Քարոզարշավից առաջ իշխանությունները ֆիլտրում են ինֆորմացիոն դաշտը
Ինչո՞ւ է ներկայիս իշխանակազմն այդքան սևեռվել վիրավորանքի ու զրպարտության դեմ պայքար մղելու վրա։ Հարցը գուցե հռետորական հնչեց, բայց ավելի խորը դիտարկման արդյունքում պարզ է դառնում, որ այս հարցի հնարավոր բոլոր պատասխանների ետևում մի առանձին վտանգ կա, կամ թակարդ է լարված։
Այսպես, օրեր առաջ՝ մարտի 24-ին, Ազգային ժողովն ամբողջությամբ ընդունեց Ալեն Սիմոնյանի կողմից հեղինակած օրենքի նախագիծը, որով բարձրացվեց զրպարտության և վիրավորանքի համար նախատեսված դրամային փոխհատուցումների չափերը։ Արդյունքում՝ զրպարտության դեպքում փոխհատուցման վերին շեմ սահմանվեց 6 միլիոն ՀՀ դրամը (գործող 2 միլիոնի փոխարեն), իսկ վիրավորանքի դեպքում՝ 3 միլիոն ՀՀ դրամ (գործող 1 միլիոնի փոխարեն)։ Սա հերիք չէր, այժմ էլ շրջանառության մեջ է դրվել Ալեն Սիմոնյանի կողմից հեղինակած նախագծերի մեկ այլ փաթեթ, որով առաջարկվում է քրեական պատասխանատվություն նախատեսել համացանցում դիտավորությամբ հանրային հետաքրքրություն ներկայացնող հարցի վերաբերյալ կեղծանուն աղբյուրի միջոցով ակնհայտ կեղծ տեղեկատվություն հրապարակելու և համացանցում կեղծանուն աղբյուրի միջոցով անձին վիրավորելու կամ զրպարտելու համար։
Ակնհայտ է, որ այս երկու նախագծերը Նիկոլ Փաշինյանի և իշխող քաղաքական ուժի՝ «Իմ քայլի» համար հերթական գործիքն են դառնալու ինֆորմացիոն հոսքերն ըստ իրենց հայեցողության տնօրինելու ու սահմանափակելու համար։
Զավեշտալին այն է, որ Հայաստանում զրպարտությունն ու վիրավորանքը 2010 թվականին ապաքրեականացվել են, քանի որ այդ ժամանակ կառավարությունը հաշվի էր առել ԵԽԽՎ-ի կոչն անդամ երկրներին, ինչը, սակայն, ներկայիս իշխող քաղաքական ուժին չի հուզում, ընդհակառակը, Ալեն Սիմոնյանն ԱԺ-ում ունեցած իր ելույթում չի խորշում հակադարձել իր նախագիծը քննադատող Արդարադատության նախարարի տեղակալին՝ ասելով, որ «եկել է թավիշին վերջ տալու ժամանակը»։
Ու ոչինչ, որ թավիշին վերջ տալու մոլուցքով տառապելու հետևանքով սահմանափակվում է խոսքի ազատության իրավունքը, կաշկանդվում է, օրինակ, լրագրողների մասնագիտական գործունեությունը, քանի որ սա անուղղակի գրաքննություն է, իսկ կիրառվող զրպարտության գործերով վնասի փոխհատուցման անտրամաբանական բարձր շեմն ուղղակիորեն կարող է ազդել այս կամ այն զանգվածային լրատվական միջոցի կենսունակության վրա, քանի որ փոխհատուցում նշանակելիս անհրաժեշտ է հաշվի առնել ԶԼՄ-ների ֆինանսական վիճակը, որպեսզի պատասխանատվությունը չհանգեցնի նրանց սնանկացմանը։ Հաշվի առնելով «Իմ քայլը» քաղաքական թիմի անդամներից շատերի անթաքույց վերաբերմունքը որոշ լրատվամիջոցների ու նրանց անհարգալից վերաբերմունքն այդ ԶԼՄ-ների լրագրողների նկատմամբ՝ կասկածի պարարտ հող է ստեղծվում մտածելու, որ շատ անգամներ նրանք պարզապես կհրահրեն լրագրողին՝ հետագայում իրենց ցանկալի հաշվեհարդարը տեսնելու նպատակով, օրինակ, հասցնելով տվյալ ԶԼՄ-ն սնանկացման։
Լրագրողական համայնքը լուռ չմնաց, արձագանքեց՝ փոփոխությունները որակելով վտանգավոր, քանի որ հաշվի առնելով իշխանության ներկայացուցիչների, քաղաքական գործիչների և այլ հայտնի մարդկանց հակվածությունը՝ նույնիսկ օբյեկտիվ քննադատությունն ընկալել որպես վիրավորանք ու զրպարտություն, վերջիններս անմիջապես դիմելու են դատարան։
Լրագրողական համայնքի կողմից տարածված հայտարարությունից կարելի է ենթադրել, որ օրենսդիրը հաստատել է մեդիա ոլորտին վերաբերող մի ռեպրեսիվ նախաձեռնություն՝ բացառապես հաշվի չառնելով լրագրողական և փորձագիտական հանրության քննադատությունը, փոխարենը՝ հիմնվելով նեղ քաղաքական շահերի վրա։
Լուռ չմնաց նաև «Freedom House» միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը։ Նրանց կողմից տարածված հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. «Ցավալի է, որ Հայաստանի կառավարությունն աջակցում է տուգանքներին, որոնք կսահմանափակեն խոսքի ազատությունը և սպառնալիքի տակ կդնեն երկրում լրատվամիջոցների ֆինանսական կենսունակությունը: Քաղաքացիական հասարակությունն արդարորեն քննադատել է օրենքն այն հիմքով, որ այն կարելի է չարաշահել՝ քաղաքական գործիչներին և այլ ազդեցիկ հասարակական գործիչներին քննադատելու համար չափազանց մեծ տուգանքներ գանձելով և անկախ լրատվամիջոցների նկատմամբ քաղաքական ճնշում գործադրելով: Կոչ ենք անում Հայաստանի իշխանություններին լրջորեն հաշվի առնել քաղաքացիական հասարակության և լրատվամիջոցների մտահոգությունները և չեղարկել օրենքը»։
Մինչդեռ Ալեն Սիմոնյանը փոխհատուցման շեմի վերանայումը, օրինակ, բացատրում է նրանով, որ 2010թ.-ից ի վեր 10 տարիների ընթացքում տնտեսական աճ է եղել։ Այսինքն՝ ոչինչ, որ հիմա երկիրը հետպատերազմական տնտեսական անկման փուլում է, իսկ կորոնավիրուսի տարածման հերթական ալիքը նոր թափ է հավաքում՝ դրանից բխող բոլոր հետևանքներով. կարևորը պայքարելն է օրեցօր «Իմ քայլ»-ի ու Նիկոլ Փաշինյանի ապօրինությունների ու դավաճանական քաղաքականության մասին խոսողների դեմ՝ նրանց «բերանները» դրամական փոխհատուցման հնարավոր սցենարով փակելու մեթոդով, իսկ իրավացի խոսքը «զրպարտության» և «վիրավորանքի» պիտակի տակ քողարկելով։
Ինչպես իրենք էին սիրում ասել՝ «ռեժիմը խուճապի» մեջ է, և դա է ապացուցում նրանց մյուս մոլուցքը՝ պայքարել նաև, այսպես կոչված, fake օգտատերերի դեմ։ Այսինքն, նրանք պատրաստվում են պատասխանատվության ենթարկել մեկին, ով համացանցում, ներկայանալով կեղծանունով կամ, օրինակ, ինչ-որ Telegram ալիքով, տարածում է ակնհայտ կեղծ տեղեկատվություն։ Հարցերն այս նախագծին բազմազան են։ Սկսենք նրանից, թե ինչպես են պարզելու, թե ով է թաքնված այդ կեղծանվան հետևում, եթե նման էջեր կամ ալիքներ գրանցելուց նույնականացման որևէ տվյալ չի պահանջվում։ Եվ այս պահին բոլորս միանգամից հիշեցինք վերջերս աղմուկ հանած Gagik Soghomonyan «fake»-ի իրական օգտատիրոջը գտնելու ու ձերբակալելու չստացված փորձը։ Բացի այդ, ո՞վ և ի՞նչ չափորոշիչներով է գնահատելու հրապարակված տեղեկատվության կեղծ լինելը։ Պարզ է, չէ՞, որ քննչական մարմինների ուշադրությունը սևեռելու են իրենց տհաճություն պատճառող հրապարակումների վրա և ուղղորդելու են քրեական գործի հարուցմանը:
Ինչո՞ւ հենց հիմա։ Որովհետև ամեն օր ինֆորմացիոն դաշտ արտահոսող հերթական սենսացիոն նորությունները ներկայիս իշխանությունների մասին դառնում են անկառավարելի՝ փաստաթղթեր, նամակագրություններ, ձայնային հաղորդագրություններ։ Եվ հատկապես հիմա, երբ ամիսներ շարունակ օդում կախված է Նիկոլ Փաշինյանի հրաժարականի հարցը, իսկ քաղաքական օրակարգ է բերվել արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը, «Իմ քայլ»-ականներին առավել քան երբևէ պետք է մի գործիք, որով կկարողանան զտել ինֆորմացիոն դաշտը, զսպել ընդդիմադիրների խոսքը, իսկ ընտրական քարոզարշավի ժամանակ բացերը լցնեն իրենց շահեկան տեղեկատվությամբ։ Չէ՞ որ բոլորն են գիտակցում, որ նշյալ նախագծերը գործնականում կիրառվելու են միայն ի օգուտ դրանց հեղինակների։