականացնել։
Առայժմ այս հասցեում գտնվող «Հակակոռուպցիոն կոմիտեն ու դատարանը կգործեն մի քանի ամիս, մինչև Երևան քաղաքի Աջափնյակ համայնքի Արա Սարգսյան փողոցի 5/1 հասցեում՝ 1757.7 քառ.մետր շենք, 75.6 քառ.մետր օժանդակ շինություն և հողամաս, ինչպես նաև Աջափնյակ վարչական շրջանի «Սպանդարյան» կայարանի երկաթգծին հարակից 15 հեկտար մակերեսով հողատարածքում նոր շենքեր կառուցվեն ու կապիտալ վերանորոգվեն, որոնց համար պետական բյուջեից պատերազմի ավարտից հետո հատկացրել է 2 մլրդ 563 մլն դրամ։
Արդադադատության նախարարության ներկայացրած հիմնավորման մեջ նշված է, թե նախագծում առաջարկվող կարգավորումների հրատապությունը պայմանավորված է 2021 թվականին ստեղծվելիք Հակակոռուպցիոն կոմիտեի և դատարանի գործունեության համար անհրաժեշտ շենքային պայմանների ապահովմամբ: Արդյո՞ք 2021 թվականին հրատապ լուծում պահանջող այլ հարցեր չկային, ո՞րն է շինարարական աշխատանքներ սկսելու անհրաժեշտությունը, այն դեպքում, երբ պատերազմից ու պանդեմիայից հետո երկրի տնտեսության առջև, անկասկած, առավել կարևոր, առաջնահերթ լուծում պահանջող հարցեր կան կուտակված: Իսկ գուցե այս շտապողականությունը նաև ա՞յլ հանգամանքով է պայմանավորված:
Հիշեցնենք, որ 168.am-ն ավելի վաղ տեղեկություն էր հրապարակել, որ Հակակոռուպցիոն կոմիտեի ստեղծման ջատագով արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը ցանկանում է դառնալ Կոմիտեի նախագահ, քանի որ Նիկոլ Փաշինյանը հավաստիացրել է, որ հաղթելու է առաջիկա ընտրություններում, իսկ Բադասյանին այդ պարագայում խոստացվել է Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի պաշտոնը: