Հունգարացի լրագրողներն ահազանգում են. կառավարությունը թաքցնում է երկրում առողջապահական ճգնաժամը
Հունգարիայի լրագրողները մեղադրել են կառավարությանը երկրում կորոնավիրուսի համավարակի մասին ճշմարտությունը թաքցնելու մեջ: Այս մասին հայտնում է Reuters-ը:
Բաց նամակում լրագրողները հայտնել են, որ իշխանություններն արգելում են իրենց մուտքը հիվանդանոցներ ու թույլ չեն տալիս խոսել բժիշկների հետ՝ անհնար դարձնելով հասարակության լայն շերտերին երկրում առողջապահական ճգնաժամի մասին իրազեկելը:
Հունգարիայում, որտեղ 10 մլն մարդ է մահացել, մարտի 30-ին մահացել է 302 մարդ, որը համավարակի սկսվելուց հետո ամենաբարձր ցուցանիշն է երկրում:
Reuters-ի հետ զրույցում հունգարացի բժիշկները, ովքեր ցանկացել են անանուն մնալ, հայտնել են, որ հիվանդանոցները գերծանրաբեռնված են աշխատում:
Մինչդեռ Հունգարիայի կառավարությունը հերքում է լուրերն այն մասին, որ երկրում կա առողջապահական ճգնաժամ, իսկ պետական լրատվամիջոցները հաղորդում են, թե հիվանդանոցներում իրավիճակը վերահսկելի է:
Եվրախորհուրդը մարտի 30-ին հայտնել է, որ Հունգարիայի մեդիա ոլորտի ներկայացուցիչները համավարակի լուսաբանման աշխատանքներում առերեսվում են մեծաթիվ խնդիրների հետ: Սակայն Հունգարիայի կառավարությունից հայտարարել են, թե նման հայտարարությունները «հիմնված են ենթադրությունների վրա»:
Ակտիվիստները և միջազգային կազմակերպություններն արդեն քանի տարի է մեղադրում են վարչապետ Վիկտոր Օրբանի կառավարությանը 2010 թվականին իշխանության գալուց հետո ազատ մամուլը ճնշելու համար: