Սլովակիայի Ազգային խորհուրդը բանաձև է ընդունել Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ
Սլովակիայի խորհրդարանի 25-րդ լիագումար նիստի ընթացքում Ազգային խորհրդի կողմից ապրիլի 1-ին 120 կողմ ձայնով միաձայն ընդունվել է Սլովակիայի Հանրապետության Ազգային խորհրդի SMER–SD/Սոցիալական դեմոկրատներ կուսակցության պատգամավոր, Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Մարիան Քերիի (Marián Kéry) կողմից ներկայացրած «Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ»բանաձևը։
Բանաձևում խստորեն դատապարտվում են խաղաղ բնակիչների սպանությունները, քաղաքացիական ենթակառուցվածքների, մշակութային և կրոնական ժառանգության կոթողների և հուշարձանների ոչնչացումը, մտահոգություն է հայտնվում հակամարտության ընթացքում երրորդ երկրների ռազմական ներգրավվածության և դրանց ապակայունացնող դերի առնչությամբ, շեշտվում է, որ տևական խաղաղության հասնելու և Լեռնային Ղարաբաղի ապագա իրավական կարգավիճակի որոշման գործընթացը պետք է իրականացվի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո, խորը մտահոգություն է հայտնվում, ռազմագերիների և բռնի կերպով պահվող այլ անձանց, ներառյալ՝ քաղաքացիական անձանց, Միջազգային մարդասիրական իրավունքի, մասնավորապես՝ 1949թ. Ժնևի կոնվենցիայի (III) դրույթների համաձայն, ազատ չարձակման առնչությամբ։
Բանաձևով Սլովակիայի Հանրապետության կառավարությանը, Եվրամիությանը և միջազգային կազմակերպություններին կոչ է արվում ապահովել պատերազմական հանցագործությունների, այդ թվում՝ կասետային զինամթերքի օգտագործման վերաբերյալ բոլոր մեղադրանքների պատշաճ քննությունը, բոլոր ռազմագերիների և խաղաղ բնակիչների անհապաղ ազատ արձակումը, միջազգային մարդասիրական կազմակերպությունների մուտքը Լեռնային Ղարաբաղ՝ առանց սահմանափակումների: